Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ ընթանում է իր նկատմամբ հարուցված ենթադրյալ «կոռուպցիայի գործով» դատաքննությունը, հայտարարեց, որ գործը կարվում է և որ որոշ կառույցների համար երջանկություն, ուրախություն է մարդուն ազատությունից զրկելը։
Նա անդրադարձ կատարեց նաև գործի մանրամասներին։
Հիշեցնենք, որ այս գործով անցնում է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը և գործարար Սևակ Գոմցյանը, որի ինքնակամ շինությունն օրինականացնելու համար, ըստ քրեական վարույթի, քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը համագործակցելով՝ 4 միլիոն դրամ են պահանջել։
Վարդան Ղուկասյանը, սակայն հավաստիացրեց, որ չի ճանաչում Սևակ Գոմցյանին, երեսը տեսած չկա։ «Ոչ տեսել եմ էդ Սևակ Գոմցյանի երեսը, ոչ ճանաչում եմ, ոչ ինքը ինձ տեսել է։
Կարդացեք նաև
Ուրեմն էդ Սևակ Գոմցյանի եղբորը մոտավորապես մի հեկտար հող եմ տվել, կարի գործարան է ստեղծել։ Հլը մի հատ դրան կանչեք, հարցրեք՝ մի հատ «պեպսի կոլա» պատիվ տվե՞լ է, թե՞ ոչ։
Էդ տարածքը տվել եմ պարոն Արամ Խաչատուրյանին, այդտեղից հանել եմ մոտ 20 հատ տնակներ և մարդկանց բնակարան եմ տվել։ Ինքը վաճառել է էս տղային։ Էդ ժամանակ Արամ Խաչատուրյանը, որը «Գոհար» երգչախումբը ստեղծողն է, ասում էր՝ Երևանում հող վերցնեի, 4-5 միլիոն փող կառնեին ձեռքիցս։
Մի հատ կանչեք Արամ Խաչատուրյանին, անունովս երդում է ուտում։
Էդ շենքը, որ կառուցել է էդ Սևակ Գոմցյանը, հո էդ մարդը հանցագործություն չի՞ արել , ինչի՞ եք ընկել իր հետևից․ մարդը եկել, քաղաքում ներդրում է արել։ Յուրաքանչյուր քաղաքապետի նպատակն այն է, որ քաղաքը կառուցվի, մանավանդ երկրաշարժից հետո, ինչ-որ հիմա էդ քաղաքում կա, իմ ստորագրությունն է, իմ հատկացրածներն են։
Մի բան էլ էսօրվա կառավարությունը և նախկին կառավարությունն էնպես էին անում, որ մանր ու միջին բիզնեսը Հայաստանում չծաղկի, ես բարձրաձայն ասել եմ մշտական, էնպիսի որոշումներ են կայացնում։ Քաղաքապետի հատկացումը պտտվում է գերատեսչական նախարարություններ և հետ է գալիս 2, 4 տարի հետո, որ մարդիկ երկրում շենք-շինություն չկառուցեն և փոքր ու միջին բիզնեսը չխթանեն։
Եվ 90 տոկոսը քաղաքապետերն ու գյուղապետերը Հայաստանի Հանրապետությունում դատվում են։
Այ, սա է խոչընդոտը։
Ինչ մնում է Գասպարյան Հենրիկն, Գասպարյան Հենրիկը 13 տարի ինձ հետ աշխատել է, իմ աշխատաոճը տեսնելով՝ չի կարող բերանը բացի ու բառ ասի։
Ինչ մնում է ձայնագրության պահով, դրա մասին հիմա չեմ ուզում ասել, թե ինչ է եղել խոսակցությունը, ոնց են կտրել-սարքել, այդ ամենը բերել , ներկայացրել»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Նա ասաց, որ այսօր արհեստական բանականությամբ կարելի է ինչ-որ բաներ ավելացնել ու քրեական գործ հարուցել, չնայած, ըստ Վարդան Ղուկասյանի՝ Գասպարյան Հենրիկը ու մյուս վկաները կգան դատարան ու կասեն, որ ինքը նմանատիպ մարդ չի եղել, դրա համար էլ քաղաքը կառուցվել է։
Նրա ասելով՝ քաղաքապետարանն այստեղ լիազորություններ չունի։ «Եթե քաղաքապետարանը լիազորություններ չունի, որպես ի՞նչ են կաշառք տալիս», -հարցրեց Վարդան Ղուկասյանը։
Նա խորհուրդ տվեց Աստծուց էլ մի քիչ վախենալ, թեև ասաց, որ ընտրություններին ընդառաջ ինչ-որ բաներ են ավելացրել։
«Ինչքան ինձ պահեք, դիմացի ընտրություններին զրոյական է լինելու ՔՊ-ի ռեյտինգը», -հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Դատը հետաձգվեց մարտի 24-ին, դատական նիստին կհարցաքննվեն երկու առանցքային վկաները՝ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու գործարար Սևակ Գոմցյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































