Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ իրադարձություն Հայաստանի տնտեսության համար․ Ամերիաբանկը, որպես LFG խմբի մաս, ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսում

Մարտ 06,2026 15:14 Share

«Երբ խոշոր միջազգային ներդրողն ուզում է ինչ-որ երկիր մտնել, իր համար ամենակարեւորն այն է, որ հասկանա, թե ինչ որակի խաղացողներ ունի այդ երկիրը։ Հիմա փաստացի, երբ միջազգային ներդրողը գալիս է Հայաստան, տեսնում է, որ մեր բանկերից մեկն արդեն գլոբալ խաղացող է»,- այսպես է գնահատել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը Ամերիաբանկի` որպես Lion Finance Group միջազգային ֆինանսական խմբի մաս, աշխարհի առաջատար բորսաներից մեկի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը:

Այսպիսով, որպես LFG խմբի անդամ՝ Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ:

2006թ-ից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով՝ LFG ֆինանսական խումբն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի՝ խմբին միանալուց շուրջ երկու տարի անց։ Սա վկայում է Ամերիաբանկի` խմբում ընդգրկվելու ռազմավարական նշանակության և խմբի ընդհանուր զարգացման մեջ ունեցած էական ներդրման մասին։

LFG խումբն ինդեքսին պաշտոնապես կմիանա 2026թ. մարտի 20-ին՝ շուկաների փակումից հետո: FTSE 100 ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ ֆինանսական և այլ ոլորտներից, ինչպիսիք են HSBC-ն (HSBA), Barclays-ը (BARC), Lloyds Banking Group-ը (LLOY), Rolls-Royce Holdings-ը (RR), Unilever-ը (ULVR), Coca-Cola-ն (CCH, CCEP), AstraZeneca-ն (AZN) և այլն: Իր շուկայական արժեքով LFG-ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Burberry-ն (BRBY) և EasyJet-ը (EZJ)։

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է իրադարձության կարևորությունը ոչ միայն բանկի և խմբի, այլև տարածաշրջանի և Հայաստանի համար:

«Սա կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից: Լոնդոնի ֆոնդային բորսայի այս ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները: Ընդհանուր առմամբ, FTSE 100-ում ընդգրկվելը նպաստում է Հայաստանի տեսանելիության ու հեղինակության բարձրացմանը։ Այս կարևոր ձեռքբերման առիթով ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր թիմին մեծ նվիրումի ու պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև հաճախորդներին ու գործընկերներին` վստահության և համագործակցության համար»,- ասել է նա։

 

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ սա Հայաստանի տնտեսության համար աննախադեպ իրադարձություն է։ «Այս հաջողությանը նպաստել են մի շարք գործոններ, բայց կցանկանայի դրանցից առանձնացնել երկու հիմնական ուղղությունները, որոնց բանկը հետեւել է վերջին տարիներին։ Առաջինը հաճախորդների բազայի ընդլայնումն է՝ վերջին երկու տարվա ընթացքում բանկին հաջողվել է երկու անգամ ավելացնել հաճախորդների քանակը՝ 400 հազարից հասցնելով 800 հազարի։ Շատ կարեւոր է նաեւ թվային զարգացման ռազմավարությունը եւ տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։ Վերջին տարիներին այդ ռազմավարության շնորհիվ մեզ հաջողվել է գործարքների 99 տոկոսը տեղափոխել թվային հարթակներ։ Փաստորեն այս պահին բանկի գործարքների 99 տոկոսը մասնաճյուղերից դուրս է իրականացվում։ Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ մեր վաճառքների ավելի քան 50 տոկոսն արդեն նույնպես թվային ուղիներով է իրականացվում»,- ասում է Արման Բարսեղյանը։

 

Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանն էլ ընդգծում է՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ընկերությունների կազմում ընդգրկվելը կարեւոր իրադարձություն է Ամերիաբանկի կորպորատիվ բիզնեսի էլ ավելի մասշտաբային զարգացման համար։ «Ավելի քան 10 տարի մենք Հայաստանի տնտեսության խոշորագույն ֆինանսավորողն ենք, իսկ այժմ նաեւ մեր գործընկերների եւ կորպորատիվ հաճախորդների համար դառնում ենք ինստիտուցիոնալ կայունության եւ միջազգային տնտեսության հետ ինտեգրման առումով ամենաազդեցիկ բանկը»,- նշում է Գագիկ Սահակյանը։

 

ՀՀ Կենտրոնական բանկը շատ դրական է վերաբերում այս զարգացմանը։ «Սա նշանակում է, որ մենք եւս մեկ քայլ արեցինք, որպեսզի թե բանկային համակարգը, թե մեր տնտեսությունը միջազգային ասպարեզում ավելի լավ երեւա, եւ ՀՀ-ն դնենք միջազգային քարտեզի վրա։ Ամերիաբանկի այս ձեռքբերումը մեզ համար շատ կարեւոր է եւ ուզում եմ հատուկ շեշտադրել, թե ինչ կարեւորություն ունի այս քայլը ՀՀ-ում ներդրումների տեսանկյունից, ընդ որում՝ թե ֆինանսական հատվածում, թե իրական հատվածում։ Երբ խոշոր միջազգային ներդրողն ուզում է ինչ-որ երկիր մտնել, իր համար ամենակարեւորն այն է, որ հասկանա, թե ինչ որակի խաղացողներ ունի այդ երկիրը։ Եվ ֆինանսական համակարգը սովորաբար այցեքարտն է։ Այդ տեսանկյունից այս քայլը շատ դժվար է թերագնահատել իր կարեւորությամբ, քանի որ փաստացի, երբ միջազգային ներդրողը գալիս է Հայաստան, տեսնում է, որ մեր բանկերից մեկն արդեն գլոբալ խաղացող է»,- ասում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

 

ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Ֆանյանը նույնպես սա տարածաշրջանի համար կարեւոր նորություն է համարում։ Նրա խոսքով՝ նախկինում չի եղել դեպք, երբ տարածաշրջանում գործունեություն ծավալող կազմակերպությունը ներառվի FTSE 100 ընկերությունների ցանկում։

 

«FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը թիմերի հետևողական աշխատանքի արդյունքում ստեղծված արժեքի պաշտոնական ճանաչումն է։ Այս նվաճումն ընդգծում է Lion Finance Group-ի ռազմավարության հզորությունը, ինչպես նաև նրա նորարարական, տեխնոլոգիաների վրա հիմնված և հաճախորդակենտրոն մոտեցումը թե’ հայկական, թե’ վրացական շուկաներում։ Ես կարծում եմ, որ այս ձեռքբերումը կամրապնդի միջազգային ներդրողների հետաքրքրությունը խմբի նկատմամբ և կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, որոնց պրոֆեսիոնալիզմը և համատեղ ջանքերը հնարավոր դարձրին մեր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում», – նշել է Lion Finance Group-ի գործադիր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031