Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ Թաիլանդում է, որտեղ մասնակցելու է Futures Cup մրցաշարին։ Այն վարկանիշային է պատանեկան օլիմպիական խաղերի համար։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Մերձավոր Արեւելքում ծայր առած պատերազմի պատճառով մեր հինգ բռնցքամարտիկներից միայն երեքն են կարողացել մեկնել մրցավայր։ Նախապես գնված Երեւան-Դուբայ-Բանգկոկ տոմսերը չեղարկվել են։
Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաեւ, որ ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, այնուամենայնիվ, կարողացել է անձնական կապերի եւ անձնական միջոցների շնորհիվ ձեռք բերել միայն չորս տոմս՝ Երեւան-Մոսկվա-Բանգկոկ ուղղությամբ։ Ուստի մարզչական կազմը ստիպված է եղել ընտրություն կատարել եւ նախապատվությունը տալ միայն Եվրոպայի մեր երեք չեմպիոններին։
Վիճակահանության արդյունքներով վաղը որակավորման փուլում 50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը կմենամարտի ուզբեկ Աբդուգանի Յորկինջոնովի հետ, իսկ Կարեն Զախարյանի մրցակիցը կլինի Եգիպտոսի ներկայացուցիչ Ադհամ Ելշարկավին։ 65 կգ քաշային Սուրեն Կատվալյանը մրցումային առաջին օրը ազատ է եւ պայքարի մեջ կներգրավվի մարտի 9-ին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































