Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են
«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտ»-ն ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։
Ուրբաթ երեկոն շաբաթվա ամենասիրելի ժամանակահատվածն է իմ համար դեռեւս պետական ծառայության տարիներից, քանի որ առջեւում երկու հանգստյան օր է, որը հնարավոր է վայելել ընտանիքի հետ:
Հեռախոսի զանգը կտրեց մտովի ճամփորդությունից, Վրաստանի գործընկերս էր՝ Շալվա Կուպրաշվիլին: Հրավիրում էր Թբիլիսի միջոցառման:
Կարդացեք նաև
Դե ինչպես հին ու բարի ժամանակներում, երբ մեկնում էինք հանկարծակի գործուղումների՝ արագ զանգ տուն, ճամփորդական պայուսակի պատրաստություն եւ մեկնում: Սակայն այս անգամ մեկնում էի կնոջս հետ, արարողակարգային հրավեր էր՝ միասին նշելու Շալվայի դետեկտիվ ընկերության հիմնադրման հոբելյանը:
Ճամփորդությունը Երեւանից Թբիլիսի շատ եմ սիրում, քանի որ անցնում է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերով՝ կապուտակ Սեւանի ափով, հետո Դիլիջանի գեղատեսիլ աշնան գույներով կրակվող անտառների միջով անցնող ոլորաններով, հետո արդեն վրացական սահման ու Թբիլիսի: Քաղաք, որի գրեթե յուրաքանչյուր հին հատված լեցուն է հայկականությամբ ու հայկական շնչով:
Հյուրանոցում տեղավորվելուց հետո՝ պարտադիր զբոսանք Թիֆլիսի հին թաղերուն մեջ:
Երեկոյան ընթրիքը նախատեսված էր Գորգասալի ռեստորանում: Ռեստորանը 17-րդ դարի կառույց է: Սա այն ռեստորանն էր, որտեղ 2005թ. ընթրել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Վրաստան այցի ժամանակ: Մենք որպես պատվավոր հյուրեր նստել էինք հենց այն սեղանի շուրջ, որտեղ ճաշել էր ԱՄՆ նախագահը:
Միջոցառման ամենաթեժ պահին Շալվային մոտեցավ մի տղամարդ: Նրանք միասին հեռացան դահլիճից: Երկու րոպե չանցած հեռախոսիս Շալվայից նամակ եկավ, հրավիրում էր միանալ իրենց:
Մեր սեղանին մոտեցած վրացին, անունն Իրակլի էր, բավականին ազդեցիկ դիրք ուներ, ռեստորանների ու այլ զվարճանքի վայրերի ցանց ողջ Վրաստան տարածքում: Ծանոթանալուց հետո նա հուզված ու նեղսրտած սկսեց իր պատմությունը՝ Բաթումիի կենտրոնում գտնվող իր բավականին բարձրակարգ ռեստորանի ապակիները գրեթե ամենշաբաթյա հաճախականությամբ կոտրում են: Ոստիկանությունը ոչինչ չի կարողանում անել: Չարամիտները դիմակներով մոտենում են, քարերով կոտրում ապակիները: Ամենակարեւորը՝ քարը փաթեթավորված է լինում թղթերով, որոնց մեջ ուղղակի ռուսերեն հայհոյանքներ են իր ու իր ընտանիքի հասցեին: Ամենակարեւոր փաստն այն է, որ երբ իրենք անլուր հսկողության տակ են վերցնում տարածքը, այդ օրերին ոչինչ չի պատահում:
Խնդրեցինք մանրամասները ներկայացնել առավոտյան Շալվայի գրասենյակում ու մենք գնացինք մեր միջոցառմանը՝ ամրապնդելու հայ-վրացական եղբայրությունը լավագույն կենացների ու անեկդոտների «մենամարտերով»:
Հաջորդ օրն առավոտյան կնոջս ճանապարհեցի Երեւան ու գնացի Շալվայի օֆիս: Իրակլին եկավ:
Ըստ նրա՝ ինքը որեւէ մեկի հետ խնդիր չունի, թշնամիներ չունի, բիզնեսում ամեն ինչ օք է: Աղջիկն ամուսնացած է Վրաստանում, իսկ որդին՝ Դաթոն ստացիոնար սովորում է Մոսկվայի հայտնի համալսարաններից մեկում:
