Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Թաթոյանը ամեն ինչ կարող է ասել, դուք էլ ասեք, էդ անեկդոտը չեք լսե՞լ. ՔՊ-ականները հակադարձում են Արման Թաթոյանի՝ ադրբեջանական առաջխաղացումների վերաբերյալ փաստերին

Մարտ 04,2026 20:23 Share

«Որտեղի՞ց ձեզ այդ տեղեկատվությունը, ես Արման Թաթոյանի որեւէ խոսույթ չեմ մեկնաբանում, որովհետեւ Արման Թաթոյանը բազմիցս սուտ տեղեկատվություններ է հրապարակել»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը եւ շտապեց հեռանալ: Մեկ այլ հարցի՝ բացառո՞ւմ է, որ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ամեն տեղեկատվություն հրապարակում են:

Հարցին՝ ինչո՞ւ է ՔՊ-ական իշխանությունը թաքցրել, որ ադրբեջանցիները 2025 թ. հուլիսից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում է ունեցել, ինչի վերաբերյալ «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը փաստեր է հրապարակել, ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ, որ այդ հարցը նախ առաջին հերթին պետք է Արման Թաթոյանին տաք՝ ինչ թույլտվությամբ եւ ինչ տրամաբանությամբ է ինքը այդ նկարահանումներն իրականացրել, այդ տեղեկատվությունը տրամադրել:

Ես անձամբ այս պահի դրությամբ ծանոթ չեմ ձեր ասած տեղեկությանը, գուցե բաց եմ թողել աշխատանքի իմաստով, բայց այդ հարցի հասցեատերը ես չեմ: Գիտեք, թե ում պետք է այդ հարցը տաք, եթե խոսում ենք սահմանների պաշտպանության մասին: Մի բան ակնհայտ է, որ վերջին տարիներին մենք ունենք իսկապես ամենախաղաղ ժամանակահատվածը, եւ սա հաստատված խաղաղության մասին է:

Թե հարեւան երկրներն իրենց տարածքում ինչպիսի ամրաշինական կամ այլ աշխատանքներ են կատարում, դրա մասին չեմ կարող ասել: Ես կհիշեցնեմ այն ամրաշինական աշխատանքների կամ սահմանների ամրացման աշխատանքների մասին, որոնք վերջերս նաեւ պաշտպանության նախարարն է հանրայնացնում, եւ դա շարունակաբար է տեղի ունենում… Իսկ եթե նման ինֆորմացիա է տարածվում այս պահին, վստահաբար դրա պատասխանը կա, այնպես որ մտահոգվելու կարիք չկա»:

ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը թեմայի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց. «Եթե Թաթոյանն է ասել, բա ինձանից ինչ եք ուզում… Ով է ասում առաջ են եկել, Թաթոյանը ամեն ինչ կարող է ասել, դուք էլ ասեք, էդ անեկդոտը չեք լսե՞լ… Որ էդպես լիներ, դուք կիմանայիք Թաթոյանից առաջ: Տեսել ե՞ք որեւէ դեպք, որ ՀՀ կառավարությունը նման իրավիճակներում թաքցնի ինչ-որ բան… Եթե ես չունեմ էդպիսի տեղեկատվություն, ուրեմն չկա էդպիսի բան, չի կարող լինել…Դուք ուզում եք ասել, որ ՀՀ 29700 կմ քառակուսի փոքր տարածքում ինչ-որ բան է տեղի ունեցել, եւ դրա մասին մեկ տարի հետո Թաթոյա՞ն է իմացել: Բա էդտեղ գյուղեր չկայի՞ն, մարդիկ չկայի՞ն:

Հեռավոր գյուղերում մանկապարտեզում հացի մեջ մի մազ է լինում, դուք առաջինը դրա մասին իմանում եք, էդ ոնց եղավ, որ 6 տեղ առաջ տվեցին, ոչ ոք չիմացավ, Թաթոյանն էսօր ասեց… Ես կարող եմ ասել, որ որեւէ փոփոխություն չկա, թե հիմա Թաթոյանն ինչ է ասում, չեմ կարող մեկնաբանել, ուրախ եմ իր համար… Իսկ եթե Ադրբեջանն իր տարածքում ինչ-որ աշխատանքներ է անում, ես ինչի պետք է հերքեմ… Մենք գիտենք, որ կան օկուպացված տարածքներ, դրա մասին մենք ենք առաջինը հայտարարել, նաեւ ասել ենք, թե ինչ աշխատանքներ ենք տանում այս ուղղությամբ»:

Սիսակ Գաբրիելյանը դիմեց լրագրողներին. «Դուք անձամբ տեսել ե՞ք, գնացեք մեր ամրաշինական աշխատանքները տեսեք»: Ապա լրագրողին նախատեց. « Եթե լեզվակռվով է, մասնագիտությունդ փոխի, ցուցակներում կանանց տեղեր ունեն ընդդիմադիրները, ինչքան ուզում ես գնա բլը-բլը խոսի, ես չեմ կարող քեզ տանել Ադրբեջան, կարող եմ տանել ՀՀ ամրաշինական կառույցներ, կգա՞ս գնանք…»:

Ապա ՔՊ-ական պատգամավորը հավելեց. «Տավուշի մարզում՝ Կիրանցում էլի ընդդիմադիրներին հղում անելով՝ ասում էիք տվին, տվին, հիմա եկել եք էդ նույն Թաթոյանին, որ իրենց փոխակերպված մի քիչ ցիվիլ իրավական լեզվով խոսող մարդն է, նույն բանն է չէ՞ անում, ինչ-որ անում էր Գառնիկը, ինչ-որ անում էր Բագրատ Գալստանյանը… Ասում էր տվել են, մտել են, եկեղեցի չկա, դպրոց չկա, Կիրանց չկա, 4 գյուղերը տվել են, բայց պարզվեց, որ չտվին չէ՞, Կիրանցի գյուղապետն էլ էնպիսի հայտարարություն արեց, որ ինձ թվում էր, թե ընդդիմությունը հեսա մեջքի վրա կընկնի, էդպես էլ եղավ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031