Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորի ընտրության գործն ավարտվեց

Մարտ 06,2026 12:30 Share

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը ռեկտոր էր ընտրվել է 2021թ. մարտի 3-ին, սակայն մրցակցի դատական հայցի պատճառով գործադիրը նրա նշանակումն արել էր 2021թ. մայիսի 3-ին՝ 5 տարի ժամկետով։

 Դավիթ Ղազարյանի ներկայացուցիչ Վարսիկ Հովսեփյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի քաղաքացիական դատարան, խնդրել անվավեր ճանաչել 2021թ. մարտի 1-ին (երկրորդ փուլ մարտի 15-ին) տեղի ունեցած ,Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանե հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները, որպես հետևանք անվավեր ճանաչել հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին ՀՀ կառավարության 03.05.2021թ. թիվ 703-Ա որոշումը:

Դատարանի 2022թ. մարտի 30-ի որոշմամբ հայցվոր Դավիթ Ղազարյանի ներկայացուցիչ Վ. Հովսեփյանի միջնորդությունը բավարարվել էր, թույլատրվել էր, որ նա կատարի հայցի առարկայի և հիմքի փոփոխություն:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցվոր Դավիթ Աշոտի Ղազարյանի ներկայացուցիչ պատասխանող էր ներգրավվել նաև ՀՀ կառավարությունը, իսկ որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր ընտրված Գոռ Վարդանյանը։ 2024թ. մայիսի 21-ի վճռով հայցը մերժվել էր։ Հոգաբարձուների խորհրդի նիստի 2021թ. մարտի 15-ի արձանագրության համաձայն, դատարանը հաստատված էր համարել, որ խորհրդի նիստի օրակարգի հարցերից էր նաև` «հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի երկրորդ փուլի անցկացումը», նիստին մասնակցել են 32 անդամից 23-ը, ձևավորվել է հաշվիչ հանձնաժողով հետևյալ կազմով` Գ.Մամիկոնյան, Ա.Սիմոնյան, Վ.Պետրոսյան, Ա.Եսայան, Վ. Ալեքսանյան, հաշվիչ հանձնաժողովը նախագահ է ընտրել Գ. Մամիկոնյանին: Ռեկտորի միակ թեկնածու էր Գոռ Վարդանյանը, որը ստացել է հետևյալ ձայները՝ 17 կողմ, 5 դեմ: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

Հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունների, տեսագրությունների և վկաների ցուցմունքների համաձայն` հաշվիչ հանձնաժողովը կազմված է եղել 5 անդամից, ռեկտորի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել են խորհրդի 23 անդամ, 23 քվեաթերթիկից առանձնացվել է 3 քվեաթերթիկ, որից 1-ը միաձայն ճանաչվել է անվավեր, իսկ 2-ը` հանձնաժողովի 3 անդամների կողմից համարվել է վավեր: Հաշվիչ հանձնաժողովի անդամներից երկուսը` Գոհար Մամիկոնյանը, որը հանձնաժողովի նախագահն էր, և Վարդան Ալեքսանյանը, գտել են, որ այդ 2 քվեաթերթիկը պետք է ճանաչել անվավեր, իսկ մյուս 3 անդամները հակառակը` գտել են, որ պետք է համարել վավեր:

Հաշվիչ հանձնաժողովի անդամներից Գոհար Մամիկոնյանը և Վարդան Ալեքսանյանը հրաժարվել են արձանագրությունը ստորագրելուց, իսկ մյուս 3 անդամները որոշել են կազմել արձանագրություն և արդյունքները ներկայացնել խորհրդի հաստատմանը: Ձեռագիր կազմված արձանագրությունը ստորագրվել է Ա. Սիմոնյանի, Վ. Պետրոսյանի և Ա. Եսայանի կողմից, իսկ Կարգի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով կազմված արձանագրությունը՝ ստորագրվել է Անի Սիմոնյանի և Վարդան Պետրոսյանի կողմից, համաձայն որի՝ քվեարկության արդյունքում համալսարանի ռեկտոր է ընտրվել Գոռ Պատվականի Վարդանյանը:
Հոգաբարձուների խորհրդի նիստի 2021թ. մարտյան արձանագրության համաձայն՝ Կարգի 43-րդ կետի համաձայն խորհուրդը, բաց քվեարկությամբ, 18 կողմ ձայնով հաստատեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները և ընդունեց որոշում ,Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանե հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով Գոռ Պատվականի Վարդանյանին հաղթող ճանաչելու վերաբերյալ: Այսինքն, խորհրդի անդամները 18 կողմ ձայնով հաստատել են հաշվիչ հանձնաժողովի արձանագրած արդյունքները և հաստատել են, որ 17 ձայն ստացած Գոռ Վարդանյանը ճանաչվում է հաղթող:

