Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Երբ Սեյրան Օհանյանի հետ 2021-ին պատգամավոր ընտրվեցինք, մեղադրանք առաջադրեցին մի հոդվածով, որով մեղադրանք չկար. ՀՀ նախկին փոխվարչապետ

Մարտ 04,2026 15:43 Share

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում Հակակոռուպցիոն դատարանն այսօր դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ շարունակեց գործով մեղադրյալներից ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանի միջնորդության քննարկումը:

Հիշեցնենք, որ Օհանյանի պաշտպանը միջնորդել էր քրեական հետապնդումը դադարեցնել Օհանյանի նկատմամբ:

-Մենք ուզո՞ւմ ենք օրենքով ղեկավարվել, թե՞ ոչ: Այս միջնորդության վերաբերյալ որոշումը կայացնելիս այդ հարցին պետք է պատասխանեք: Կան արդեն իսկ ԱԺ քննարկումներ, որոնց մասին խոսվել է: Եղել է դեպք, երբ անձի՝ մինչեւ պատգամավորի կարգավիճակ ունենալը, նրա նկատմամբ եղել է քրեական հետապնդում հարուցված, ինչից հետո ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ, միեւնույն փաստերով մեղադրանքի փոփոխության դեպքում մտել են ԱԺ ու անձեռնմխելիությունից զրկելու համապատասխան գործընթաց է եղել: Ինչու է այն դեպքում դա տեղի ունեցել, այստեղ չէ: Կա կոնկրետ խտրական վերաբերմունք կամ միգուցե մի դեպքում ցանկացել են ղեկավարվել օրենքով, մյուս դեպքում չեն ցանկացել,- իր դիրքորոշումը հայտնեց այս գործով անցնող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Պաշտպանին շարունակեց Արմեն Գեւորգյանը (լուսանկարում).

-Մենք անընդհատ շեշտադրում ենք անում մեր ներքին օրենսդրության վրա, բայց պետք է հաշվի նստենք ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: Հիմա ասել, որ մենք ունենք ներքին խնդիր եւ այլն, դա Սահմանադրության օգտին չի, չի առնչվում, որովհետեւ եթե ՀՀ-ն ստանձնել է միջազգային պարտավորություններ, դրանք վերադաս կարգավիճակ ունեն մեր օրենսդրությանը:

Այս դատավարության շրջանակներում ունեցել ենք շատ տարօրինակ իրավիճակ, երբ միջնորդել ենք դատարանին ստանձնած պարտավորությունների շրջանակում ճանաչել իրեն իմ անձեռնմխելիության մասով համապատասխան լիազորված մարմին, դատարանը որոշում է կայացրել, որ ՀՀ օրենսդրությամբ նման պարտավորություններ չունի: Անցած տարի հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձեւ, որ որեւէ իրավական մարմին կամ դատավոր չունի հայեցողական իրավունք որոշի՝ մարմին չէ:

Կամ որ ասում եք, թե մեր մասով չկա արդարացման որոշում, իսկ ինչից պետք է արդարացված լինեին էս մարդիկ: Հլը իմը մի կողմ թողնենք, եւս երկու այլ հոդվածներով մեղադրանք կա: Երբ որ մենք՝ Սեյրան Օհանյանի հետ ընտրվել ենք պատգամավոր 2021-ին, այդ հոդվածով, որով մեզ մեղադրանք էին առաջադրում, մեղադրանքը գոյություն չի ունեցել: Այսինքն՝ մենք մեղադրանք չենք ունեցել:

Հիմա մենք ի՞նչն ենք քննարկում, ինչի՞ց պետք է մեզ արդարացնեին հետագայում,- իր խոսքը եզրափակեց Գեւորգյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031