Լրահոս
Օրվա լրահոսը

Աճեմյանական բեմում կներկայացվեն Մարկեսը, Ագաթա Քրիստին, 4 նոր առաջնախաղեր, փառատոն՝ Բուլղարիայում, հյուրախաղ՝ Մոսկվայում․ Գյումրու դրամատիկականը շարունակում է նշել 160-ամյակը

Մարտ 06,2026 21:27 Share

Հայաստանի ամենահին թատրոններից մեկը՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, շարունակում է նշել իր 160-ամյակը։ Աճեմյանցիները դեռ անցած տարվանից շքեղ միջոցառումներով՝ համերգ- շոու ներկայացումով նշեցին թատրոնի «տարեդարձը»՝ ողջ թատերական տարին հայտարարելով տոնական:

Թատրոնը պատրաստվում է չորս նոր առաջնախաղերի ու ինչպես միշտ՝ նոր դեմքերով, նոր ձեռագրերով, հրավիրյալ ռեժիսորների բեմադրություններով։ Եվ այս ամենը կիրագործվի մինչև մայիս ամսվա վերջ։

Շատ շուտով՝ մարտի վերջերին, բեմում կհայտնվի  աշխարհահռչակ կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» այլաբանական պատմվածքի բեմադրությունը, որը կյանքն արժևորելու, ձանձրալի, միապաղաղ առօրյային վերջ դնելու, միասնական ու հոգատար  դառնալու ուղերձ է հասարակությանը։ Բեմադրիչը Արինա Արարատյանն է։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ  Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում  ասաց, որ պիեսը կբեմադրվի թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում։ Նրա տեղեկացմամբ՝ մայրաքաղաքից հրավիրված Արինա Արարատյանը Գյումրու թատրոնում բեմադրություն անելու մեկ փորձ արդեն ունի։ Լյուդվիգ Հարությունյանը խոստանում է, որ հանդիսատեսին շատ սիրուն ներկայացում է սպասվում՝ Մհեր Մկրտչյան փոքր բեմի ոճին համահունչ։

«Մհեր Մկրտչյան փոքր բեմում միշտ պետք է լինեն ժամանակակից, հետաքրքիր դրամատուրգներ ու նոր մոտեցումներ։ Ստեղծագործական խումբը շատ սիրով աշխատում է, կարծում եմ՝ հետաքրքիր ներկայացում կունենանք, ու այն հետագայում կընդգրվի փառատոններում․ առաջին պլան մղված է մարմինը, գործողությունը, քան խոսքը։ Հատկապես միջազգային փառատոներում  նախապատվությունը տալիս են նմանատիպ ներկայացումներին»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Ապրիլի վերջերին հանդիսատեսի դատին կհանձնվի ամերիկացի դրամատուրգ, կոմպոզիտոր Լեոնարդ Գերշի «Թիթեռնիկներ» ներկայացումը: Նրա «Այս ազատ թիթեռները» գրվել է 1972 թվականին և մեծ հաջողություն ունեցել Բրոդվեյում: Այն զվարճալի, հուզիչ, բայց միաժամանակ տխուր պատմություն է ազատության և ինքնաճանաչման ձգտող երիտասարդների մասին։ Գյումրու թատրոնում կբեմադրի երիտասարդ ռեժիսոր Նադեժդա Ավետիսյանը։

Լյուդվիգ Հարությունյանը տեղեկացրեց, որ սա ռեժիսորի առաջին աշխատանքն է թատրոնում։

«Ասեմ, որ այս տարի թատրոնում բեմադրություններ իրականացնում են իգական սեռի ներկայացուցիչները, մեկ ներկայացում էլ Տաթևիկ Ժաքյանը կիրականացնի, նա արդեն մի անգամ մեր թատրոնում բեմադրել է «Բոհեմը»։ Շատ շուտով բեմ կբարձրանա սիրված անգլիացի հեղինակ, դետեկտիվ ժանրի համաշխարհային ամենահայտնի գրողներից մեկի՝ Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը։  Գիտեք, որ թատրոնն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև պատանի հանդիսատեսին՝ խթանելով նրանց մշակութային ներգրավվածությունը, սա արվում է հենց նրանց համար։ Մենք, խաղացանկն ընտրելիս, միշտ համագործակցում ենք քաղաքի մշակութային հաստատությունների, դպրոցների հետ։ Ագաթա Քրիստի ընտրեցինք, որովհետև հասկացանք, որ երիտասարդները շատ են ընթերցում այս հեղինակին։ Իսկ թատրոնը պիտի փորձի հասկանալ, թե որ հեղինակն է նրանց հետաքրքրում։ Ընտրված բոլոր հեղինակներն էլ, կարելի է ասել, հանդիսատեսի պահանջով են»,-ասաց մեր զրուցակիցը։

