Փաստաբաններն արձագանքում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պարզաբանմանը՝ փաստաբան Աննա Ծառուկյանին զննության ենթարկելու վերաբերյալ:
Փաստաբան Վարդուհի Սարգսյան. «Հարգելի՛ ՔԿԾ, համանման խնդրի եմ բախվել նաև ես՝ «Սևան» ՔԿՀ-ում, երբ իմ զննության ընթացքում աշխատակիցները խնդրեցին հանել կոշիկներս, քանի որ իրենք չունեին համապատասխան սարքավորում կոշիկների ներսի պարունակությունը զննելու համար))՝ չափազանց բարեվարք կանայք, որոնց նկատմամբ ես չունեմ դժգոհություն, ես չունեմ նաև ակնկալիք կամ պահանջ, որ որևէ ՔԿՀ աշխատակից պետք է առանց զննության որևէ փաստաբանի ներս թողնի ՔԿՀ կամ իրականացնի զննության իմիտացիա՝ ինչպես որ հաճախ տեղի է ունենում վարույթի հանրային մասնակիցների դեպքում, բայց ես ունեմ պահանջ, որ 21-րդ դարում ընդամենը 9 ՔԿՀ ունեցող պետությունը պետք է ունենա այնպիսի սարքավորումներ, որ փաստաբանի զննության ընթացքում չոտնահարվի նրա արժանապատվությունը և բացառվեն նման տհաճ իրավիճակները»:
Փաստաբան Դավիթ Թումասյան. «Փաստաբանները՝ իրենց վստահորդների հետ հանդիպման նպատակով, ունեն առանց հատուկ թույլտվության պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին անարգել մուտքի և ելքի իրավունք: Դա ամրագրված է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին մուտք ու ելք ունեցող անձը, ինչպես նաև նրա իրերը պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմի կողմից ենթարկվում են զննության, իսկ ՕՐԵՆՔՈՎ նախատեսված դեպքերում՝ խուզարկության: Հետևաբար, ոչ մի ենթաօրենսդրական ակտով փաստաբանի խուզարկությունը չի կարող ամրագրվի, իսկ ամրագրվելու դեպքում, այդ նորմը կիրառման ենթակա չէ:
Բացի այդ, փաստաբանի հետ հավասար կարգավիճակով պատիժ կատարող հիմնարկներ կամ մարմիններ մուտքի և ելքի իրավունք ունեն նաև ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, պատգամավորները, ՀՀ արդարադատության նախարարը, նրա՝ ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ գլխավոր դատախազը, նրա՝ ոլորտը համակարգող տեղակալը, Մարդու իրավունքների պաշտպանը և այլ՝ խիստ սահմանափակ թվով, անձինք:
Կարդացեք նաև
Հետևաբար, քրեակատարողական ծառայությունը պարտավոր է ապահովել միատեսակ պրակտիկա վերը նշված բոլոր անձանց մուտքի և ելքի իրավունքն ապահովելու դեպքում»:


















































