«Պետք է գնահատենք այն խաղաղությունը, որ այսօր կա ՀՀ-ում։ Կենտրոնանում եք ենթադրյալ ռիսկի վրա, իսկ արդյոք Դուք տեսնո՞ւմ եք, որ մեր եռացող տարածաշրջանում ՀՀ-ն ինչ-որ առումով խաղաղության կղզյակ է, և մեր բալանսավորված հարաբերությունները մեր հարևանների հետ մեծապես նպաստում են դրան։ Սա եկեք գնահատենք՝ որպես ելակետ և ոչ թե ուղղակի անհանգստացնենք մարդկանց»,- «ՔՊ» խմբակցության ճեպազրույցի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Ըստ նրա՝ պետք է գնահատել, որ մենք ունենք խաղաղություն և հավելեց․ «Փաստորեն, մեր հաշվարկները, քայլերը, այն հարաբերությունները, որ մենք հաստատել ենք բոլոր կողմերի հետ՝ սկսած ԱՄՆ-ից, ՌԴ-ով վերջացրած, տարածաշրջանային երկրների հետ, պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել, մինչ այս պահը ցույց են տալիս, որ հնարավոր դասավորվածության մեջ ՀՀ-ի համար ապահովում են լավագույն հնարավոր արդյունքն այս պահի դրությամբ»։
Լրագրողի դիտարկմանը՝ Դուք նշում եք, որ ՀՀ-ն խաղաղության կղզյակ է և փաստմանը՝ Ադրբեջանի նախագահը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարում է, թե «հայերի գլուխը ջարդել ենք երկաթյա բռունցքով» ու հարցին՝ ինչպե՞ս եք խաղաղություն հաստատելու այսպիսի հռետորաբանություն կիրառող մարդու հետ՝ արդյոք սա խաղաղության գնացող երկրի ղեկավարի բառապաշա՞ր է, Արման Եղոյանը պատասխանեց․ «Պարզ է, չէ՞, որ բարի դրացիական հարևաններն իրար հետ խաղաղություն չեն հաստատում։ Ում հետ խնդիր ունես, նրա հետ ես խաղաղություն հաստատում։ Դեռ զգացնել տալիս են խնդիրները, դրա համար էլ ասում եմ, որ պետք է դա դարձնենք անդառնալի։ Մենք գիտենք՝ մենք ինչի ենք ձգտում և անում ենք այնպես, որ հասնենք մեր ձգտումների։ Մենք մյուսների հայելային արտացոլումը չենք, մենք մեր օրակարգն ենք առաջ տանում»։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































