Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Այս օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու և մեծարելու կանանց դերը մեր հասարակության, ընտանիքների և պետական կյանքի բոլոր ոլորտներում։ Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ մարմնավորել է նվիրում, հոգատարություն, ուժ և պատասխանատվություն՝ լինելով ընտանիքի ամրության, արժեքների պահպանման և սերունդների դաստիարակության հիմնասյուներից մեկը։
Միևնույն ժամանակ ժամանակակից աշխարհում առավել կարևոր է ապահովել կանանց լիարժեք մասնակցությունը հասարակական և պետական կառավարման գործընթացներին։ Հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց իրավունքների պաշտպանվածությունն ու սեռային հավասարության ամրապնդումը հանդիսանում են արդիական և կարևոր նախապայմաններ մեր երկրի կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ կառավարման համար։
Կարդացեք նաև
Մենք բարձր ենք գնահատում այն մեծ ներդրումը, որ կանայք ունեն գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, պաշտպանության և պետական կառավարման ոլորտներում։ Ձեր գիտելիքը, պատասխանատվությունն ու նախաձեռնողականությունը կարևոր դեր ունեն մեր պետության առաջընթացի և ապագայի կառուցման գործում։
Այս տոնական օրը մեր խորին երախտագիտությունն ու հարգանքն ենք հայտնում մեր կանանց, մայրերին, քույրերին և դուստրերին՝ նրանց անսպառ սիրո, նվիրվածության և հոգատարության համար, որոնց շնորհիվ մեր ընտանիքներն ու հասարակությունը դառնում են ավելի ամուր և համերաշխ։
Սիրելի՛ կանայք,
Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, խաղաղություն և նոր հաջողություններ՝ ձեր ընտանիքներում և ձեր գործունեության բոլոր ոլորտներում։
Թող ձեր ջանքերը և նախաձեռնությունները շարունակեն նպաստել մեր պետության զարգացմանն ու բարօրությանը։
Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ


















































