Եվրոպական երեք երկրների ղեկավարներ Իրանին կոչ են արել դադարեցնել հարվածները Մերձավոր Արևելքի երկրների դեմ։ Համատեղ հայտարարությունում նրանք Իրանի Իսլամական Հանրապետությանը սպառնացել են «համաչափ պաշտպանական գործողություններով», հայտնում է РБК-ն։
Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները սպառնացել են Իրանին ռազմական միջոցներով, եթե նա շարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում իրենց դաշնակիցներին։ Այդ մասին ասվում է պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ցնցված են Իրանի «ոչ ընտրովի և անհամաչափ հրթիռային հարձակումներից» Մերձավոր Արևելքի երկրների դեմ, նշվում է հայտարարությունում։ Տեքստում ընդգծվում է, որ հարվածներ են հասցվել նաև այն երկրներին, որոնք չեն մասնակցել Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությանը։
«Իրանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս անխոհեմ հարձակումները։ Մենք քայլեր կձեռնարկենք մեր և տարածաշրջանում մեր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով համաչափ պաշտպանական գործողություններ՝ Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման կարողությունները ոչնչացնելու նպատակով», — նշվում է հայտարարությունում։
Կարդացեք նաև
Տեքստում նաև նշվում է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան այս հարցի շուրջ համաձայնեցրել են դիրքորոշումը ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի դաշնակիցների հետ։
Ավելի վաղ Der Spiegel-ը հայտնել էր, որ Իրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Իրաքում և Հորդանանում տեղակայված ռազմաբազաներին, որտեղ, մասնավորապես, գտնվել են նաև գերմանացի զինվորականներ։ Պարբերականի տվյալներով՝ օդային բոլոր թիրախները խոցվել են։
Իրանական հակագրոհները զանգվածային են. Իսրայելի ուղղությամբ հրթիռներից բացի՝ Իրանը հրթիռներ է արձակել նաև Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների վրա։ Այս երկրներում տեղակայված են ԱՄՆ ռազմական բազաներ։
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով


















































