Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրներ են ստեղծում, որպեսզի արցախցիները չստանան քաղաքացիություն եւ ընտրություններին հնարավորինս քիչ արցախցիներ մասնակցեն». Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»

Մարտ 06,2026 11:34 Share

Մեզ դիմում են բազմաթիվ արցախցիներ եւ պատմում, որ Արցախից բռնի տեղահանվածների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը կասեցվել է։

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ փաստաթղթերի վերականգնման խնդիրը կապված է ծննդյան, ամուսնության վկայականների, ծնողների փաստաթղթերի հետ, որոնք մնացել են Արցախում, ինչի արդյունքում արցախցիների համար յուրաքանչյուր փաստաթղթի վերականգնումը շաբաթներ կամ ամիսներ է տեւում, որոշ դեպքերում էլ՝ դատարանի միջոցով է իրականացվում։ Նա վստահ է, որ այս ամենն արվում է դիտավորյալ, որպեսզի արցախցիները չմասնակցեն հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին եւ իրենց քվեները չտան ընդդիմադիր ուժերին։ «Ցավոք, սա նոր բան չէ, սակայն այժմ ավելի պարզ է դառնում, որ նպատակն արցախցիներին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելն է: Ես զբաղվում եմ այս հարցով, սա լուրջ խնդիր է: Անձը, որը հոկտեմբերի 1-ին դիմում է ներկայացրել, ընդամենը օրեր առաջ նոր առաջին նամակ-պատասխանն է ստացել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Այս ամենը պատահական չի արվում: Փաստաթղթերի վերականգնման առումով տարբեր խնդիրներ են առաջանում, մեկի փաստաթղթերը մնացել են Արցախում, մեկինը ռուսական են, մյուսի մոտ ամուսնության վկայականն է բացակայում, եւ այսպես շարունակ: Կան մարդիկ, ովքեր ծննդականից եւս զրկված են, եւ ստացվում է, որ զրկված են նաեւ քաղաքացիությունից: Եթե անձը չունի 60-70 հազար դրամ, որպեսզի մոտենա նոտարական գրասենյակ, գրանցումներ իրականացնի եւ այլն եւ ըստ ընթացակարգի հնարավորություն ունենա քաղաքացիություն ստանալու, հայտնվում է բարդագույն իրավիճակում: Ի դեպ, քաղաքացիություն ստանալու կարգը հունվարի 1-ից դարձրել են օնլայն, ինչը եւս շատ կարեւոր հանգամանք է: Ես հարյուրավոր արցախցիների գիտեմ եւ վստահաբար հայտարարում եմ, որ նրանց թիվը հազարների է հասնում, ովքեր օնլայն գրանցվել չեն կարողանում, քանի որ ապրում են հեռավոր գյուղերում կամ չունեն տեխնիկական միջոցներ: Անգամ ասեմ, որ տեխնիկական միջոցների միջեւ կա տարբերություն, եւ արդյունքում օնլայն գրանցման հարցը բարդանում է: Ես ամեն օր առնվազն մեկ տասնյակ զանգ եմ ստանում՝ այդ խնդրով պայմանավորված: Ասեմ նաեւ, որ կան ոչ պարկեշտ քաղաքացիներ, ովքեր գումարով ծառայություններ են մատուցում եւ արցախցիներին օնլայն գրանցում են քաղաքացիության համար` 10 հազար դրամով: Այսինքն` ստացվում է, որ եթե մի ընտանիքում ապրում է 7 անձ, այդ ընտանիքը 70 հազար դրամ գումար ուղղակի ջուրն է գցում` գրանցում ստանալու համար: Փորձում ենք ծանոթներ գտնել, անձնական միջոցների դիմելով՝ այս հարցերը լուծել, քանի որ պետությունը մի շարք դժվարություններ է ստեղծել մեզ համար, թեպետ անգամ այս դեպքում փաստ չունենք, որ նախքան ընտրությունները քաղաքացիություն կստանանք: Միանշանակ է, որ հատուկ խնդիրներ են ստեղծում, որպեսզի արցախցիները չստանան քաղաքացիություն եւ ընտրություններին հնարավորինս քիչ արցախցիներ մասնակցեն»,- ասում է Մետաքսե Հակոբյանը:

Չնայած արցախցի պատգամավորի պնդումներին՝ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Հրապարակի» հետ զրույցում վստահեցնում է, որ ոչ մի խնդիր չկա, եւ բոլոր արցախցիները պարտադիր ստանում են հայկական անձնագիր: Ավելին` Դավթյանը պնդում է, որ եթե կա նման դեպք, որ արցախցուն անձնագիր չեն տրամադրել կամ պրոցեսը դիտավորյալ ձգձգել են, ապա ինքը պատրաստ է ծառայողական քննություն սկսել եւ գործին ընթացք տալ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031