ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով, 2020-25 թվականների ընթացքում Հայաստանից տարբեր երկրներ է արտահանձնվել 25 մարդ, նույն ժամանակահատվածում, արտահանձնման 452 պահանջ մերժվել է Հայաստանի կողմից։
Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Կտրել գլուխը՝ գլխացավից ազատվելու համար. ի՞նչ է սպառնում Հայաստանից արտահանձնված օտարերկրյա քաղաքացիներին իրենց երկրներում» թեմայով քննարկման ժամանակ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը թվեր ներկայացրեց՝ Հայաստանում գտնվող քաղաքացիների, որոնք իրենց երկրում քաղաքական հայացքներով կամ համոզմունքներով պայմանավորված հետապնդումների են ենթարկվում:
Ըստ այդմ, 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, ՌԴ-ի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմից հետո, ՌԴ-ից առաջին մեծ հոսքն է եղել Հայաստան, երկրորդ մեծ հոսքը նույն թվականի սեպտեմբերին է եղել, երբ արդեն մոբիլիզացիա էր հայտարարվել ՌԴ-ում։ Դիմողների աշխարհագրությունը լայն է, բայց հիմնական դիմողները ՌԴ-ից են, ապա Բելառուսից, Տաջիկստան, Ղրղզստան, նաեւ Իրանի քաղաքացիներ կան։ Իրավական խորհրդատվության նպատակով 330 հոգի են դիմել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին»։ Նրանցից 110-ը հնարավորություն է ունեցել երրորդ երկրներ մեկնելու, քանի որ նրանց նկատմամբ սահմանափակումները հանվել են։ 190-ի նկատմամբ, արդեն իրենց պետությունում քրեական գործեր են հարուցված եղել, սակայն նրանցից ոչ բոլորի նկատմամբ է արտահանձնման պահանջ ներկայացվել։
Քննարկման մասնակից, փաստաբան Արսեն Սարդարյանը խնդիր է համարում հայաստանյան դատարանների՝ կալանավորման որոշումները։ Ըստ նրա, գործընթացները կարող են գնալ նաեւ այն դեպքում, եթե անձը չկալանավորվի, այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն նրա նկատմամբ, բայց հայաստանյան դատարանները գերադասում են կալանավորումը։ Սա նա համարում է հայաստանյան օրենսդրական ամենաակնառու խնդիրը։
Կարդացեք նաև
Ի դեպ, ըստ մասնագետների, հակասություններ կան ոչ միայն արտահանձնման մասին ՀՀ օրենսդրությունում, այլ, օրինակ, այդ եւ իրավական փոխօգնության մասին օրենսդրության միջեւ․ ասենք, մի օրենքով կալանքը 10 ամիս է սահմանվում, մյուսում՝ 8 ամիս։ Մասնագետների գնահատմամբ, հայաստանյան դատարանները քննության չեն առնում արտահանձնման երկրի դատարանների կալանքի որոշումները, այլ մեխանիկորեն կիրառում են դրանք։ Սա լուրջ հակասություն է առաջացնում Հայաստանի կողմից Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների հետ։
Այս ամենի պատճառը, ըստ Արթուր Սաքունցի՝ այն է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ անդամ պետություն, որը Քիշինեւյան եւ Բիշքեկյան կոնվենցիաներով պարտավորություն ունի ԱՊՀ անդամ պետությունների հետ իրավական աջակցության կամ փոխօգնության ոլորտում։ Հակասությունն առաջանում է Հայաստանի ԱՊՀ անդամ լինելու եւ Եվրոպական կոնվենցիային միացած լինելու միջեւ․ դրանք իրենց բովանդակությամբ են իրար հակասում։
Արթուր Սաքունցը պնդում է՝ իրենց քաղաքացիության կամ բնակության երկրներում այդ քաղաքացիների հանդեպ քաղաքական նպատակներով հարուցված են քրեական գործեր եւ իրական վտանգ կա, որ իրենց պետություն վերադառնալու դեպքում նրանք կենթարկվեն ֆիզիկական, հոգեբանական բռնությունների, անմարդկային, մարդկային արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի, խոշտանգումների կամ արտադատական մահապատժի:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վարույթում, ի թիվս այլ գործերի, կան նաև Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքական հետապնդման հիմքով քրեական հետապնդման ենթարկվող երեք ՌԴ քաղաքացիների՝ Վլադիմիր Ուխալովի, Պավել Դանիլովի և Դմիտրի Շիգաևի գործերը: Այս քաղաքացիները ՀՀ կողմից ՌԴ-ին արտահանձնվելու վտանգի առջեւ են։
Նրանք հիմա ՔԿՀ-ում են։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բողոքարկում է արտահանձնման որոշումը, երկուսի դեպքում Հայաստանում ապաստան հայցելու գործընթաց են սկսել, քանի որ այդ դեպքում արտահանձնման հարցը վերանում է։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից




















































