«Իրանում ռազմական գործողությունների սրացումը երեխաների կյանքեր է արժենում»
Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի հայտարարությունը
ԱՄԱՆ, մարտի 6, 2026 թվական. «ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորապես մտահոգված է Իրանում շարունակվող ռազմական գործողությունների սրացման հետևանքով երեխաների վրա ունեցած մահաբեր ազդեցությամբ/ երեխաների շրջանում գրանցված մահերով։ Ըստ տեղեկությունների, գրեթե 180 երեխա զոհվել է, շատերը ստացել են վնասվածքներ։
Զոհերի թվում են 168 աղջիկներ, որոնք սպանվել են, երբ փետրվարի 28-ին՝ դասերի ընթացքում, ռմբակոծվել է Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի «Շաջարե Թայեբե» աղջիկների տարրական դպրոցը։ Զեկույցների համաձայն՝ զոհվածների մեծ մասը 7-ից 12 տարեկան դպրոցականներ են։ Բացի այդ, Իրանի հինգ տարբեր վայրերում գտնվող այլ դպրոցներում ևս 12 երեխա է սպանվել։
Կարդացեք նաև
Երեխաների շրջանում զոհերը ցավալիորեն հիշեցնում են երեխաների վրա պատերազմի և բռնության դաժան ազդեցության մասին, որի հետևանքները սերունդներ շարունակ անդրադառնում են ընտանիքների և համայնքների վրա։
Երեխաներն ու դպրոցները պաշտպանված են Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում և պետք է լինեն անվտանգ տարածքներ։
Քանի դեռ տարածաշրջանում շարունակվում են ռազմական գործողությունները, երեխաները գնալով ավելի հաճախ են ենթարկվում բռնության, իսկ կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների վնասումը անմիջական վտանգ է ներկայացնում նրանց բարեկեցության համար։ Հաղորդվում է, որ Իրանում վնասվել է առնվազն 20 դպրոց և 10 հիվանդանոց՝ խաթարելով կրթության և կենսական նշանակության առողջապահական ծառայությունների հասանելիությունը երեխաների համար։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրատապ կոչ է անում բոլոր կողմերին՝ հարգել միջազգային իրավունքի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները և ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը։ Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ երեխաների կյանքն ու բարեկեցությունը պետք է մշտապես պաշտպանված լինեն։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է սերտորեն հետևել իրավիճակի զարգացումներին և պատրաստ է աջակցել մարդասիրական ջանքերին՝ աջակցելու ահագնացող բռնությունից տուժած երեխաներին և ընտանիքներին»։


















































