Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգը՝ բանակ» խորագրով լուսանկարների ցուցահանդես՝ Սպարապետի ծննդյան օրվա առթիվ

Մարտ 07,2026 18:35 Share

Մարտի 6-ին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Քանաքեռավան գյուղի մշակույթի տանը բացվեց «Ազգը՝ բանակ» խորագրով լուսանկարների ցուցահանդես։ Լրագրող, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարները պատմում են Հայաստանի Հանրապետության բանակի հիմք հանդիսացող կամավորական, երկրապահ ջոկատների, ինչպես նաև մեր բանակի հետագա ընթացքի մասին։

Ցուցադրությունը կայացավ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 67 ամյակի առթիվ։ 60-ից ավելի պաստառներում ցուցադրված են ավելի քան 300 լուսանկար։ Ցուցադրություն առաջին լուսանկարում Վ․ Սարգսյանն է Արցախի Ավետարանոց գյուղում, 1992թ․ մարտի կեսերին։ Սև-սպիտակ և գունավոր լուսանկարները պատմում են այն հերոսների մասին, ովքեր, սկսած 1989 թվականից մինչ 2020թ․, տարբեր ժամանակներում, վայրերում մասնակցել են մեր երկրի պաշտպանությանը։ Արցախյան առաջին գոյամարտի մասին պատմող լուսանկարներն արված են Բերդաձորում՝ 1989-90թթ․, Լաչինի շրջանում, 1993թ․, Ճամբարակի Վահան գյուղում՝ 1993թ․, Շուշիում՝ 1992թ․, Արցախի Մարտունու շրջանում՝ 1993թ․ և այլուր։ Հետագա տարիներին, երբ Զ․ Ըռքոյանը բնակություն է հաստատել Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և աշխատել կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության (ԿՄՍԵ) հարցերի վարչությունում, 2010-ից եղել է շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրը, հաճախ է առնչվել Արցախի պաշտպանական բանակի հետ և լուսաբանել տարբեր միջոցառումներ։ 2014 և 2016 թթ․ Քաշաթաղի կամավորական ջոկատի կազմում եղել է առաջնագծում։

Շատ են նաև այդ օրերի լուսանկարները՝ առաջնագծից։ Կան լուսանկարներ արդեն 2020թ․ 44-օրյա պատերազմի հետ կապված։ Որոշ լուսանկարներ էլ պատմում են արդեն 44-օրյա պատերազմից հետո կազմավորված ռազմահայրենասիրական կառույցների, ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի, «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի և այլ իրադարձությունների մասին։ Ցուցադրության բացմանը ներկա էին Քանաքեռավանի վարչական ղեկավար Հովհաննես Քամալյանը, միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Կարապետյանը, Նոր Հաճնի մշակույթի տան տնօրեն Հովհաննես Ադամյանը, ԱՀ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ԿՄՍԵ վարչության նախկին պետ Կարեն Գրիգորյանը, հյուրեր։ Զ․ Ըռքոյանի մասին տեղեկացրեց Քանաքեռավանի միջն․ դպրոցի տնօրենը։

Ցուցադրության կայացման, կարևորության մասին խոսեց Զ․ Ըռքոյանը՝ նշելով՝ յուրաքանչյուր լուսանկար ունի իր պատմությունը, լուսանկարների շատ հերոսներ դարձել են Հավերժի ճամփորդ մարտադաշտերում, խաղաղ տարիներին՝ տարբեր պատճառներով։ Շնորհակալություն հայտնեց Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանին, ներկաներին, Քանաքեռավանի մշակույթի տան վարիչ Կարինե Սիրադեղյանին, արվեստի դպրոցի անձնակազմին(տնօրեն՝ Մանվել Մանուկյան)՝ աջակցության համար, հատկապես դպրոցականներին՝ Արամին, Հրաչ, Գրիշային, Արենին, Վարուժին, ովքեր, իրենց զինղեկ, պահեստի մայոր Արկադի Սարգսյանի հետ աջակցեցին ցուցադրության կազմակերպմանը։ Ընթացքում սիրով ցուցասրահ այցելեցին Քանաքեռավանի միջնակարգի աշակերտները, ճանաչեցին իրենց հերոսներին։

Անահիտ ԸՌՔՈՅԱՆ

Լուսանկարները՝ Սուրեն Արենց Սիմոնյանի և Զոհրաբ Ըռքոյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031