Իրակլին մանրամասները տրամադրելուց հետո հեռացավ: Իմ համոզմամբ՝ սա սովորական վախեցնելու գործողություն չէր: Ես ու Շալվան սկսեցինք պլանավորել մեր գործողությունները: Որոշվեց՝ Շալվան զբաղվում է Վրաստանով, ուսումնասիրում աշխատակիցներին, հնարավոր մրցակիցներին, իսկ ես զբաղվում եմ Վրաստանից դուրս հնարավոր հակառակորդների որոնմամբ:
Սկսեցի Դաթոյի կենսակերպից՝ որպես առաջին կապող հանգույց։ Խորքային վերլուծության ենթարկեցինք նրա սոցիալական ցանցերը, որտեղ կային հին լուսանկարներ, նշումներ համալսարանական միջոցառումներից։
Առաջին հայացքից՝ կովկասցի հարուստ ծնողների հաջողակ որդու դասական կյանք. սպորտային թանկարժեք մեքենա, Մոսկվայի կենտրոնում վարձակալած բնակարան, հարուստ կյանքով ապրող ընկերներ։ Բայց վեց-յոթ ամիս առաջ նրա հրապարակումները սոցցանցերում կտրուկ փոխվել էին։ Մինչ այդ՝ ակտիվություն, հետո՝ գրեթե լռություն։ Դա տարօրինակ դադար էր։ Մարդը կարող է ջնջել գրառումը, բայց չի կարող ջնջել հրապարակումների միջեւ առկա ժամանակագրությունը։ Հին նշումներում, երրորդ անձանց էջերում, ընդհանուր լուսանկարներում մեկ անուն կար մշտապես, որը հետո կտրուկ անհետացել էր։ Դաթոն կարծես փորձել էր մաքրել հետքերը։
Շալվան աշխատում էր Վրաստանով մեկ փռված Իրակլիի բիզնես կայսրության վերլուծությամբ։
Ուսումնասիրություններով պարզել էր, որ բիզնեսների ներսում որեւէ հակամարտություն չկար, ոչ մի նեղսրտած աշխատակից, ոչ մի ֆինանսական խնդիր։ Սակայն ապակիները կոտրվում էին այն օրերին, երբ Իրակլին Բաթումիում չէր լինում։ Ինչ-որ մեկը հստակ գիտեր նրա տեղաշարժը։ Եվ այդ տեղեկատվությունը հասանելի չէր լայն շրջանակի։ Սա արդեն պատահականություն չէր։
Ես համադրեցի Դաթոյի կյանքի փոփոխությունները Բաթումիի միջադեպերի հետ։ Առաջին կոտրված ապակին՝ նրա սոցիալական ցանցերում կատարած առաջին խմբագրումներից հետո էր, երկրորդը՝ Վրաստան կարճատեւ այցից հետո, երրորդը՝ Մոսկվա վերադարձից հետո։ Սա հուշում էր, որ ամենայն հավանականությամբ գործողությունները ոչ թե զուտ վնասարարություն են, այլ պատասխան՝ թույլ տրված արարքի դիմաց։
Ես որոշեցի մեկնել Մոսկվա: Վնուկովո օդանավակայանից մեկնեցի ՊՐԻՆՑ ՊԱՐԿ հյուրանոց, որտեղ պրեզիդենտական համարն ինձ համար ամրագրել էր հյուրանոցի սեփականատերը, իմ լավ եղբայր Կարենը:
Ճանապարհին մեքենայի ապակուց նայում էի Մոսկվայի գիշերային լույսերին ու մտածում էի մի պարզ բանի մասին. երբ մարդը սկսում է «մաքրել» իր կյանքի էջերը՝ ինչ-որ մեկի աչքից բան թաքցնելու համար, դա սովորաբար չի արվում միայն ամոթից։ Դա արվում է վախից։ Իսկ վախը արդեն ճանապարհ է բացում դեպի ամենավտանգավոր սցենարները։
Կարենն ինձ հյուրանոցում դիմավորեց ոչ թե որպես հյուրանոցի սեփականատեր, այլ կարոտած եղբայր:
Առավոտյան մեկնեցի համալսարան, որտեղ ինձ էր սպասում Ռուսաստանի լավագույն խուզարկուներից իմ եղբայր ու գործընկեր Հովհաննես Բաբաջանյանը: Համալսարանի անվտանգության գծով պրոռեկտորը նրա մոտ ընկերն էր: Պետք էր շատ խորը ուսումնասիրել: Բայց մինչ համալսարան գնալը, ես արդեն հանձնարարել էի Շալվային մի բան պարզել։ Ռեստորանի անվտանգության համակարգի պատասխանատուներն ովքե՞ր են։ Ովքե՞ր ունեն Իրակլիի տեղաշարժի մասին տեղեկատվություն։
