Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գործիքներ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտների համար

Մարտ 05,2026 17:47 Share

Մարտի 4-ին «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի հինգ պատանի երաժիշտներ՝ Նվեր Բաղդասարյանին (կոնտրաբաս), Ռոման Ավանեսյանին (կլարնետ), Մարինե Սարգսյանին (ջութակ), Լուսինե Հովսեփյանին և Նվեր Ծատրյանին (թավջութակ) տրամադրվեցին նոր գործիքներ՝ ծրագրի գործընկեր «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության աջակցությամբ։

Ծրագրի պատանի երաժիշտների համար իրականացված այս նախաձեռնությունը կարևոր քայլ է նրանց մասնագիտական կայացման ճանապարհին՝ երաշխավորելով կրթության շարունակականությունն ու ստեղծագործական առաջընթացի հնարավորությունը։ Նոր գործիքները նրանց համար պարզապես նվագելու միջոց չեն, այլ նաև ապագայի հանդեպ հավատ ներշնչող ևս մեկ առիթ։

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության նախագծերի և հաղորդակցությունների մենեջեր Իրինա Սահակյանի խոսքով՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» կենսաթոշակային ակտիվների կառավարման ընկերությունը, հավատարիմ մնալով իր արժեքներին և երկարաժամկետ տեսլականին, կարևորում է կրթության և մշակույթի ոլորտներում ներդրումները։ «Ծնվել եմ Արցախում» ծրագրին ցուցաբերվող աջակցությունը նպատակ ունի նպաստելու պատանի երաժիշտների մասնագիտական կրթության շարունակականությանը և մշակութային զարգացմանը։

Մենք համոզված ենք, որ կրթության մեջ կատարված ներդրումը ամենահեռանկարային ներդրումն է։ Այս նախաձեռնության շնորհիվ երիտասարդները հնարավորություն են ստանում շարունակելու իրենց երաժշտական ուղին, ձեռք բերելու նոր փորձառություն և արժանապատվորեն ներկայանալու միջազգային բեմերում։ Ձեր տաղանդով դուք ներկայացնում եք ոչ միայն հայկական մշակույթը, այլև ապացուցում, որ անգամ ամենածանր իրավիճակներում առաջընթացը հնարավոր է գիտելիքի և արվեստի ուժով»։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի կոնտրաբասահար Նվեր Բաղդասարյանը նշում է․ «Չունենալով իմ սեփական գործիքը, ստիպված էի պարապել միայն երաժշտական դպրոցի լսարաններում՝ սահմանափակ ժամանակացույցով։ Այսօր, ունենալով իմ անհատական կոնտրաբասը, ես հնարավորություն ունեմ լիարժեք պատրաստվելու դասերին, մրցույթներին և համերգային ելույթներին»։

Թավջութակահարներ Լուսինե Հովսեփյանն ու Նվեր Ծատրյանը, ջութակահար Մարինե Սարգսյանը և կլարնետահար Ռոման Ավանեսյանը ևս ընդգծեցին, որ սեփական գործիք ունենալը մեծացնում է պատասխանատվության զգացումը և վստահությունը սեփական ուժերի հանդեպ։

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը շարունակում է աջակցել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանիներին՝ ստեղծելով մասնագիտական աճի և մշակութային ինքնադրսևորման հնարավորություններ։ Այս նախաձեռնությունը ևս մեկ վկայություն է, որ համախմբված աջակցությամբ հնարավոր է պահպանել և զարգացնել Արցախի մշակութային ձայնը՝ այն հնչեցնելով Հայաստանի և աշխարհի տարբեր բեմերում։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը:

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը միավորում է Արցախից տեղահանված 23 տաղանդավոր պատանի երաժիշտների՝ հնարավորություն տալով նրանց 2023 թվականի տեղահանումից հետո շարունակել մասնագիտական երաժշտական կրթությունը Հայաստանում։

Նրանք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները արդեն մեկ տարի շարունակ ակտիվ համերգային գործունեություն են ծավալում՝ հանդես գալով ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների բեմերում՝ Թբիլիսիում, Մոսկվայում, Բեռլինում և Բոստոնում։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031