Ի՞նչ կասեիք դուք, եթե որեւէ երկրի ղեկավար հայտարարեր, որ ինքն անպայման պետք է ներգրավված լինի մեկ այլ երկրի ղեկավարի «նշանակմանը» («I have to be involved in the appointment»): Մինչեւ վերջին ժամանակներս, դուք, հավանաբար, կասեիք, որ նախ՝ պետությունների ղեկավարները չպիտի «նշանակվեն» եւ երկրորդ՝ այն հարցը, թե ով պետք է ղեկավարի այս կամ երկիրը, որոշում են այդ երկրի քաղաքացիները:
Բայց, քանի որ նման բան ասողը ԱՄՆ նախագահ Թրամփն է (առաջ այդ պաշտոնը զբաղեցնողին անվանում էին «ազատ աշխարհի առաջնորդ»), իսկ երկիրը, որի ղեկավարին «նշանակելու» հավակնություններ նա ունի, Իրանն է, ժողովրդավարության եւ միջազգային իրավունքի ընդհանուր պատկերացումները, կարծես թե, այլեւս չեն գործում: Առաջին պլան են դուրս գալիս աշխարհաքաղաքական համակրանք-հակակրանքները: Համաձայն դրանց, Х երկիրը կամ երկրների խումբը «բարիքի առանցքում են», իսկ Y երկիրը կամ երկրների խումբը՝ «չարիքի առանցքում»: Մոտեցում, որը հակասում է թե՛ սովորական տրամաբանությանը, թե՛, առավել եւս, պետական մտածողության կանոններին:
Ի դեպ, 1953 թվականին ԱՄՆ-ը Բրիտանիայի հետ միասին արդեն մի անգամ «ներգրավվել էր» Իրանում ղեկավար «նշանակելուն»: Օպերացիան իրականացրել էին CIA-ը եւ MI6-ը, իսկ «փորացավը», բնականաբար, նույն նավթն էր: Բայց այն ժամանակ գոնե ամաչում էին դրա մասին բարձրաձայն խոսել եւ պնդում էին, որ շահի վերադարձը «իրանական ժողովրդի ընտրությունն» է:
Ինչ մնում է համակրանքին: Երբ ազգային՝ ներհայաստանյան կամ միջազգային ասպարեզում ի հայտ է գալիս մի «սամոդուր», որը լծակներ ունի բոլորին ճնշելու, իմ համակրանքը նրանց կողմն է, ովքեր այդ «սամոդուրին» դիմադրում են: Դրա օրինակն է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, որը հրաժարվել է տրամադրել իր երկրում տեղակայված բազաները՝ Իրանին հարվածելու համար: Կամ՝ պահպանողական հայացքներ ունեցող մեկնաբան Թաքեր Կարլսոնը, որն այդ հարվածները համարել է ԱՄՆ շահերին հակասող:
Կարդացեք նաև
Թրամփը Իսպանիայի վարչապետին անվանել է «լուզեր» եւ սպառնացել խզել այդ երկրի հետ տնտեսական կապերը, իսկ Կարլսոնի մասին ասել է, թե նա այնքան խելացի չէ, որ հասկանա, թե ինչ է նշանակում «make America great again»:
…Բայց, մյուս կողմից, կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ը ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկիր է, եւ Թաքերին, ենթադրում եմ, չի սպառնում «ապօրինի գույքի առգրավում», առավել եւս՝ դժվար թե նրան ազատազրկեն սահմանադրական կարգը տապալելու կոչերի կամ խուլիգանության համար:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Վերջին տարիներին տարբեր երկրներում «ընտրված» ղեկավարների մեծ մասի հոգեկերտվածքը, ինքնասիրահարվածության աստիճանը, անհավասարակշիռ որոշումներ ընդունելու բնավորությունը ցույց են տալիս, որ նրանց ետևում կանգնած ֆինանսա-ռազմա-քաղաքական ուժերին հենց այդպիսի «դուխով մաչոներ» են պետք այդ ուժերի շահադիտական ծրագրերն իրականացնելու համար, իսկ այդ նպատակով հրահրված պատերազմների հակամարդկային ընթացքն ու հետևանքները շպարվում են «չարիքի առանցքը արմատախիլ անելու», «ժողովրդավարություն հաստատելու» «իսլամական ֆունդամենտալիզմը կործանելու» և այլ նմանատիպ լոզունգներով։
Կյանքը ցույց է տալիս, այդպիսի «ընտրված» ղեկավարները վերահսկելի են լինում իրենց առաջադրող ուժերի կողմից, քանի որ «ընտրյալների» վրա ունենենում են որոշակի «դոսյեներ», պոտենցիալ կամ առկախված քրեական գործեր, խնամքով թաքցված սենսացիոն տեսահոլովակներ կամ լուսանկարներ և այլն (oրինակ` 2025 թ-ին Իլոն Մասկը մեղադրել է Թրամփին մանկապղծության մեջ, իսկ Նեթանյահուն մեղադրվում է կաշառք վերցնելու, վստահությունը չարաշահելու և խարդախության մեջ): Այդ կարգավիճակում գտնվող ղեկավարների համար Վենեսուելայի, Գրելանդիայի, Կանադայի, Գազայի, Լիբանանի սուվերենության նկատմամբ ոտնձգությունները, Իրանի դեմ սանձազերծած պատերազմը (որն սկսվեց անմեղ երեխաների նահատակությամբ) ներքին լսարանի ուշադրությունը ցանկացած գնով դեպի արտաքին աշխարհ շեղելու և այնտեղի «հրեշների ոչնչացման» գործում «անկրկնելի ղեկավարի» իմիջ ձեռք բերելու, մեկ այլ դեպքում էլ՝ Կովկասում և աշխարհի այլ անկյուններում «խաղախություն հաստատելու» համար Նոբելյան մրցանակ ստանալու պրիմիտիվ խորամանկություն է։
Ինչպես Պարույր Սևակն է ասել․
Պարն ավարտվել,
Ու խաղն արդեն վերջանում է:
Հանեցե՛ք ձեր դիմակները ․․․
Համաձայն դրանց, Х երկիրը կամ երկրների խումբը «բարիքի առանցքում են», իսկ Y երկիրը կամ երկրների խումբը՝ «չարիքի առանցքում»:
Սա նոր չէ:. Ամբողջ հին կտակարանը սրա մասին է. թե ինչպես է «ընտրյալ ազգը» ավետյաց երկիր իր ճանապարհին կանգնած ազգերին ոչնչացնում աջ ու ձախ: Ինչո՞վ է սա ֆաշիզմից տարբերվում. որ իրենց աստծո անունո՞վ է արվում: Աստծո անունով ու նկարի խեղկատակի ձեռքով, որին մեր խեղկատակը խաղաղության Նոբելյան մրցանակի էր ներկայացրել: