Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի սուտը մեր բացահայտումներով հերքվում է, թող պատասխան տան»․ «Միասնության թեւերը» փաստեր փոխանցեց ՊՆ-ին

Մարտ 10,2026 12:08 Share

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ցույց իրականացրեցին Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ փաստեր ներկայացնելով նախարարությանը։

Նարեկ Պարոնյան

Նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը հիշեցրեց, որ «Միասնության թեւեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն օրեր առաջ հրատապ մամուլի ասուլիսում ներկայացրել էր փաստեր, որ Ադրբեջանն իրականացրել է հերթական ներխուժումները ՀՀ տարածք։ «Ի հակառակ Նիկոլ Փաշինյանի եւ գործող վարչակարգի կեղծ պնդումների, որ ներխուժումներ չկան, մենք ունենք հստակ փաստեր, ընդ որում, այս փաստերը երկար հետազոտությունների արդյունք են։ Մենք ունենք նաեւ արբանյակային լուսանկարներ, որտեղ շատ հստակ երեւում է, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ են արել ադրբեջանցիները»,- ասաց նա։

Նարեկ Պարոնյանը ցուցադրեց փաստաթղթերն ու լուսանկարները, որոնք այսօր հանձնեցին Պաշտպանության նախարարությանը՝ նախարար Սուրեն Պապիկյանից պատասխան պահանջելով, թե ինչու են իշխանությունները հերթական անգամ խաբել հասարակությանը։

Նա նշեց, որ Գեղարքունիքում Ադրբեջանը դիրքեր է կառուցել, տեղի են ունեցել ամրաշինական աշխատանքներ, որոնց հետեւանքով Վարդենիսի տարածաշրջանը, Սոթքի հանքը ամբողջովին գտնվում են ադրբեջանական դիտարկման ու վերահսկողության տակ։ Կութ գյուղը եւ Վարդենիսի տարածաշրջանի մնացած գյուղերն ամբողջությամբ գտնվում են Ադրբեջանի դիտարկման տակ։

«Նայեք՝ ինչ է տեղի ունեցել՝ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել, ՀՀ սուվերեն տարածքում դիրքեր են կառուցել, ամրաշինական աշխատանքներ են տեղի ունեցել, ականանետային եւ այլ ռազմատեսակների խրամատներ են փորվել։ Եվ այդ դիրքերից նրանք ամբողջությամբ վերահսկում են այդ տարածաշրջանը՝ գյուղերը, միջպետական ճանապարհները, Սոթքի հանքը։ Եվ սա տեղի է ունեցել 2025 թվականի ընթացքում։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի այն սուտը, թե ՀՀ-ն տարածքներ չի կորցրել 2025 թվականին, մեր հստակ բացահայտումներով հերքվում է։ Այս փաստաթղթերը եւս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանն ուղղակի կտոր-կտոր ներխուժում է Հայաստան, վերցնում է մեր հայրենիքի տարածքները, իսկ գործող իշխանությունները հերթական անգամ ստում են։ Մենք բոլոր փաստերն ունենք, եթե դուք կարող եք, ոչ թե մերկապարանոց հայտարարություններ արեք, այլ հստակ փաստերով հերքեք։ Եթե չեք հերքում, պատասխան տվեք մեր հասարակությանը՝ ինչո՞ւ եք խաբել»,- նշեց նա։

Նարեկ Պարոնյանն ասաց, որ խնդիրները չեն կարող կարգավորվել սահմանազատման գործընթացի շրջանակներում, որովհետեւ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք։ Նա հավելեց, որ քաղաքական պատասխանատվությունը կարող է լինել միայն այս իշխանությունների հեռանալով։ «Քանի դեռ Հայաստանի իշխանություններն այս մարդիկ են, Հայաստանը կտոր-կտոր իր տարածքները զիջելու է Ադրբեջանին, մենք սողացող պատերազմի զոհ ենք դառնալու»,- նշեց նա։ Նարեկ Պարոնյանն ասաց, որ այլ բացահայտումներ էլ են լինելու․ «Մենք Նիկոլ Փաշինյանի բոլոր կեղծիքները հատ առ հատ պայթեցնելու ենք, Նիկոլ Փաշինյանի չեղած ռեյտինգն էլ ավելի ենք հավասարեցնելու հողին»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամները նամակ ու փաստեր փոխանցեցին ՊՆ-ին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031