Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով անցնող ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը:
Նախքան դատարանը կհրապարակեր որոշումը, հայտարարությամբ հանդես եկավ Սեյրան Օհանյանը:
-Այս քրեական գործը նախկինում՝ սահմանադրական կարգի տապալման հիմունքներով հարուցված, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել, ու այդ քրեական գործը, կարելի է ասել, կարճվել է, վերացվել են բոլոր խափանման միջոցները բոլորի նկատմամբ: Դրանից հետո դարձել ենք պատգամավոր, նոր քրեական հետապնդում գոյություն ունի. անձեռնմխելիության հարցին պետք է անդրադառնանք: ՀՀ-ն եւ ՀՀ դատական համակարգը նաեւ միջազգային պարտավորվածությունների շրջանակում պետք է իր պարտականությունները կատարի: Չէի ուզենա, որ մեր երկիրը միջազգային հարթակներում բավականին բարձր կերպով ներկայացնող պատգամավորի անձեռնմխելիության հարցը լուծելուց միջազգային հարթակներում նրա նկատմամբ բացասական եզրակացություն կազմվի,- դատարանում հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Կարդացեք նաև
Դատական նիստի վերջում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց:
Օրբելյանն ասաց, որ գործող պատգամավորի նկատմամբ ցանկացած մեղադրանքի փոփոխություն ենթակա է ԱԺ հետ համաձայնեցման: Միջնորդության հիմքերը ու քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































