Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է
«Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող որոշ հրապարակումների կապակցությամբ՝ կապված «թթվային թունավոր անձրևների հետ», հայտնում ենք, որ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն Ամբերդի դիտակայանում իրականացնում է մթնոլորտային տեղումների որակական մոնիթորինգ։
Մարտի 7-8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն՝ տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել։
📌Միաժամանակ մարտի 9-11-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է հյուսիս-արևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ մարտի 12–20-ը հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմտյան հոսանքները, որոնք ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանում։
Կարդացեք նաև
Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից, նման ցիկլոնների ներթափանցում մեր տարածաշրջան լինում է խիստ հազվադեպ։
📣Հավելենք նաև, որ առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն օդային զանգվածները Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է մթնոլորտային պայմանների մշտադիտարկում և առաջին իսկ փոփոխությունների դեպքում հասարակությունը տեղեկացված կլինի։
Բնակչությանը հորդորում ենք հետևել միայն ՊՈԱԿ-ի կողմից տրված պաշտոնական տեղեկատվությանը։»։
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր
Թունավոր անձրևի վտանգ՝ տարածաշրջանում․ իսկ Հայաստանում լռություն է
Իրանը զգուշացրել է, որ «թունավոր անձրևի» վտանգ կա՝ նավթի պահեստարանների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով առաջացած հրդեհների պատճառով։
Ի՞նչ է իրականում նշանակում «թունավոր անձրև»։
Նավթի պահեստարանների այրման ժամանակ մթնոլորտ են արտանետվում՝
▪️ծծմբի միացություններ (SO₂),
▪️ազոտի օքսիդներ (NOₓ),
▪️ածխաջրածիններ,
▪️մուր և ծանր մետաղների մասնիկներ։
Այս նյութերը կարող են խառնվել ամպերում գտնվող ջրի հետ,
ձևավորել թթվային միացություններ, ապա տեղումների հետ ընկնել երկրի վրա։
Այս երևույթը հաճախ անվանում են թթվային կամ պայմանական «թունավոր անձրև»։
Ի՞նչ պետք է անի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նման վտանգի դեպքում։
Նախարարության հիմնական պարտականությունն է՝
☑️գնահատել առողջապահական ռիսկերը,
☑️պաշտպանել բնակչության առողջությունը,
☑️պատրաստ պահել բուժհաստատությունները,
☑️ապահովել հստակ և ժամանակին հանրային տեղեկատվություն։
Սակայն Հայաստանում, կարծես, ամեն ինչ կարգին է։
ԼՌՈՒԹՅՈՒՆ է։
Առողջապահության նախարարությո՛ւն, գոնե ասեք՝ վտանգ չկա՞, թե՞ պարզապես դեռ ժամանակ չունեք հասկանալու՝ ինչ է կատարվում։


















































