Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Մալխասյան. «Ալիեւը սպասում է հնարավորության, որպեսզի կարողանա գլուխ բերել իր, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» կոչվող զառանցանքը»

Մարտ 06,2026 20:05 Share

«Մենք գտնվում ենք, մեղմ ասած, պայթյունավտանգ իրավիճակում, բառիս բուն իմաստով նստած ենք վառոդի տակառի վրա, որովհետեւ այն, ինչ կատարվում է Իրանի հետ եւ Իրանի շուրջ, հինգ պակաս է երրորդ համաշխարհային պատերազմից»,-ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում։

«Այս առումով կցանկանայի անդրադառնալ նախագահ Թրամփի քաղաքականությանը։ Դա մեզ համար շատ կարեւոր է, քանի որ մեր գործող իշխանությունները TRIPP կոչվածի՝ Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում ոչ պաշտոնական երաշխավոր կարգել են Միացյալ Նահանգներին, չնայած վերջինը նման բան էլ չի ասել։ Ուզում են ներկայացնել, որ Թրամփն է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի երաշխավորը։ Բայց բոլորն արդեն գիտեն, որ Մերձավոր Արեւելքը պայթեցնելու Թրամփի այս քաղաքականությունը հավանություն չի գտնում անգամ Միացյալ Նահանգներում։ Մեծ մասը դժգոհ է, քաղաքական ուժերից շատերը, փորձագետները, մամուլը դժգոհ են։

Այդ քաղաքականության պատճառով Թրամփը լուրջ քննադատության է ենթարկվում։ Երեկ պարբերականներից մեկը շատ հետաքրքիր հոդված հրապարակեց Թրամփի մասին՝ նշելով, որ այս մարդն իրեն դիրքավորել է որպես խաղաղության նախագահ, սակայն իր իշխանավարման մեկ տարվա ընթացքում ամերիկյան ռազմական ուժերը գործողություններ են իրականացրել, հիմնականում հրթիռային հարվածներ ինը երկրում՝ Իրաք, Իրան, Կարիբներ, Սիրիա, Վենեսուելա, նորից Իրան եւ այլն։

Այս մարդը, որը խոստանում էր 24 ժամում դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, ըստ էության, 12 ամսվա ընթացքում ոչ միայն չի դադարեցրել այդ հակամարտությունը, այլ ինն անգամ տարբեր կերպ, տարբեր նպատակներով  հարվածել է տարբեր երկրների։

Սա նշում եմ, որովհետեւ 2025 թվականի օգոստոսին, երբ Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը ինչ-որ բաներ ստորագրեցին, որից հետո Նիկոլ Փաշինյանը թուղթ թափահարելով հայտարարեց, որ 30 տարվա կոնֆլիկտից հետո Թրամփի քավորությամբ վերջապես հնարավորություն է եղել խաղաղություն հաստատել եւ առաջարկեց Թրամփին ներկայացնել խաղաղության Նոբելյան մրցանակի։ Ու նրան երկրորդեց Ալիեւը։

Այսինքն, հասկանո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության երաշխավոր, խաղաղության հրեշտակ  ներկայացնում է մի երկրի, որն այս պահին պայթեցնում է Մերձավոր Արեւելքը։ Հենց մեր քթի տակ։ Մենք գիտենք, որ Ալիեը բազմաթիվ նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, նա Արցախը կերել՝ մարսել է։ Հիմա հերթը Հայաստանինն է։ Մի քիչ ուշադիր եղեք Ալիեւի հայտարարություններին։ Ալիեւը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, չի ստում հայ ժողովրդին։ Ալիեւը հստակ ասել է, որ իր համար Հայաստանը «Արեւմտյան Ադրբեջան» է, հստակ ասել է, որ Հայաստանը պետք է բնակեցվի ադրբեջանցիներով, խոսքը 300 հազար թվի մասին է։ Սրանից պարզ նկրտումներ Ադրբեջանի կողմից էլ ո՞րը կարող է լինել։ Դրան գումարած նաեւ Ալիեւի այն հայտարարությունը, որ իրենք քայլելով են մտնելու Երեւան։

Եվ երբ այս ամենը ամբողջացնում ենք, տեսնում ենք, որ Ալիեւը ուղղակի սպասում է հնարավորության, որպեսզի փափուկ ուժի, ինչ-որ տեղ նաեւ կոշտ ուժի միջոցով կարողանա գլուխ բերել իր, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» կոչվող զառանցանքը»,-ասաց Դերենիկ Մալխասյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031