Լրահոս
Օրվա լրահոսը

Էդիտա Գզոյանն ազատման դիմո՞ւմ է գրել. ԿԳՄՍՆ-ն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձգձգում են պատասխանը

Մարտ 06,2026 14:50 Share

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին (լուսանկարում) ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել, անգամ սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, կազատեն աշխատանքից։

Aravot.am-ը փորձեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ տիկին Գզոյանից, որը սովորաբար պատասխանում է բոլոր՝ անգամ անծանոթ հեռախոսազանգերին, նաեւ չի անտեսում ֆեյսբուքով լրագրողների՝ իրեն ուղղված նամակները: Այս անգամ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրենը անպատասխան թողեց մեր զանգերը եւ չարձագանքեց ֆեյսբուքյան նամակին:

Թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս Ժաննա Անդրեասյանը Գզոյանին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել: Ի պատասխան ասացին, որ գրավոր հարցում ուղարկենք, մինչդեռ գրավոր հարցման անհրաժեշտություն չկար, որպեսզի 5-օրյա ժամկետում պատասխանեին, մենք ընդամենը պարզաբանում էինք ակնկալում:

ԿԳՄՍ նախարարությունից եւս փորձեցին պարզաբանում ստանալ՝ արդյոք ԿԳՄՍ նախարարը Գզոյանին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել, նախարարությունը նման դիմում ստացե՞լ է: Նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը եւս հորդորեց գրավոր հարցում ուղարկել, մինչդեռ մեր պարագայում տեղեկատվության հարցում չէր, այլ ընդամենը մեկնաբանություն, պարզաբանում էինք ակնկալում:

Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքը նախատեսում է բանավոր հարցման իրավունք, եւ նման հարցման դեպքում, եթե դա համապատասխանում է օրենքին, իսկ դրա մեջ են նաեւ հանրային կարեւորության հարցերը, պատասխանը պետք է պետական մարմնի ներկայացուցիչն անհապաղ տրամադրի:

Ընդհանրապես, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի պաշտոնավարման շրջանում այդ գերատեսչությունից տեղեկատվություն, հարցում, պարզաբանում, մեկնաբանություն ստանալը բարդացել է, անգամ գրավոր հարցման դեպքում, երբ ընդամենը «այո» կամ «ոչ» պատասխան պետք է տան, պատասխանը տրվում է ոչ լիարժեք կամ ընդհանրական, ինչը չէինք հետապնդել մեր հարցմամբ:

Ի վերջո, Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատման մասին տեղեկությունը չի դասվում պետական կամ ծառայողական գաղտնիքների շարքին, Հայաստանում էլ ռազմական դրություն հայտարարված չէ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031