Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Երևանի օպերային թատրոնի երգչախմբի նախկին խմբավարը 11 տարի անց կրկին թատրոնում է՝ այս անգամ որպես լեզվի մարզիչ

Մարտ 04,2026 16:56 Share

Օպերային թատրոնների երգչախմբերում, հատկապես երբ մեծակտավ ստեղծագործությունները՝ օպերաները, բեմադրվում են բնագրերով՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն, մեծ դերակատարում ունի լեզվի մարզիչը, որն աշխատում է երգչախմբի արտիստների և մեներգիչների հետ՝ տվյալ օտար լեզվով գործը տիրապետելու, հնարավորինս ճիշտ արտաբերելու, բնականաբար՝ իմաստը հասկանալու համար։

Aravot.am-ը զրուցեց Զոյա Թուխմանովայի հետ, որն այս օրերին Երևանի օպերային թատրոնում է և ներգրավված է հայ-իտալական համատեղ նախագծի՝ Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի բեմադրական աշխատանքներին։ Իտալիայից ժամանած այս երաժիշտը ճանաչված անուն է մեր արվեստագետների շրջանում․ նա շուրջ 3 տարի՝ 2013-ից, հանդիսացել է մեր օպերային թատրոնի խմբավարներից, իսկ հիմա հրավիրված է որպես իտալերեն լեզվի մարզիչ։

Քանի որ Թուխմանովայի հետ մեր առաջին հանդիպումն էր, նրան խնդրեցինք ներկայացնել իր ստեղծագործական ուղին՝ ամենասկզբից մինչ օրս։ Պարզեցինք, որ ծնունդով Մոսկվայից մեր զրուցակիցը նախ ուսանել է Վենետիկի «Բենեդետտո Մարչելլո» կոնսերվատորիայում, ապա՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։

«2000-ականների սկզբներին, Մոսկվայում սովորելու տարիներին, մասնակցեցի «Նովայա Օպերա» թատրոնում հայտարարված խմբավարների մրցույթին, հաղթեցի և ընդունվեցի աշխատանքի։ Հետո հրավիրվեցի Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոն, միառժամանակ անց՝ Սևիլիայի «Մաեստրանզա» թատրոն (Իսպանիա), իսկ հետո արդեն՝ Երևանի թատրոն», – շրջանցելով հարցը, թե ինչո՞ւ երևանյան գործունեությունը կարճ տևեց՝ երաժիշտը պատասխանեց. «Վերադարձա Իտալիա։ Ես սիրահարված եմ Վենետիկին ու իտալական մշակույթին»։

Հավելեց, թե 2018 թ․ արտիստիկ տնօրեն Լիվիա Պանչինոյի հետ Վենետիկում հիմնադրել են «Scuola Grande di San Rocco»-ի երգչախումբը, տարիներ անց նաև՝ մանկականը։ Սահուն անցում կատարեց վերջինիս գործունեությանը՝ հավաստիացնելով, որ արդեն այսօր կոլեկտիվը ճանաչված է և պահանջված։ Ելույթներով հանդես են եկել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Չեխիայում և այլուր։

Հետո հատուկ շեշտեց․ «Հաճախ մեր համերգները տեղի են ունենում Սուրբ Ղազար կղզու հայկական եկեղեցում, և հաճախ հնչեցնում ենք «Պատարագից» մինչև հայկական հոգևոր երաժշտություն»։

Մեր զրուցակիցը հիշեց Երևանի օպերային թատրոնում իր առաջին աշխատանքը՝ Վերդիի «Ռեքվիեմը», ինչին հաջորդել են Մոցարտի «Կախարդական սրինգը», Ռախմանինովի «Ալեկոն», Բիզեի «Կարմենը» և այլ օպերաներ։

Ինչ վերաբերում է իր՝ որպես մարզիչի գործունեությանը, Թուխմանովան նախ նշեց, թե տիրապետում է 11 լեզվի և այդ առիթով հրավիրվում է այլ թատրոններ։ «Մարզիչը ստուգում է, թե երգիչը ինչ մակարդակով է տիրապետում ստեղծագործության տեքստի օտար լեզվով բառացի թարգմանությանը, ինչպես նաև տվյալ գործի վերարտադրվող տեքստի հնչյունական նորմերի ճշտությանը։ Պարապելիս ուշադրությունն անհրաժեշտ է կենտրոնացնել պարտիաների խնդրահարույց հատվածների վրա՝ ռիթմիկ, ինտոնացիոն և այլն»,– ասաց նա։

Հարցին, թե կոնկրետ իտալացի հանդիսատեսը ինչքանո՞վ է ծանոթ Երևանի օպերային թատրոնին, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Նրանք բարձր կարծիքի են հայկական ձայների, հայ երգիչների մասին։ Գոնե ինձ հետ զրույցներում հիշատակում են Գևորգ Հակոբյանի, Դավիթ Բաբայանցի, Հասմիկ Թորոսյանի, Գուրգեն Բավեյանի անունները։ Վերջին տարիներին էլ սկսել են հաճախ խոսել Երևանի օպերային թատրոնի հարուստ խաղացանկի մասին, ինչի ականատեսը եղա այս օրերին։ Նշում եմ, որ այդ ամենը իրականություն է դարձել մաեստրո Կարեն Դուրգարյանի շնորհիվ»։

Մենք էլ հավելենք, որ հարցազրույցի ողջ ընթացքում Զոյա Թուխմանովան հուզված էր։ Երբ հարցրինք պատճառը, նա ընդամենը ասաց․ «Պատկերացնո՞ւմ եք, երգչախումբն ինձ դիմավորեց ծափողջյուններով»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Զոյա Թուխմանովան իր «Scuola Grande di San Rocco» և մանկական երգչախմբերի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031