«Այդ վարկանիշն իրապես մեզ չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը։ Եթե ՀՀ-ի առաջ ահռելի անվտանգային վտանգներ են, վտանգված է Մեղրին, Բաքվում քննարկում են ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհի կիլոմետրաժով լայնքը՝ առանց ՀՀ-ի, հիմա ես պետք է անհանգստանա՞մ, որ եթե ՀՀ-ն դառնա Կենտրոն վարչական շրջանի կամ Երևանի չափ, ես կամ մեր քաղաքական ուժը լինենք առաջին տղան էդ փոքր տարածքում, կներեք, դա մեզ դա չի հետաքրքրում»,-Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ամերիկյան IRI ընկերության կողմից անցկացված վերջին հարցումներում ՀՀԿ-ն կամ «Պատիվ ունեմ»-ը ընդհանրապես ներառված չեն։
Ըստ պատգամավորի՝ ընտրություններից 3 ամիս առաջ հրապարակված արդյունքները դեռևս վերջնական չեն։
Այն, որ ՔՊ-ականները ոգևորված տարածում են այդ հարցման արդյունքները, Հայկ Մամիջանյանն այսպես մեկնաբանեց․ «Որ ուրախ-ուրախ բոլոր ՔՊ-ականները տարածում են, իրենք ուղղակի հարցում կարդալ չգիտեն, երբ այդ թվերը բանաձևով անցում ես անում էլեկտորալ ռեյտինգի, ապա Փաշինյանի վիճակն առնվազն լավ չի լինում։ Էն, որ տենց ուրախ-ուրախ տարածում են, դա իրենց վնաս է, Փաշինյանն առնվազն 50 տոկոսից պակաս է հավաքում»։
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը կարևորեց, որ նույն այդ հարցումներով՝ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հանրության վարկանիշն աճում է․ «Մենք՝ ընդդիմադիրներս, հանրությանը պետք է բացատրենք, որ եթե հայ առաքելական եկեղեցու կողքին ես, դա նշանակում է ավտոմատ, որ Փաշինյանին դեմ ես»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