Հովհաննեսը միշտ ճիշտ ժամին ճիշտ տեղում հայտնվելու վարպետ է։ Սեփական մեթոդներն ունի՝ առանց աղմուկի եւ ավելորդ գործողությունների մեկ քայլից երկու ինֆորմացիա քաշել։ Ես գիտեի՝ եթե նա ասում է «պրոռեկտորը մերն է», դա նշանակում է՝ համալսարանի ներսում մենք օտար չենք լինելու։
Պրոռեկտորը մեզ ընդունեց իր աշխատասենյակում։ Կոկիկ հագուկապով, զինվորականին վայել հստակ շարժուձեւով ուժային կառույցների նախկին գեներալ էր: Ծառայության ավարտից հետո բոլոր հասարակարգերում էլ նախկին ուժայինները ցանկացած կազմակերպության համար արժեքավոր անվտանգության ստորաբաժանման ղեկավար են: Հովհաննեսն արդեն ներկայացրել էր նրան ինձ եւ մենք կարծես վաղեմի բարեկամներ՝ սկսեցինք մեր զրույցը։
Մենք սկսեցինք Դաթոյից։ Համալսարանում նրա «կյանքը» միայն դասերից չէր կազմված։ Այստեղ կյանքը կազմված էր տարբեր խմբերից ու միջոցառումներից՝ բաց ու փակ։ Բաց խմբերում քննարկումներ են ուսանողական կյանքից ու դասերից։ Փակ խմբերում՝ որոշվում է, թե ով ում հետ կխոսի, ով ում կողքով կանցնի, ու ով ում հետ նույնիսկ պատահաբար չի շփվի։
Գեներալն ուներ մեծ տեղեկատվական բազա, որտեղ հավաքագրած էին տվյալներ բոլորի մասին՝ մուտք-ելքի արձանագրությունները, գրադարանի այցելությունները, մարզասրահի գրանցումները, անձնական ու սիրային կապեր եւ այլն։ Եթե անվտանգության ղեկավարը պրոֆեսիոնալ է, ապա ամեն մանրուք գրանցվում է։ Որոշեցի ամենափոքրից սկսել։ Դաթոյի թղթապանակում մի մեծ «բաց» կար, մի քանի շաբաթվա հատված, երբ նրա սովորական ռեժիմը կտրուկ խախտվել էր։ Եվ հենց այդ հատվածն էր համընկնում սոցիալական ցանցերի փոփոխությունները։
Հովհաննեսը կողքից հարցրեց պրոռեկտորին՝ թե «Դաթոն ընկերուհի ունի՞»։ Դա ճիշտ հարց էր։
Գեներալը բացեց թղթապանակն ու տվեց մի սովորական ռուսական անուն։ Բայց ես չեմ հավատում «սովորական» բառին, երբ գործ ունենք Մոսկվայի էլիտար համալսարաններից մեկի հետ։ Այնտեղ ամեն երկրորդ «սովորականը» ունի ոչ սովորական հովանավոր, իսկ ամեն երրորդը՝ ոչ սովորական կյանք։
Աղջիկը ռուս չէր։ Կիսով չափ վրացի, կիսով չափ չեչենական արմատներով։ Սովորում էր նույն համալսարանում։ Սիրավեպը արագ էր սկսվել, ավելի արագ՝ խորացել։ Իսկ հետո՝ նույնքան արագ ավարտվել։ Դաթոն պարզապես հեռացել էր։ Առանց բացատրության, առանց պատասխանատվության։
Վերցրեցինք աղջկա տվյալներն ու դուրս եկանք:
Ես ու Հովհաննեսը քայլում էինք համալսարանի բակում։ Աշնանային մոսկովյան սառը օդը խփում էր մեր դեմքերին։
Դաթոյի շուրջը մի պատմություն էր եղել, որը նա փորձել էր ջնջել ու մոռանալ։ Բայց պատմությունն իրեն չէր մոռացել։ Այն վերածվել էր հատուցման պահանջի։ Իսկ պահանջները, երբ գալիս են այն աշխարհից, որտեղ կապերն ավելի ուժեղ են օրենքից, սովորաբար չեն ավարտվում «խնդրում եմ»-ով։
Հովհաննեսը մի պահ հեռացավ ու հետ վերադառնալով ասաց.
