Լրահոս
Օրվա լրահոսը

63+-ը՝ թոշակի՞, թե՞ բիզնես սկսելու լավագույն տարիք. պաշտոնյաների հայտարարությունների հետքերով. Fip.am

Մարտ 06,2026 17:40 Share

Fip.am. «63-ը թոշակի տարիք է՞։ Այո, 63-ը թոշակի տարիք է։ Բայց ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք։ Իսկ կարող է՞ 63-ը փոքր ու միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետև ո՞վ ունի կյանքի ու աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը․․․ 21-րդ դարում 63-ը, 65-ը, 70-ը, 75-ը ի՞նչ տարիք է․․․ 63 տարեկանը փոքր ու միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է»։ Այս հայտարարությունը նախորդ տարեվերջին Ազգային ժողովի ամբիոնից արել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի միտքը զարգացնելով՝ ավելի ուշ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հավելել էր․ «Այսօր էլ մենք ունենք տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր (հեղ․՝ կենսաթոշակային տարիքի) քաղաքացիներ, որոնք այդ տարիքում աշխատում են, երջանիկ են իրենց աշխատանքով և շարունակելու են իրենց աշխատանքը դեռ երկար տարիներ»։

Ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները

«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է այս պնդումների հետքերով և գրավոր հարցմամբ դիմել Պետական եկամուտների կոմիտեին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ 63 տարին լրացած աշխատող քաղաքացիների վերաբերյալ՝ վերջին մի քանի տարիների համեմատականով պետական/մասնավոր հատվածների հարաբերակցությամբ և ոլորտային բաշխվածությամբ։

Այսպես, 2025 թվականի ամփոփ տվյալներով Հայաստանում աշխատում է 63+ տարիքի 113 010 քաղաքացի (2024-ին՝ 102 685 մարդ)։

Աճի միտումներ՝ 2021-2025 թթ․-ին

63 և բարձր տարիքի աշխատողների թիվը 2021-2025 թվականներին շարունակաբար աճել է։ Ամենամեծ աճը գրանցվել է 2025 թվականին՝ 10 325 անձով՝ 2024 թվականի համեմատ։

Մարտի 5-ին Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2026 թվականի հունվարին» տարեգրության համաձայն 2025թ․-ի տարեվերջի տվյալներով Հայաստանում տարիքային կենսաթոշակ է ստանում շուրջ 389 000 մարդ։ Վերոնշյալ ցուցանիշների համադրությամբ ստացվում է, որ աշխատում է 63+ տարիքի անձանց շուրջ 29 տոկոսը (113․010 մարդ), իսկ ձեռնարկատիրությամբ զբաղվողները կազմում են մոտ 2․8 տոկոսը (11․000 մարդ)։

Այսպիսով, պաշտոնական տվյալները վկայում են, որ 63 տարեկանից բարձր քաղաքացիների աշխատանքային ակտիվությունը վերջին տարիներին աճում է։ Սակայն, վարչապետի այն դիտարկումը, թե «63-ը փոքր ու միջին բիզնես դնելու լավագույն տարիք է», առնվազն վիճակագրորեն չի արտացոլվում։

Գայանե Մարկոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031