Shamshyan.com-ը՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, գրել է, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի մի բնակչուհի մարտի 3-ին մտել է Եղեգնավանի միջնակարգ դպրոց, հայհոյել աշակերտների ներկայությամբ, խաթարել դպրոցի բնականոն աշխատանքը, ապա ներխուժել դպրոցի տնօրեն Հասմիկ Մայիլյանի աշխատասենյակ, պայուսակից հանել դանակը ու սպառնացել, որ կսպանի նրան: Շամշյանի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց այդ կինը դպրոցի աշխատակիցների հորդորով հեռացել է՝ վնասելով դպրոցի տնօրենի մեքենան:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանության ակնկալիքով կապվեց Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի հետ:
«Այդ կինը՝ ծնողը, հարբեցող է, երեխան տանը վառվել էր, տեւական ժամանակ նա երեխային տարել, բերել է: Չեմ ուզում մարդու անձնականի մեջ մտնել, բայց այդ 35-36 տարեկան կինը 70-անց տղամարդու հետ ամբողջ օրը զբաղված է հարբեցողությամբ, արդյունքում երեխան դպրոց չէր գալիս:
Իսկ դպրոցի տնօրենը հետամուտ է եղել, հասկացել է ՝ ինչ-ինչ հանգամանքներում է այրվածքներ ստացել երեխան: Նա դիմել է համայնքին, ոստիկանությանը, համայնքը երեխային մոր ձեռքից վերցրել էր՝ տեսնելով խայտառակ վիճակը: Նա էլ հարբած, դանակը վերցրել՝ մտել է դպրոց, մտածելով, որ այս ամենի մեղավորը դպրոցի տնօրենն է:
Կարդացեք նաև
Եթե տնօրենը հետամուտ չլիներ այս ամենին, հաստատ կունենայինք շատ վատ իրավիճակ, տնօրենն իրականում կատարել է ոսկե տառերով գրված իր պարտականությունը: Եթե երեխան գտնվում էր անառողջ միջավայրում, տնօրենն ի՞նչ աներ, եթե այդպես չվարվեր»,- տեղեկացրեց Մարտուն Մանուկյանը:
Նա հավելեց, որ իր տեղեկություններով՝ կինը կալանավորվել է 72 ժամով, այնուհետեւ ազատ արձակվելուց հետո երեխային դպրոցից հանել է: «Այս պահի դրությամբ այլ տեղեկատվության չեմ տիրապետում»,-ասաց Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը:
Դպրոցի տնօրենի հետ կապվել չհաջողվեց, դպրոցի՝ միակ պատասխանող հեռախոսահամարով մեր զանգին արձագանքեց դպրոցի օպերատորը, ասաց, որ ինքը ֆիզարձակուրդում է գտնվում, բայց տնօրենի հետ կկապվի եւ կփոխանցի մեզ հետ կապվելու խնդրանքը:
Հավելենք, որ դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































