«Որ էդքան ասում են՝ թալանածը վերադարձնում են, փաստորեն 2025-ին պետությանը վերադարձվել է մեկ միլիարդ վեց հարյուր միլիոն ՀՀ դրամ։ Առավոտից երեկո խոսում են թալանի վերադարձի մասին, բայց միայն 2025-ին 3 միլիարդից ավելի պարգևավճար է ստացել միայն կառավարությունը։ Այսինքն՝ մեկ միլիարդ վեց հարյուր միլիոն ՀՀ դրամը ստացել են, երկու անգամ ավել կառավարությունը պարգևավճար է ստացել, էլ չեմ ասում օրենսդիր մարմնին տրված պարգևավճարները և այլ հաստատություններում»,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Դիմելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին, որին Մոնումենտի դղյակների հարցն էր հետաքրքրում, Աննա Գրիգորյանն ասաց․ «Իշխանությունը ձեր ձեռքը չէ՞։ Եկել եք՝ ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Հովիկ Աբրահամյանի դղյակը օրինակ վերցնելով՝ գալ իշխանության, հետո ի՞նչ եղավ դրա հետ, մի քանի ժամում դղյակի վրայից կալանքը հանեցին, ձեր սրտի օլիգարխը գնեց ու նորից դրվեց կալանքի։ Ի՞նչ արեցիք՝ դղյակը վերադարձրիք ժողովրդի՞ն, թե՞ Նարեկ Նալբանդյանին»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով իր հասցեին ՔՊ-ականների կողմից հնչեցված մեղադրանքներին և պիտակավորումներին՝ Աննա Գրիգորյանն ասաց, որ հավանաբար իշխանության ներկայացուցիչներն օգտվում են իր պարկեշտությունից և շահարկում անձնական հարցեր ու պատասխանելով ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի այն հարցին՝ իսկ որտե՞ղ է աշխատում Ձեր հայրը, Աննա Գրիգորյանն ասաց․ «Հայրս երկար տարիների պետական ծառայող է։ Այն ժամանակ, երբ կյանքում ոչ միայն Դուք՝ անձնապես, այլև մյուսները չէիք պատկերացնի՝ որևէ պետական հաստատությունում ի վիճակի կլինեք աշխատել, հայրս միշտ միջին օղակի պաշտոնյա է եղել։ Հիմա նրա նկատմամբ հարուցվել է վարույթ, ծառայողական քննություն, որ ինձ ցավեցնեք, ավելին, հայրս սրտի վիրահատություն տարած, նոր ստենդավորված, նրան տարել-բերել են, ինչ է մի հատ նկատողություն տան, հետո գնացել ենք դատարան և դատը շահել ենք։ Հա ի՞նչ՝ ուզում եք ինձ դրանով ցավացնե՞լ, եղբորս՝ սպային հեռացնելով` ինձ ցավեցնե՞լ։ Ուզում եմ ասել՝ էդ քայլերով ինձ ցավեցնելն անհնար է, ինձ ցավեցնում է Արցախի կորուստը, հազարավոր տղերքի կորուստը, ձեզ թվում է՝ ինձ անձնապես ցավեցնելով հարց եք լուծո՞ւմ, չեք տեսնո՞ւմ, որ տարիներ շարունակ իմ կռիվը տալիս եմ»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































