Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից երաժշտության փառատոնը ներկայացնում է հայ կոմպոզիտորական արվեստի չբացահայտված էջերը

Մարտ 06,2026 16:49 Share

Մարտի 5-ին Ժամանակակից երաժշտության փառատոնի հերթական սիմֆոնիկ համերգը երաժշտասեր հանրությանը ներկայացրեց հետաքրքիր ծրագիր՝ կազմված հայ կոմպոզիտորական արվեստի գեղեցիկ ստեղծագործություններից։

Երեկոյի, թերևս, ամենահետաքրքիր ակորդը 20-րդ դարասկզբի հայ երաժշտության թաքնված ռոմանտիկ Ստեփան Էլմասի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտն էր, որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց անվանի դաշնակահարուհի Հեղինե Ռափյանը։

Ստեփան Էլմասը նախորդ դարասկզբի հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչներից է։ 20-րդ դարաշրջանի սկզբին երաժշտության մեջ ի հայտ եկան նոր ու բազմազան ուղղություններ, բայց Եվրոպայում ապրող ու ստեղծագործող այս հայազգի կոմպոզիտորը շարունակեց գրել ռոմանտիկ դարաշրջանին բնորոշ եթերային մեղեդիներ։ Քչերին հայտնի Էլմասը, ունենալով խնդիրներ լսողության հետ, մինչև կյանքի վերջ չդադարեց ստեղծագործել՝ թողնելով դաշնամուրային ստեղծագործությունների մի հսկա ժառանգություն։

Դաշնակահարուհի Հեղինե Ռափյանը նշում է, որ Ստեփան Էլմասի ստեղծագործությունները նրա մահից հետո հայտնաբերվել են դաշնակահար, դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանի կողմից։ 2002 թվականին հաղթելով Էլմասի անվան դաշնակահարների մրցույթում՝ Հեղինե Ռափյանը սկսել է կատարել Էլմասի դաշնամուրային ստեղծագործությունները։ Նա խոստովանում է, որ Էլմասի երաժշտական ժառանգությունն իր համար շատ մեծ ու գեղեցիկ բացահայտում էր։ Տարիներ անց, երբ դաշնակահարուհին տեղափոխվում է Ավստրիա, սկսում է ավելի ինտենսիվորեն զբաղվել Էլմասի արվեստով, նա թողարկում է երկու ձայնասկավառակ, որտեղ ամփոփված են Ստեփան Էլմասի դաշնամուրի 4 սոնատները և դաշնամուրային այլ ստեղծագործություններ, որոնք բոլորը համաշխարհային պրեմիերաներ էին, և Հեղինե Ռափյանի կողմից կատարվում էին առաջին անգամ։ Այսօր արդեն Ժամանակակից երաժշտության փառատոնի շնորհիվ Էլմասի հարուստ ու քնարական երաժշտության հետ ծանոթանալու հնարավորություն է ունենում հայ հանդիսատեսը։

Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաև Գևորգ Հովհաննիսյանի՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Ադաջոն» և Հայկ Բոյաջյանի 3-րդ սիմֆոնիան, որը հնչում էր առաջին անգամ։

Համերգը ղեկավարում էր Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող, արգենտինացի դիրիժոր Ֆերնանդո Օսկար Գաջինին։

Ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական արվեստը հայ ունկնդրին ներկայացնելու և հանրահռչակելու առաքելությամբ։ Փառատոնը անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է GTB Holdings ընկերությունը, որի աջակցությամբ “Universal Edition” խոշոր հրատարակչական հարթակը կսկսի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հրատարակումը՝ լուծելով հայ կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգության պահպանման հարցը և նպաստելով դրանց հանրահռչակմանը միջազգային տիրույթում։

Ժամանակակից երաժշտության փառատոնի գործընկերներն են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն ու Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX)։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031