«Եղբայրս, աղջկա ընտանիքը… սովորական ընտանիք չէ։ Էստեղ անուններ կան, որոնց հետ մարդիկ նույնիսկ կատակ չեն անում։ Նրանք մարդուն նախ զգուշացնում են։ Իսկ ապակիները հենց զգուշացման մասին են վկայում»։
Արդեն հստակ ուրվագծվում էր խնդիրը: Աղջիկը սովորական ընտանիքից չէր, նրա հայրն ազդեցիկ գործարար էր, Ռուսաստանի լոգիստիկայի ոլորտում բավականին լավ դիրքերում։ Նա լավ կապեր ուներ Ռուսաստանի պաշտոնական շրջանակների ու հանցավոր աշխարհի մի շարք հեղինակությունների հետ Մոսկվայում եւ Հարավային Ռուսաստանում։ Նա այն մարդկանցից էր, ում շրջապատում պատիվը քննարկման թեմա չէ, այն պաշտպանվում է։ Դաթոն հարաբերությունները կտրուկ էր դադարեցրել։ Աղջիկը դա ծանր էր տարել։
Երեկոյան Հովհաննեսի հետ վերադարձանք հյուրանոց։ Կարենն ու եղբայրներս սպասում էին ռեստորանում: Ամբողջ գիշեր ՊՐԻՆՑԻ հյուրընկալ պատերի ներքո թնդում էր հայկական երաժշտությունն ու հայկական տրամադրությունը:
Առավոտյան զանգ ստացանք Շալվայից: Պարզվեց՝ հիմնական ինֆորմացիան անցնում էր անվտանգության նոր աշխատակցի ձեռքով։ Վեց ամիս առաջ էր տեղափոխվել Ռուսաստանից Վրաստան։ Ռեզյումեն՝ անթերի, նախկին աշխատանքային փորձը՝ միջազգային կազմակերպություններում անվտանգության պատասխանատու։ Մենք սկսեցինք այդ աշխատակցի ուսումնասիրությունը եւ պարզվեց, որ մինչեւ Վրաստան գալը աշխատել է մի խոշոր ռուսական հոլդինգում: Հոլդինգի սեփականատերն այդ աղջկա հայրն էր: Այդ պահին ամբողջ շղթան փակվեց։
Իրակլիի տեղաշարժի մասին տեղեկատվությունը դուրս չէր գալիս պատահական արտահոսքով։ Այն փոխանցվում էր համակարգված։ Նոր անվտանգության աշխատակիցը, պատասխանատու լինելով ներքին անվտանգության համար կազմակերպության ներսում, փաստացի ինքն էր դարձել տեղեկատվական արտահոսքի աղբյուր։ Նա գիտեր, թե երբ է Իրակլին քաղաքում, երբ՝ ոչ։ Եվ հենց այդ օրերին էին «անհայտ դիմակավորները» հայտնվում։ Աղջկա հոր անվտանգության թիմը փաստացի կարողացել էր ներդնել իր մարդուն Իրակլիի թիմում:
Արդեն ամեն բան պարզ էր, անհրաժեշտ էր կանխել հետագա զարգացումները: Շալվան վրացի հեղինակություններից մեկի միջոցով ձեռք էր բերել պայմանավորվածություն հանդիպելու: Այդ միջնորդը բավականին լավ կապեր ուներ ռուսական բարձրաշխարհիկ, ինչպես նաեւ կրիմինալ շրջանակներում։
Շալվան ու Իրակլին ժամանեցին Մոսկվա:
Կազմակերպեցինք փակ հանդիպում մերձմոսկովյան էլիտար փակ ակումբներից մեկում։ Նման հանդիպումներում խոսում են ոչ թե փաստաթղթերով, այլ հեղինակությամբ ու պատասխանատվությամբ։
Հանդիպման մթնոլորտը ծանր էր։ Հրաժեշտ տվեցինք առանց որեւէ պայմանավորվածության: Սակայն այդ օրվանից Բաթումիի ռեստորանի ապակիները մնացին անվնաս։
Օդանավակայանում մեր ճանապարհները բաժանվում էին, ես մեկնում էի Հայաստան, Իրակլին ու Շալվան Վրաստան:
Թռիչքի ժամանակ մտածում էի մի պարզ ճշմարտության մասին: Բիզնեսում ամեն ինչ կարելի է բանակցել։ Բայց երբ հարցը դառնում է պատիվ, բանակցությունները ընթանում են լուռ: Եվ եթե այդ լռությունը ճիշտ պահին չլսես, հաջորդը կարող է լինել ոչ թե կոտրված ապակի, այլ կոտրված կյանք։
ՀԱՅԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


















































