Այսօր Մասիս քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի և եկեղեցական ծուխի հրավերով Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը մասնակցեց նույն եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին։
Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Տնտեսի կիրակիի խորհրդի պատգամը՝ քարոզի բնաբան ընտրելով օրվա Ավետարանի առակից վերցված հետևյալ խոսքը․ «Տուր զհամար տնտեսութեան քո» /Տո՛ւր քեզ հանձնված իմ բոլոր ունեցվածքների հաշիվը/ (Ղուկաս ԺԶ 2)։
Հայր սուրբը շնորհավորեց նաև եկեղեցում ներկա բոլոր տիկնանց և օրիորդներին՝ Կանանց տոնի առիթով՝ մասնավորապես նշելով.
«Սիրելի՛ մայրեր և քույրեր, կանանց միջազգային տոնի առիթով սիրով և երախտապարտ սրտով շնորհավորում եմ ձեզ ամենքիդ՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և աստվածային առատ օրհնություններ։ Պատահական չէ, որ առաջին կինը կոչվեց «Կյանք», որովհետև կնոջ կոչումը առնչվում է կյանքին։ Աստծո օրհնությամբ և կնոջ միջոցով լույս աշխարհ է գալիս մարդկային կյանքը, և այդ օրհնությունը ցայսօր շարունակվում է ձեր կենսատու առաքելությամբ։ Դուք եք այն աղբյուրը, որի միջոցով նոր կյանք է ծնվում, ընտանիքներ են կառուցվում, հասարակությունն է զորանում։ Բայց քրիստոնեական հավատը մեզ սովորեցնում է ավելի բարձր ճշմարտության մասին։ Աստվածամորից ծնվում է Կյանքի աղբյուրը՝ Աստծո Որդին, որ մարդանալով դառնում է մարդու Որդի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Հետևաբար, դուք, սիրելի՛ կանայք, կոչված եք ոչ միայն կյանք պարգևելու, այլև ձեր հավատքով, սիրով և դաստիարակությամբ Աստծո որդիներ ու դուստրեր ծնելու, այսինքն՝ մարդկանց առաջնորդելու դեպի Աստված, դեպի հավատ և դեպի փրկություն։ Ամենասուրբ Աստվածամոր բարեխոսությունը թող շարունակ ուղեկցի ձեզ՝ սրբագործելով մայրության ձեր առաքելությունը և օրհնաբեր դարձնելով մեր հավաքական կյանքը։ Աստված օրհնի ձեզ ամենքիդ»։
Կարդացեք նաև
Սուրբ Պատարագի ավարտից հետո հավատացյալները հնարավորություն ունեցան զրուցելու առաջնորդական տեղապահի և ներկա մյուս հոգևորականների հետ։
ՄԱՍՅԱՑՈՏՆԻ ԹԵՄ



















