Թատրոնի գեղավեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը ևս բեմադրություն ունի, նա մայիսին գյումրեցի խստապահանջ հանդիսատեսի առջև հանդես կգա ժամանակակից դրամատուրգ Ռեյ Կունիի «Վատ տղաներ» կատակերգության բեմադրմամբ։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց նաև, որ իրենք շատ են կարևորում հյուրախաղերը։

«Ապրիլ ամսին Գյումրու դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա մայրաքաղաքում, երեքօրյա շարք ենք անելու․ ապրիլի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի տարբեր թատրոններում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նորաբաց շենքում տարբեր ներկայացումներ ենք խաղալու՝ «Բոհեմը», «Ինկած բերդի իշխանուհին» և «Արտիստիկ» համերգ-ներկայացումը։

Մայիս-հունիս ամիսներին թատրոնը չորս մարզային հյուրախաղեր կիրականացնի, իսկ առաջիկա ամենամեծ աշխատանքը կլինի այն, որ թատրոնը պատրաստվում է հունիսին մեկնել Բուլղարիա՝ փառատոնի։ Թատրոնի ցանկում կա «Արտիստիկ» համերգ-ներկայացումը, որը, կարծում եմ, շատ շատերը տեսել են, այդ ներկայացումը պարային ձևաչափով հրավիրվել է Բուլղարիա՝ փառատոնի։

Իսկ շուտով Հայաստանում կմասնակցենք  փառատոնի, կա մի  փառատոն, որը կարևոր իրադարձություն է թատերական աշխարհի համար, խոսքս «Արտավազդ» մրցանակաբաշխության մասին է, որին մեր թատրոնը կմասնակցի մի քանի նոմինացիաներով, այնպես որ մարտի 27-ին կմեկնենք Երևան։

Ինձ համար շատ կարևոր է, որ միշտ նոր ու հետաքրքիր պիեսներ ընտրվեն ու նոր ձեռագրեր լինեն։ Թատրոնում  բավական շատ նոր երիտասարդ ստեղծագործողներ կան, ինչքան տարբեր մոտեցումներ, այնքան շահելու է հանդիսատեսը։ Կարևորում եմ, որ երիտասարդները թատրոն մուտք գործեն ոչ միայն որպես դերասաններ, այլ որպես բեմադրիչներ»։

Լյուդվիգ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ համատեղ ներկայացում են բեմադրելու Կապանի թատրոնի հետ, թեև ցանկություն կա նոր ձևաչափով համագործակցելու՝ ոչ թե երկու, այլ երեք թատրոններով համատեղ նախագիծ իրականացնելու․ Գյումրու ու Կապանի թատրոններին միանա Վանաձորի թատրոնը։

Աճեմյանցիները, իհարկե, չեն սահմանափակվելու այս ամենով, նրանք ծրագիր ունեն թատրոնի 160-ամյակի շրջանակներում հյուրախաղերով հանդես գալ Մոսկվայում․ Լյուդվիգ Հարությունյանի տեղեկացմամբ՝  պահանջարկը կա, նախնական պայմանավորվածությունը՝ ևս։ Ըստ նրա, աշխարհի տարբեր անկյուններում եղել են, բայց ռուսաստանաբնակ հայրենակիցների համար դեռևս ոչ մի ներկայացում չեն խաղացել։

Նա հպարտորեն նշում է, որ ներկայացումների ժամանակ թատրոնի դահլիճը մշտապես լեփ-լեցուն է, ակտիվորեն համագործակցում են բուհերի, մշակութային օջախների հետ, իսկ անցած տարի մեծ ցուցանիշ են գրանցել․ 14 հազար հանդիսատես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրած անվճար բաժանորդագրերով թատրոն է հաճախել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031