ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով մեր տարածաշրջանում գերլարված իրավիճակին, որը սպառնում է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի եւ այդ պարագայում իշխանության վերնախավի անհոգ ճամփորդություններին ու զվարճանքներին՝ ասաց. «Շատ դժվար է գնահատել այդ մարդկանց հոգեվիճակը, որովհետեւ տարածաշրջանը կրակի մեջ է, մեր հարեւան եւ բարեկամ Իրանը ճակատագրական օրեր է ապրում, պարբերաբար հարվածներ է ստանում եւ նավթային, բենզինի պահեստներն են պայթում, Թեհրանում խայտառակ էկոլոգիական վիճակ է ստեղծվել, նաեւ ատոմային հզորություններին, ենթակառուցվածքներին են հարվածներ հասցվել, ինչը նույնպես հղի է էկոլոգիական աղետով, այս ֆոնին ազգակործանը դուրս է եկել «կուկուռուզ-պեռաշկի-սուջուխ» փարթիի։ Թիմով բարձր տրամադրությամբ, երբ որ հարեւանի տանը ողբերգություն է, դժբախտություն է, երբ որ Հայաստանի Հանրապետության սահմաններին լարվածություն կա եւ վտանգը մեծ է, որ էսկալացիայի շարունակության պարագայում հնարավոր է, որ հարյուր հազարավոր գաղթականներ փորձեն սահմանը հատել եւ Սյունիքում հարյուր հազարավոր գաղթականներ հայտնվեն, Հայաստանը դրան պատրաստ չէ։
Եվ երբ այդ հարցերն ուղղում ես վարչապետի աթոռն զբաղեցնողին, ասում է՝ գիտե՞ք, մեր ինստիտուտները կայացել են եւ մենք որտեղ էլ լինենք, ինչ հիմարություններ էլ որ անենք, այդ ինստիտուտներն աշխատում են։ Այսինքն, մենք կարող ենք մեզ թույլ տալ «սրտիկ փարթի», դիսկոտեկներ։ Այս անհասկանալի միջոցառումները որ կազմակերպում են, մի բանի ցուցիչ է՝ անարգանք մեր ժողովրդի նկատմամբ եւ ստեղծված իրադրությունում զրո պատասխանատվություն»։
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանն ուշադրություն հրավիրեց մի կարեւոր հանգամանքի վրա։ «Ես պարբերաբար կապ եմ հաստատում Իրանում գտնվող մեր հայրենակիցների, մեր ընկերների հետ։ Իրանում հայ համայնքի վիճակը բավականին մտահոգիչ է։ Փոխանակ մտածելու, թե ինչով կարող ենք օգտակար լինել մեր համայնքին, որը պատերազմի հետեւանքով բավականին խոցելի իրավիճակում է հայտնվել, դա որեւէ կերպ հետաքրքիր չէ այս անպատասխանատու, ապիկար, անբան իշխանությանը, որն ասում է, թե երբ ինքը պեռաշկի, կուկուռուզ կամ սուջուխ է ուտում, ամբողջ աշխարհը տեսնում է ու նույնը կրկնում։ Ասում է՝ Արաբական Ծոցի երկրների շեյխերը տեսան ու իրենք էլ նույնը կրկնեցին։ Ցինիզմի, անպատասխանատվության գագաթնակետ։ Զրո հաշվարկ, երբ օրը մի քանի անգամ պետք է հավաքվեին, քննարկեին ու գտնեին լուծումները։
Մի հարցի վրա էլ եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Վերջին շրջանում մի քանի պոպուլիստական քայլերով իշխանությունները դուրս են գալիս քարոզարշավի, եւ այդ մարդը բառի բուն իմաստով ուղղակի խայտառակվում է։ Երբ մարդիկ ընդառաջ են գալիս եւ ուզում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել սոցիալական վիճակի, երկրում տիրող անարդարության, ձախողված ծրագրերի հետ կապված, այս մարդը հիստերիայի, ցնցումների մեջ է ընկնում եւ ցույց է տալիս իր իրական դեմքը։
Այդ որ ասում է՝ ես սիրում եմ ձեզ, ամեն օր խելակորույս սրտիկներ է ցույց տալիս, տեսեք թե ինչ անադեկվատ պատասխան է ցույց տալիս»,- ասաց պատգամավորը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































