«Հայաստանում շուրջ 1400 դպրոցների մեկ երրորդը՝ 400-ից մի քիչ ավելին, հարյուրից քիչ աշակերտ ունի։ 400-ից առանձնացրել են մոտավորապես կեսը՝ մոտ 230-ը և նախատեսել բյուջետային խնայողություններ կատարել։ Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ։ Ծախսերն օպտիմալացնելու նկատառմամբ մտածել են, որ կարելի է բոլոր երեխաներին տանել և կենտրոնացնել մի քանի դպրոցներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «ՀայաՔվեի» կրթամշակութային հանձնախմբի համակարգող, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը, երբ անդրադառնում ենք մարզերում դպրոցների փակման՝ կառավարության որոշմանը։
Նա բերում է կոնկրետ օրինակներ։ «Ամենաաղետալի վիճակը Սյունիքում և Շիրակում է։ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում բնակավայրերի թիվը 26 է։ Վերջին յոթ տարվա ընթացքում այդ 26 բնակավայրից արդեն յոթում դպրոցները փակվել են։ Այս պահի դրությամբ գործում է 19 գյուղի դպրոց, իսկ մնացած յոթի աշակերտները հաճախում են հարևան գյուղերի դպրոցները։ Հիմա այս ծրագրով նախատեսվում է այդ 19 գյուղի դպրոցներից թողնել ընդամենը չորսը, ինչը նշանակում է, որ մնացած 15 դպրոցների աշակերտները ևս սկսելու են հաճախել հարևան գյուղերի դպրոցներ։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Դա նշանակում է կորցնել այդ բնակավայրերը, որովհետև այն յոթ գյուղում, որտեղ արդեն դպրոցները փակվել են, բնակչությունը նվազել է, մոտավորապես կիսվել է։ Շատերն ուղղակի ընտանիքներով Ամասիայից տեղափոխվել են Գյումրի։ Ասում ենք՝ այս պրոցեսն արագացվելու է, եթե մնացած բնակավայրերում ևս դպրոցները փակվեն։ Դպրոցները փակելու հիմնավորումն, ըստ էության, ֆինանսական է, որովհետև փոքր թվաքանակով աշակերտների պարագայում շատ ուսուցիչներ ենք ունենում, և նրանք վարձատրվում են ամբողջ դրույքով։ Համապատասխան որոշման համաձայն՝ 2023 թվականից սկսած, եթե անգամ աշակերտների, դասարանների թիվը քիչ է լինում, ուսուցիչները, միևնույնն է, պետք է ամբողջ դրույքով վարձատրվեն, և դա փոքր դպրոցների ծախսերը մեծացրել է։ Կարծում ենք, որ ավելի լավ է շատ ծախս անել, դպրոցը պահել, քան այն փակել։ Ուսուցիչներից բացի, դպրոցն ունի լրացուցիչ աշխատակազմ, որոնք ևս կորցնելու են իրենց աշխատանքը։ Թվերի լեզվով խոսենք։ 229 փակվող դպրոցում հիմա աշխատում է 2310 ուսուցիչ, իսկ օժանդակ աշխատակազմը՝ մոտ 2400 մարդ։ Այդ 229 դպրոցում սովորող աշակերտների թիվը մոտ 8700 է։ Ստացվում է, որ քանդվելու են այս ենթակառուցվածքները։
Ասվում է, որ ուսուցիչներին կտեղափոխեն հարակից գյուղերի դպրոցները, բայց պարզ է, որ նրանց կարիքն այդ դպրոցներում այնքան էլ չի լինելու։ Փակվող դպրոցներից տեղափոխվող աշակերտները համալրելու են եղած դասարանները, նրանց համար նոր դասարան չի բացվելու։ Սա նշանակում է, որ ուսուցիչների զգալի մասը՝ 90 տոկոսից ավելին, կորցնելու է իր աշխատանքը։ Սրա հետևանքով սոցիալական հարցերն էլ են բարդանալու, հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում»,-նկատում է մեր զրուցակիցը։
«ՀայաՔվեն» ունի իր առաջարկը, թե ինչ պետք է անել։ «Մեր առաջարկը հետևյալն է՝ ձեռք չտալ տարրական և միջին դպրոցին։ Եթե անգամ 20, 30 աշակերտ է, միևնույնն է, պահպանել տարրական և միջին դպրոցը, այսինքն՝ մինչև 9-րդ դասարանը երեխաները պարտադիր դպրոց հաճախեն իրենց բնակավայրում։ Իսկ ավագ դպրոցի պարագայում նույնիսկ արդյունավետ է կենտրոնացնելը։ Դա հնարավորություն կտա երեխաներին հոսքերով դասարաններ հաճախել մեծ բնակավայրերում։ Կարելի է կազմակերպել այդ կենտրոնացումը, օպտիմալացումը ավագ դպրոցների պարագայում։ Զարգացած երկրներում ավագ դպրոցը՝ «High school»-ը, կազմակերպում են կենտրոնացված, որը հնարավորություն է տալիս երեխաներին մասնագիտական ընտրություն կատարել, նաև նախապատրաստում նրանց բուհական կյանքին։ Դժվար է երեխայի համար փոքր գյուղի դպրոցից միանգամից հայտնվել համալսարանում և շատ մեծ միջավայրում։ Լավ կլինի, որ այդ միջանկյալ հատվածը երեխաներն անցկացնեն խոշորացված ավագ դպրոցներում: Այդպիսով՝ նաև կրթության արդյունավետությունը կբարձրանա։ Այս դեպքում ոչ թե 229 դպրոց կփակվի, կկենտրոնանա, ասենք, 50 դպրոցում, այլ խոշոր ավագ դպրոցներ կլինեն, ինչը շատ լավ հնարավորություններ կտա մեր երեխաներին։ Լեզուների ուսուցում կիրականացվի, իրար հետ կշփվեն, և կրթության որակը կբարելավվի»,-հավելում է փորձագետը։
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































