«Այսօր մենք գտնվում ենք ջերմոցում եւ ուզում ենք ներկայացնել մեր տնտեսական 5 քայլերից չորրորդը՝ Հայաստանով մեկ մթերման կայաններ, որը կօգնի հայ գյուղացուն իր աճեցրած ապրանքը վաճառել։ Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մեր գյուղացիները սեզոնին ունենում են խնդիր իրենց ապրանքը վաճառելու հետ կապված»,- այսօր Արարատի մարզի ջերմոցային տնտեսություններից մեկում հրավիրած ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ հարեւան երկրներում հայկական գյուղմթերքի մեծ պահանջարկ կա, սակայն գյուղացին չի կարողանում իր ապրանքն արտահանել, քանի որ չկա միջնորդ։ Ըստ Նարեկ Կարապետյանի՝ մթերման կայանը կլինի այն միջնորդը, որը կգնի, կպահեստավորի մթերքը եւ հետագայում կարտահանի կամ կվաճառի հայկական շուկայում։ Սա ինչպես մրգերին ու բանջարեղենին է վերաբերում, այնպես էլ մսամթերքին։
Նարեկ Կարապետյանն ասաց, որ Արարատյան դաշտը կենտրոնացված կլինի մրգերի ու բանջարեղենի վրա, ամեն շրջան պետք է ունենա 2 կայան։ Կարեւոր է, որ գյուղացին ունենա հնարավորություն երկուսից երեք կայանում վաճառելու իր մթերքը, դա կապահովի մրցակցություն։ Նաեւ կանխատեսելի կլինի, գյուղացիները տարվա սկզբից կիմանան, թե ինչ գնով են վաճառելու իրենց բերքը։ Դա կբերի նրան, որ գյուղացին կկարողանա կանխատեսել իր ծախսերը եւ իմանալ՝ շահույթ ունի, թե ոչ։
Անասնապահական մարզերում, օրինակ՝ Գեղարքունիքում եւ Շիրակում, ըստ Նարեկ Կարապետյանի, մթերման կայանները հիմնականում կենտրոնացված են լինելու մսամթերքի, կարտոֆիլի ու ցորենի մթերման հարցի վրա։ Նարեկ Կարապետյանն ասաց, որ մարզերում լինելու են գործարաններ, որտեղ մարդիկ կաշխատեն, իսկ սեզոնին կունենան արձակուրդներ, որպեսզի զբաղվեն գյուղատնտեսական աշխատանքներով։ Սա կբազմապատկի գյուղացիների եկամուտները։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով գյուղացիների խնդիրներին՝ Նարեկ Կարապետյանն ասաց, որ բացի մթերումից, գյուղատնտեսությունը եւս երեք խնդիր ունի՝ ջրի, մատչելի վարկերի ու գյուղտեխնիկայի։ Նա նշեց, որ տարեկան Հայաստանը 1,4 մլրդ դոլարի գյուղմթերք է ներկրում, որից 1 մլրդ-ը կարելի է Հայաստանում արտադրել, դա մինչեւ 100 հազար մարդու զբաղվածության հարց է լուծում։ «Արդյունաբերության մեջ մենք 3,5-4 մլրդ-ի ավելի շատ ապրանք ենք բերում, քան արտահանում ենք։ Դա ցույց է տալիս,որ երկրի տնտեսական վիճակը վատանում է»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































