Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք փակել են սոված, սննդի կարոտ թոշակառուի էջը Հայաստանի Հանրապետությունում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրու սրճարանում

Մարտ 07,2026 20:30 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ եղավ նաև Գյումրիում, նա զբոսնեց քաղաքի կենտրոնական հատվածներում՝ այստեղ ևս, այսպես ասած, «իրական Հայաստանի» քարտեզով կրծքանշաններ նվիրելով, իր ձեռքով փակցնելով անցորդների հագուստին։

Ինչպես երևում է նրա տեղադրած տեսանյութից, ընդդիմադիր քաղաք համարվող Գյումրիում բավական ջերմ ընդունելության արժանացավ, համենայնդեպս անցորդներից ոմանք նրան կանգնեցնում էին, շնորհակալություն հայտնում պարգևած խաղաղության համար, երբեմն սեր էին խոստովանում, լուսանկարվում նրա հետ։

«Ձիգ եղեք, պարոն վարչապետ»,-բացականչեցին նրան։ «Ձիգ ենք, ձիգ ենք»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Նա Ռիժկովի անվան ճեմափողոցում բացեց մի քանի խանութներ ու վարսավիրանոցի դռներ ու «իրական Հայաստանի» քարտեզով կրծքանշանը փակցրեց ներսում՝ ասելով, որ գործերին հաջողություն թող բերի։

Իհարկե, կային մարդիկ, որոնք հրաժարվեցին այդ քարտեզից, երբ Նիկոլ Փաշինյանը ոգևորված մոտեցավ շենքի մուտքի մոտ կանգնած մի երիտասարդի, բարևեց ու ցանկացավ նրան ևս նվիրել քարտեզ, նա հրաժարվեց՝ ասելով․ «Շնորհակալություն, չեմ ուզում»։

«Սիրում եմ ձեզ»,-նրան ասացին վարսավիրանոցում։ Մի երիտասարդ կին էլ մոտենալով՝ ասաց․«Շնորհակալություն մեզ խաղաղություն պարգևելու համար»։

Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ ուղևորվեց դեպի մոտակա սրճարան։ Սրճարանի անունը չենք հրապարակում, որպեսզի չդիտարկվի գովազդ։

Այստեղ նա թիմակիցների հետ ամփոփեց օրվա անցուդարձը՝ քաղաքական  զրույցներ անելով։

«Ուղիղ եթերո՞ւմ ենք, թող լինի, մենք ոչինչ չունենք թաքցնելու», -ասաց նա։ Նիկոլ Փաշինյանի երկխոսությունը հիմնականում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ էր։

«Ի՞նչ տպավորություններ ունեք»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը։
«Պարոն վարչապետ, ջերմագույն ընդունելության ենք արժանանում քաղաքացիների կողմից»,-պատասխանեց Արարատ Միրզոյանը։

Վարչապետը հետաքրքրվեց, թե Արարատ Միրզոյանին արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր տալի՞ս են, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ այսօր չեն տվել նման հարցեր, սակայն մի քանիսը մոտեցել, շնորհակալություն են հայտնել իրականացրած աշխատանքի համար։

Նիկոլ Փաշինյանը մեջբերեց գործընկերներից մեկի խոսքը, ըստ որի՝ ամեն ինչ այնքան լավ է, որ մարդիկ մոտենում, մանկապարտեզներից են հարցեր տալիս։

Ըստ ՔՊ-ականների, կարևոր է, որ մարդիկ խաղաղությունն արձանագրել են և շնորհակալություն են հայտնում խաղաղության համար, և այդ խաղաղությունը վայելելուն ուղղված գործողություն են անում։

«Մի անգամ էլ համոզվեցինք, որ Հայաստանի քաղաքացիներն իսկապես աջակցում են խաղաղության օրակարգին, աջակցում են ժողովրդական բարեփոխումները»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նաև ասաց, որ ցավում են հարևանների հետ կատարվածի  համար, քաղաքացիական զոհերի համար։

Խոսեցին նաև փողոցաշինությունից՝  չմոռանալով անդրադարձ կատարել նախկիններին։ Ըստ նրանց, նախկինում փողոցաշինություն չի եղել, պահանջող չի եղել, իսկ հիմա քաղաքացիները նեղանում են, թե ինչու մյուս փողոցները վերանորոգվում են, իրենցը՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև սպառողական զամբյուղին, թոշակների բարձրացմանը՝ ասելով, որ այդ հարցը լուծված է, թոշակառուն այլևս ինչ սնունդ ուզի, կգնի։

«Մենք փակել են սոված, սննդի կարոտ թոշակառուի էջը Հայաստանի Հանրապետությունում, դա փաստ է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ չկա ոլորտ, որտեղ բարեփոխում արած չլինեն, մարդը չէր երազի անգամ գունեղ, արդիական միջավայրում, դպրոցներում սովորել։

Սրճարանում նրանք անդրադարձ կատարեցին նաև Արցախի թեմային։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031