Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Մարդուն ազատությունից զրկելը որոշ կառույցների համար դարձել է ուրախություն, երջանկություն»․ Վարդան Ղուկասյանի կալանքը երկու ամսով երկարացվեց

Մարտ 04,2026 17:04 Share

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կոռուպցիոն գործով դատավարությունը, քննվեց նրա խափանման միջոցի հարցը։

Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը որպես խափանման միջոցի փոփոխության անհրաժեշտություն՝ շեշտադրեց Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը՝ նշելով, որ նա քրեակատարողական հիմնարկ է ընդունվել շաքարային թեթև աստիճանի դիաբետով, սակայն ընթացքում այն խորացել է, դարձել է ծանր աստիճանի, ինչը նշանակում է, որ քրեակատարողական հիմնարկում պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել։ Ավելին, ըստ փաստաբանի, Վարդան Ղուկասյանի համար շտապբուժօգնություն էր եկել, որը նրան հիվանդանոց չէր տեղափոխել, մինչդեռ փաստաթղթերում նշված է եղել, թե իբրև Վարդան Ղուկասյանն է հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց։ «Փորձագիտական մակարդակով ֆիքսվել է, թե ինչ հիվանդություններ ունի Վարդան Ղուկասյանը և իմ կարծիքով՝ պարտադիր չէ բժիշկ լինել հասկանալու համար, որ դրանք լուրջ հիվանդություններ են»,-ասաց փաստաբանը։ Նա նաև ասաց, որ Վարդան Ղուկասյանը 65 տարեկան է, իսկ այն լուրջ տարիք է, որը համակցված է հիվանդություններով։ Ըստ Արամայիս Հայրապետյանի՝ կալանքը փոխելը պիտի գնահատել կյանքի ու առողջության տիրույթում։ Փաստաբանը միջնորդեց դատարանին վերագնահատել իր դիրքորոշումը։ Ըստ Արամայիս Հայրապետյանի, եթե դատարանին անհանգստացնողը Վարդան Ղուկասյանի ազատության մեջ գտվելն է, ապա կա կալանքին փոխարինող տնային կալանքը՝ իր բոլոր սահմանափակումներով։ Ըստ Արամայիս Հայրապետյանի, եթե նախկինում իրենք առաջարկում էին 5 միլիոն դրամ գրավ՝ համակցված տնային կալանքով, այժմ պատրաստ են վճարել 20 միլիոն դրամ։ Եթե դատարանը գտնի, որ 20 միլիոնից ավելի է անհրաժեշտ և այդ թիվը լինի ողջամիտ, ապա Վարդան Ղուկասյանը պատրաստ է վճարել այն։

Դատարանը որոշեց երկու ամսով երկարացնել ընտրված խափանման միջոցը, այսինքն՝ կալանքը։ Դատավորը նշեց, որ թեև հաշվի է առնում Վարդան Ղուկասյանի տարիքը, անցած ուղին, բայց և այնպես այս գործով անցնում են մեկ տասնյակից ավելի անձինք, հետևաբար և այլ խափանման միջոցի դեպքում կա վտանգ նրանց վրա ներազդելու։

 

Հիշեցնենք, որ այս գործով անցնում է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, որի խափանման միջոցը, այն է՝ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Նա, ինչպես նաև Վարդան Ղուկասյանը մեղադրվում են գործարար Սևակ Գոմցյանից նրա ինքնակամ շինությունը օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք պահանջելու մեջ։

Դատախազը մեկ անգամ ևս ընթերցեց մեղադրանքը, Վարդան Ղուկասյանը ձայն խնդրելով, ասաց՝ տեսնում է գործը շատ լավ կարում են, սակայն, ըստ նրա, «մարդուն ազատությունից զրկելը որոշ կառույցների համար դարձել է երջանկություն, ուրախություն»։

Դատական նիստն ամբողջությամբ

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031