Այսօրվա ասուլիսում «Առավոտ»-ը հարց ուղղեց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանին՝ իշխանությունները հայ հասարակությանը վախեցնում են, որ եթե իրենց չընտրեն, պատերազմ կլինի, ինչպե՞ս պետք է կողմնորոշվի հասարակ քաղաքացին։
«Ընդամենը շատ պարզ ու հստակ՝ երեք պատերազմ բերած, երեք պարտություն, երկրորդ հայկական ցեղասպանություն բերած իշխանությունները կապ չունեն խաղաղության հետ։ Իշխանություն, որը սեփական հանրությունից թաքցնում է անվտանգության խնդիրները, ադրբեջանական ներխուժումները, ամրացումները ՀՀ տարածքում, այդ իշխանությունը խաղաղության հետ կապ չունի։ Սա պատերազմի իշխանություն է, նեգատիվ ինքնության իշխանություն է, մեր երկիրը պատերազմի տանող ամենակարճ ճանապարհն է։ Դրա համար էլ նրանք կախված են ադրբեջանական կամքից, բարեհաճությունից, գովեստից»,- ասաց Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արման Թաթոյանն անդրադարձավ նաեւ ՔՊ-ական պատգամավորների պահվածքին եւ իր հասցեին հնչեցրած հայտարարություններին․ «Ինչո՞ւ են ՔՊ-ական պատգամավորներն իրենց այսպես սանձարձակ պահում, որովհետեւ վախեցած են, նախ նրանք շատ լավ գիտեն իմ խոսքի ուժը, իմ կամքի ուժը։ Ինչո՞ւ են իրենց այսպես պահում՝ ոչ միայն ցուցադրում են իրենց վախերը եւ իրենց վերաբերյալ կարծրատիպերն ավելի են ամրացնում, նաեւ դրանով փորձում են այնպես անել, որ թույլ չտան, որ լսվի, որ իրենց համար մեկ աջակիցն Ադրբեջանն է։ Ադրբեջանական պետության թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ՔՊ-ականները նրա օգնականները։ Ամեն օր երանի են տալիս, որ մի օր Ադրբեջանն իրենց գովի, մի լավ բան ասի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ըստ Թաթոյանի՝ այս իշխանությունների՝ անվտանգության բնագավառի ռազմավարությունները բոլորը մնացել են թղթի վրա։ Եվ նրանք ոչ թե անվտանգության ռազմավարություն մշակող են, այլ պարտության ու պատերազմ բերելու ռազմավարություն իրականացնող են։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































