«Տարածաշրջանում և Իրանի շուրջ իրավիճակի լարումից և ռազմական գործողությունների սկսելուց հետո բոլոր վերաբերելի երկրներում դեսպանությունները բերվել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ, ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ ՀՀ վերադարձնելու ուղղությամբ»,-ՔՊ-ական պատգամավոր Ջուլիետա Ազարյանի՝ ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի պատճառով արաբական երկրներից, Իսրայելից և այլ երկրներից ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ վերադարձի հետ կապված խնդիրներին վերաբերող հարցի առիթով այսպես ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հայտնեց, որ ՀՀ կառավարությունը կազմակերպում է ԱՄԷ-ից ՀՀ քաղաքացիներին Օման տեղափոխումը, նրանց անվտանգ անցումը ԱՄԷ-ից դեպի Օման, նրանց հասցնելը մինչև օդանավակայան և այլն։
Տեղեկացրեց, որ երեկ ու այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է Օմանով վերադարձել ՀՀ։
Կարդացեք նաև
Պատգամավորի դիտարկմանը՝ փաստորեն Ձեր պատասխանից կարո՞ղ ենք արձանագրել, որ այն մտահոգությունները, թե քաղաքացիները վճարում են մինչև 1400 դոլար գումար, որ հասնեն Երևան, իրականության հետ աղերս չունե՞ն, քանի որ կառավարությունը հոգում է այս ծախսերը, Արարատ Միրզոյանը հակադարձեց․ «Ես նման բան չասացի։ Ասացի, որ կառավարությունը փորձում է նրանց տեղափոխել Մասկատի՝ Օմանի օդանավակայան ԱՄԷ-ից, հոգում է այդտեղ տեղափոխման ծախսը։ Կառավարությունը մարդկանց տալիս է ավտոբուս, վճարում ավտոբուսի համար, օրինակ՝ Դուբայից Մասկատի օդանավակայան է հասցնում, մնացածը մասնավոր ավիաընկերության հարց է։ Ասում եք՝ գները բարձր են։ Արձանագրենք, որ սովորական թռիչքուղով չի թռնում այդ ինքնաթիռը, նշանակում է՝ կրկնակի, եռակի ժամանակ օդում, ծախսեր։ Ներողություն, եկեք նաև արձանագրենք՝ խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են զբոսաշրջային նպատակներով։ Եթե մարդը, որը համարյա մեկ ամիս է Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է քցել, նշանակում է՝ վճարունակ է, տոմս կարող է առնել, մի քիչ արդար չէ կառավարության նկատմամբ պահանջը տոմս առնել»։
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































