«Մեր ձեւով» շարժումը ընդդիմադիր դաշտում ռեալ առաջատար դիրքերում գտնվող ուժ է եւ այդ իմաստով իշխանության նկատմամբ այլընտրանքային ուժ են ներկայացնում»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտարարեց «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ) կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանը։ Քաղաքական այս ուժը, իր բնութագրմամբ, երկու ճակատագիր ունի, երկուսն էլ Նիկոլ Փաշինյանից են կախված։
Առաջինը, որը ինքը քիչ հավանական, բայց ոչ անհնար է համարում, այն է, որ այս ընտրություններով Փաշինյանն իշխանությունը հանձնում է «Մեր ձեւովին» եւ քաղաքականությունից հեռանում, իբրեւ մարդկության պատմության մեջ ամենահզոր քաղաքական գործիչ։
Երկրորդ տարբերակն, ըստ նրա, որը ամենահավանականն է, մայիսի 15-ից հետո Փաշինյանը «Մեր ձեւովին» հեռացնում է ընտրապայքարից՝ տեսնելով, որ այդ ուժի վարկանիշը անշեղորեն աճում է։ Ի դեպ, Հովիկ Աղազարյանը պատրաստ է այս սցենարի դեպքում «Մեր ձեւովին» հեռացնելու հիմքերը տրամադրել Նիկոլ Փաշինյանին։ Վստահ է, որ ինքը՝ Փաշինյանը, չունի այդ հիմքերը։ Այս՝ երկրորդ տարբերակի կիրառման պարագայում, իր կարծիքով ընդդիմադիր դաշտը կամայանա եւ ՔՊ-ի բացարձակ վերարտադրությունը կապահովվի։
Աղազարյանի կարծիքով, ՀՀ-ում քաղաքական դաշտը պայմանականորեն երեք հատված ունի՝ ՔՊ-ն եւ նրան կցորդ ուժերը, այն քաղաքական ուժերը, որոնք տարբեր պատճառներով 2026-ի խորհրդարանական ընտրությունների մասով չունեն հստակ քաղաքական դիրքորոշում, երրորդ հատվածում այն ուժերն են, որոնք հստակ տեսակետ ունեն՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել պաշտոնավարել իբրեւ ՀՀ վարչապետ։ Դրանք են՝ «Հայաստան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված ուժերը, «Մեր ձեւովը», «Միասնության թեւերը» եւ այլն։ Վերջիններիս մեջ իր բնութագրմամբ, հակասությունները հասնում են անտագոնիզմի եւ բարդացնում են ՔՊ-ի դեմ պայքարը։ Իրենք առաջարկում են, որ այս հատվածում գտնվող ուժերը ՀՀ օրենսդրությանն ու սահմանադրությանը համապատասխանող քաղաքական ճակատ ստեղծեն՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը՝ ընդունելով հուշագիր այն բովանդակությամբ, որ հաշվի առնելով, այդ թվում նաեւ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումները, Հայաստանին սպառնացող վտանգները, առկախելով գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունները՝ միասնական օրակարգով մասնակցում են ընտրություններին։ Աղազարյանի պատկերացմամբ, որպեսզի ձայների փոշիանալու հնարավորությունը նվազագույնի հասցվի, նրանք ոչ թե դաշինքով, այլ մեկ ընտրական ցուցակով պետք է մասնակցեն ընտրությունների։ ԱԺ-ընտրություններում հաղթելուց հետո, մեկ տարով ժամանակավոր կառավարություն են ձեւավորում, իսկ մեկ տարի անց նոր՝ հավասար պայմաններով, ժամանակավոր կառավարությունը ընտրություններ է կազմակերպում։ Ժամանակավոր կառավարության ղեկավար անձինք, կառավարության լիազորության ավարտից հետո, չեն կարող բարձր պաշտոն զբաղեցնել։ Ճակատը նաեւ հավատարիմ է մնալու ՀՀ երկկողմ եւ միջազգային բոլոր համաձայնություններին։
Կարդացեք նաև
Հովիկ Ասլանյանի կուսակից Հակոբ Ասլանյանի գնահատմամբ էլ, եթե Նիկոլ Փաշինյանը «Մեր ձեւովին» չհանի ընտրապայքարից, այդ ուժը մինչեւ 30 տոկոս ձայն կունենա։ Վստահեցնում է՝ ՔՊ-ն ամեն ինչ անում է, որպեսզի ապատիայի արդյունքում մարդիկ չմասնակցեն ընտրությունների եւ իր վերարտադրությունը սահուն ընթանա՝ պետական լծակների եւ վարչական ռեսուրսի շնորհիվ։ Իր հաշվարկներով, եթե մեկ միլիոն մարդ մասնակցի ընտրությունների, ապա ՔՊ-ն 30-35 տոկոս չի հավաքի, իսկ եթե 1,5 միլիոն մարդ մասնակցի ընտրությունների, ՔՊ-ն 25 տոկոս էլ չի հավաքի, իսկ եթե ընտրությունների մասնակցեն 700-800 հազար մարդ, ապա ՔՊ-ն 50 տոկոսի շեմը կանցնի։
Հակոբ Ասլանյանը բացառեց իրենց ուժի՝ ՔՊ-ի հետ համագործակցությունը, քանի որ այդ ուժը խրվել է խաբկանքների մեջ եւ հեռացել է հեղափոխական գաղափարներից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