Դատարանը հանգել էր այն եզրակացության, որ ռեկտորի ընտրության երկրորդ փուլն անցկացվել է սահմանված կարգին համապատասխան, այնպիսի ընթացակարգային խախտում, որը կարող է ազդել ընտրության արդյունքների վրա, դատարանը չի դիտարկում: Ինչ վերաբերել էր ձեռագիր կազմված արձանագրությանը, ըստ դատարանի՝ «այս դեպքում չի կարող էական նշանակություն ունենալ, քանի որ հաշվիչ հանձնաժողովի արդյունքների վերաբերյալ պետք է կազմվեր Կարգով հաստատված ու դրան կից հավելված 3-ով սահմանված արձանագրությունը, որը և նիստից հետո կազմվել և ներկայացվել է խորհրդի հաստատմանը, և խորհուրդը հենց այդ արձանագրությունն էլ հաստատել է, հետևաբար` էական նշանակություն ունի սահմանված կարգին համապատասխան կազմված արձանագրությունը, այլ ոչ թե ձեռագիր կազմված արձանագրությունը»:

Հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, անդամների մի մասի կողմից ստորագրելուց հրաժարվելը նույնպես դատարանի եզրահանգմամբ. «բավարար հիմք չէ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար, հետևյալ հանգամանքներով պայմանավորված:

1/ Հաշվիչ հանձնաժողովի կողմից արդյունքների ամփոփումը տեղի չի ունեցել այնպիսի խախտումներով, որոնք ազդել են արդյունքների վրա,

2/ վիճելի երկու քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հարցում, հաշվիչ հանձնաժողովը որոշում չի կայացրել, այն անվավեր ճանաչելուն դեմ է եղել հաշվիչ հանձնաժողովի անդամներից երեքը՝ այսինքն մեծամասնությունը,

3/ Հաշվիչ հանձնաժողովի կողմից արդյունքներն ամփոփելու վերաբերյալ կազմվել է սահմանված ձևի արձանագրություն և այն ներկայացվել է խորհրդի հաստատմանը, որն էլ հաստատվել է»։

Այսինքն, ըստ դատարանի՝ ռեկտորի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու կամ չկայացած համարվելու դեպքերում նոր մրցույթ հայտարարելու պայմաններում հայցվորը կարող էր կրկին ներկայացնել իր թեկնածությունը. նա հանդիսանում է իրական հավակնորդ, ըստ այդմ էլ շահագրգիռ անձ, ով կարող է բողոքարկել ընտրության արդյունքները, որը միտված է նոր մրցույթ հայտարարելուն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը Դավիթ Ղազարյանի ներկայացուցիչներ Արսեն Սարդարյանի և Տաթևիկ Մալխասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարելու մասին որոշում կայացրեց, բեկանելով Երևան քաղաքի քաղաքացիական դատարանի վճիռը։

Դատական նիստում, որպես վկա հրավիրված Անի Սիմոնյանը ցուցմունք էր տվել, որ «Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը մուտք է գործել առանձին սենյակ և որոշակի ժամանակամիջոց մնացել է այնտեղ»: Ըստ Ա. Սիմոնյանի՝ Հ. Մուսայելյանի մուտքը սենյակ պայմանավորել է այն հանգամանքով, որ անհրաժեշտ էր արխիվից հանել նախորդ նիստի քվեաթերթիկները, քանի որ «հիմնավոր կասկած կար, որ հաշվիչ հանձնաժողովի անդամների կողմից վիճարկվող և անվավեր համարվող քվեաթերթիկների նույնանմանությամբ առկա են եղել քվեաթերթիկներ նախորդ նիստում, որոնք նույն անձանց կողմից վավեր են համարվել» և նույնիսկ չի բարձրացվել դրանց անվավերության հարցը»:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, սա նշանակել է, որ «Հ. Մուսայելյանը, չլինելով հաշվիչ հանձնաժողովի անդամ, ուղղակի մասնակցություն է ունեցել քվեաթերթիկների վավերության հարցի լուծմանը, ինչը բացառապես հաշվիչ հանձնաժողովի լիազորությունն է։ Այսինքն՝ վկայի ցուցմունքից բխում է, որ մինչև հաշվիչ հանձնաժողովի արձանագրության կազմումը երկու քվեաթերթիկների վավեր-անվավերության հարցերի պարզման ընթացքում Հոգաբարձուների խորհրդի նախագահը մուտք է գործել սենյակ, ինչն առնվազն երրորդ անաչառ դիտորդի համար կասկածի տակ է դնում իրականացված գործողությունների անկողմնակալությունը, քանզի տեղի է ունեցել ,առանձին սենյակիե անձեռնմխելիության, գաղտնիության խախտում: Սա էական խախտում է ընտրական գործընթացում, որն ուղղակիորեն ի չիք է դարձնում հաշվիչ հանձնաժողովի գործունեության գաղտնիության սահմանումով ամրագրված և անկախության բոլոր երաշխիքները, հետևաբար, բավարար է նշված ընտրություններն անվավեր ճանաչելու համար»։

