Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների համաձայն, Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն ընդամենը 18 տոկոս է, Սամվել Կարապետյանինը` 6%, Ռոբերտ Քոչարյանինը` 3%, Գագիկ Ծառուկյանինը` 3%։ Այս վատ պատկերից ՔՊ-ական իշխանությունը ցնծության մեջ է ընկել:
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանի հետ:
– Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների` ՔՊ կուսակցությունն այս պահին ունի 18 տոկոս ձայն, սակայն դրանից Փաշինյանի ռեժիմը շատ է ուրախացել: Ըստ Ձեզ` 18 տոկոսը լա՞վ ցուցանիշ է, եւ, առհասարակ, այս հարցման մասին ի՞նչ կարծիք ունեք:
– IRI-ի հարցումները բավականին վստահելի են, նրանք հիմնականում ճշգրիտ ցուցանիշներ են տպագրում, սակայն իրենք պատվիրատուն են, այլ ոչ թե կատարողը։ Սա շատ կարեւոր նրբություն է, նրանք մշտապես դիմում են տեղական ինչ-որ կազմակերպության: Բնական է, որ տեղական կազմակերպությունն էլ այդ աշխատանքն իրականացնում է, խոսքը տեղական սոցիոլոգիական ծառայությունների մասին է։ Սա` մեկ։ Երկրորդ․ ես ինչո՞ւ էլ չեմ համագործակցում նրանց հետ…. ժամանակին համագործակցում էի, իսկ քովիդից հետո, քանի որ նրանք անցան հեռախոսային հարցումների, իսկ ես նախկինում միշտ դեմառդեմ էի անում հարցումներ` այցելելով հարցվողների տները, այն կոչվում է «ֆեյս թու ֆեյս»` դեմառդեմ հարցումներ: Դեռ այդ ժամանակներից սկսվեց հեռախոսային հարցումների պրակտիկան, ճիշտն ասած, ես՝ ինքս, դրան չվստահելով, քանի որ բազմաթիվ մեթոդական նրբություններ կան, որ անգամ չարժե այդ մասին երկար-բարակ խոսել, որոշեցի նրանց հետ ուղղակի չհամագործակցել: Ես այն կարծիքին եմ, որ քաղաքական հարցումները հեռախոսի միջոցով սխալ` ոչ վստահելի են, իրականությունը չարտացոլող: Մարդիկ միշտ էլ կասկածներ ունեն, որ կարող են գաղտնալսել, հետո՝ կա աշխատանքը կորցնելու վտանգ եւ այլն: Խոսքը բացառապես քաղաքական հարցումների մասին է: Իսկ, օրինակ, եթե հարցնեն` առավոտյան կոֆե խմո՞ւմ եք, թե՞ ոչ, կամ՝ ի՞նչ ճաշատեսակներ եք գերադասում, մարդիկ, վստահաբար, անկեղծ կպատասխանեն այդ հարցերին, քանի որ այդ պարագայում վախ չկա, բայց քաղաքական հարցումներն այլ են: Կուսակցություններ, ընտրություններ, առաջնորդներ` հնարավոր չէ հեռախոսի միջոցով մարդկանց իրական կարծիքն իմանալ:
Կարդացեք նաև
– Ընդդիմությունը կարող է ինչ-որ բաներ խոստանալ եւ դրա դիմաց վարկանիշ բարձրացնել, սակայն իշխանությունները, փաստացի, ինչ կարողացել են, արդեն արել են` թոշակների բարձրացում, սահմաններին կրակոցներ չկան, ոմանց ներշնչել են, որ վերջապես այդքան բաղձալի խաղաղությունը թակել է Հայաստանի դուռը: Իշխանությունները կարո՞ղ են այլ խոստումներով վարկանիշ բարձրացնել, թե՞ նրանց լիմիտը սպառվել է:
– Հենց դա է ողջ խնդիրը: 8 տարում ինչ կարողացան անել, արեցին, սակայն, ըստ երեւույթին, խոստացածն ամբողջապես չկարողացան անել, քիչ արեցին, եւ դրա համար էլ վարկանիշը ցածր է: Վերջին մի քանի ամսում մի 10 հազարով թոշակ բարձրացնելը մի մեծ բան չէ: Նախքան այդ էլ ասում էին` անիմաստ է, չենք բարձրացնելու թոշակ, փող չկա եւ այլն: Ես կարծում եմ, որ թոշակի բարձրացումը շատ թույլ քայլ էր, իսկ ինչ վերաբերում է խաղաղությանը, 2018-ից առաջ էլ խաղաղ ապրում էինք, խաղաղություն էր տիրում երկրում, դա այն խաղաքարտը չէ, որով կարողանաս մարդկանց գրավել: Իհարկե` մարդիկ խաղաղություն են ուզում, ոչ մի ժողովուրդ էլ պատերազմի մասին չի երազում, բայց հենվել այդ խաղաքարտի վրա՝ անիմաստ է: Հայաստանը 2018-ից առաջ էլ խաղաղ է ապրել, սակայն առանց այսպիսի նվաստացումների: Ո՛չ տարածքներ էինք զիջել, ո՛չ Արցախն էինք հանձնել, ո՛չ էլ այդքան զոհեր էինք տվել, բայց մարդիկ, միեւնույն է, խիստ դժգոհ էին: Եթե դա է խաղաղության գինը, ապա պետք է ֆիքսենք, որ այն մարդկանց չի հրապուրում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