Բացի այդ, վերաքննիչ դատարանը նշել էր. «Ստացվում է մի իրավիճակ, որ ի սկզբանե ձևավորվում է հինգ անդամից բաղկացած հանձնաժողովի կազմ, սակայն ընտրությունների արդյունքները ամփոփում է ի վերջո նրանցից միայն երկուսը, իսկ նման խախտումը առանձին, ինքնուրույն և բավարար հիմք է անցկացված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու համար»։

2026 թվականի փետրվարի 27-ին գրավոր ընթացակարգով քննել էր վճռաբեկ բողոքները, որոնք ներկայացրել էին Հիմնադրամը (ներկայացուցիչ՝ Տիգրան Նաղդալյան), նախարարությունը և Գոռ Վարդանյանը։ Նրանք պահանջել են բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը, օրինական ուժ տալ քաղաքացիական դատարանի վճռին։ Դատարանը հրապարակել է արդեն որոշումը, այն է՝

վճռաբեկ բողոքները բավարարել է, բեկանելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2025 թ. մարտի 12-ի որոշումը և օրինական ուժ տվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թ. մայիսի 21-ի վճռին: Ըստ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի՝ նկատի ունենալով, որ տվյալ դեպքում երկրորդ փուլն անցկացվել է մեկ թեկնածուի մասնակցությամբ (առաջին փուլում առավելագույն ձայն ստացած Գոռ Վարդանյանի), հաշվիչ հանձնաժողովի կողմից պետք է կազմվեր մրցույթում հաղթող ճանաչելու կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու և կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին արձանագրություն: Տվյալ դեպքում հաշվիչ հանձնաժողովի երկու անդամների ստորագրությամբ Կարգի թիվ 3 հավելվածով սահմանված ձևով ըստ էության կազմվել է հաղթող ճանաչելու վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը: Նկատի ունենալով, որ հանձնաժողովի նախագահն ու ևս երկու անդամներ հրաժարվել են ստորագրել արձանագրությունը, այն ստորագրել են հանձնաժողովի հինգ անդամներից միայն երկուսը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Չնայած Կարգի 39-րդ կետով սահմանված է, որ արձանագրությունն ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի անդամներն ու նախագահը, այդուհանդերձ, նույն Կարգով նախատեսված չեն հաշվիչ հանձնաժողովի որևէ անդամի կողմից այդ արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու ինչպես ընթացակարգ, այնպես էլ դրա իրավական հետևանքները: Տվյալ դեպքում հաշվիչ հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ նախագահը քվեաթերթիկների հաշվարկ իրականացնելիս բարձրացրել են թվով երեք քվեաթերթիկների վավերության հարց: Նկատի ունենալով, որ քվեաթերթիկն անվավեր ճանաչելու ընթացակարգ, ինչպես նաև որոշման կայացման ձև նույնպես Կարգով նախատեսված չեն, քվեաթերթիկներից մեկը միաձայն համարվել է անվավեր, իսկ մյուս երկու քվեաթերթիկների վավերության վերաբերյալ որոշումը կայացվել է անդամների քվեարկությամբ՝ երեք կողմ, երկու դեմ հարաբերակցությամբ: Քվեարկության արդյունքները Հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել իր պարտականությունների կատարումից հրաժարված և արձանագրությունը չստորագրած հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով նաև արձանագրությունը չստորագրելու պատճառները»:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում հանձնաժողովի արձանագրությունը չստորագրած անդամները, ըստ էության, արձանագրությունը չստորագրելով, չեն ապահովել Կարգի կիրարկումը, ինչը, քվեաթերթիկների վավերության վերաբերյալ որոշում կայացված լինելու պայմաններում, չի կարող հիմք հանդիսանալ մրցույթի գործընթացը չեղարկելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031