Ավելի քան մեկ տասնամյակ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո «Առնո Բաբաջանյանի հիշատակին» հիմնադրամը՝ համագործակցելով ռուս-հայկական «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հետ, 2024 թ. Մոսկվայում ստորագրել էր համագործակցության հուշագիր, ըստ որի՝ կոմպոզիտորի երկերի ժողովածուն լույս կտեսնի 25 հատորով, բոլոր բնագրերը կճշգրտվեն գիտաքննական սկզբունքով՝ ձեռագիր, տպագիր ու նաև ձայնագիր աղբյուրների հաշվառմամբ, և կից գիտական ապարատում (առաջաբաններ, ծանոթագրություններ) ամփոփ կներկայացվեն բոլոր կարևոր պատմագիտական տեղեկությունները, առավել ակնառու տեքստաբանական նրբությունները… Մի խոսքով՝ սա աննախադեպ ծավալի գիտահրատարակչական ծրագիր է:
Այս մասին տարեսկզբին Aravot.am-ին տեղեկացրել էր «Առնո Բաբաջանյանի հիշատակին» մոսկովյան հիմնադրամի գիտահետազոտական գծով փոխնախագահ, արվեստի պատմաբան Արտյոմ Անդրեասյանը:
Եվ ահա օրերս ռուսական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Մոսկվայում՝ Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանում, տեղի է ունեցել Բաբաջանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը, որը վարել է թանգարանի գլխավոր տնօրեն, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Միխայիլ Բրիզգալովը։
Կարդացեք նաև
Մենք կապվեցինք Արտյոմ Անդրեասյանի հետ, որը շնորհանդեսին առանձին զեկույցով ներկայացրել է հատորի ստեղծման պատմագիտական և բնագրագիտական սկզբունքները։
Նա մեզ փոխանցեց հետևյալը. «Շնորհանդեսին ողջույնի խոսք ասաց «Առնո Բաբաջանյանի հիշատակին» հիմնադրամի հիմնադիր-ղեկավար, կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը, այնուհետև՝ «Դիալոգ» ռուս-հայկական հասարակական կազմակերպության տնօրեն Յուրի Նավոյանը, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովը, դաշնակահար, ՌԴ ժողովրդական արտիստ Յուրի Ռոզումը, ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ամիր Բիլյալիտդինովը։
Իսկ դաշնամուրային կատարմամբ ներկայացավ ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գինդինը՝ նոր հրատարակության առաջին հատորում՝ կոմպոզիտորի «Էլեգիա» մանրանվագով:
Նշեմ, որ առաջին հատորն ամփոփում է Բաբաջանյանի կենդանության օրոք հրատարակված և հեղինակային կատարումներով ձայնագրված մենանվագ դաշնամուրային երկերը՝ «Պրելյուդ», «Վաղարշապատի պար», «Էքսպրոմտ», «Կապրիչո», «Պոլիֆոնիկ սոնատ», «Վեց պատկեր», «Մտորում», «Մեղեդի», «Հումորեսկ», «Էլեգիա»՝ Ա. Խաչատրյանի հիշատակին. հավելված բաժնում ներկայացված է ևս երկու մանրանվագ՝ «Պիոներական քայլերգ» և «Երիտասարդ հոտաղների պարը»:
Ի տարբերություն նախորդ հրատարակությունների՝ այս հրատարակությունը ներկայացնում է համալիր պատմագիտական և բնագրագիտական ուսումնասիրության արդյունք՝ քննական բնագրերով, որոնք պատրաստվել են երևանյան և մոսկովյան արխիվներում պահվող զանազան ձեռագրերի, ընտիր հրատարակությունների և հեղինակային ձայնագրությունների համալիր ուսումնասիրման հիման վրա։
Հատկապես ուզում եմ շեշտել, որ հատորը բացում է ՌԴ աշխատանքի հերոս, ՌԴ ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևի ողջույնի խոսքով։ Ասեմ նաև՝ Բաբաջանյանի երկերի ժողովածուի ստեղծման նախադրյալներն ու գիտախմբագրական սկզբունքները շարադրված են Արա Բաբաջանյանի և Յուրի Նավոյանի ներածական խոսքում։ «Խմբագրի կողմից» առաջաբանում էլ հատորի ստեղծման նախադրյալներն են՝ նախորդ հրատարակությունների առավելությունների և թերությունների հիշատակմամբ, ինչպես նաև բնագրերի պատրաստման սկզբունքները։
Հիմա՝ «Ծանոթագրությունների» բաժինը. այն իսկապես հարուստ է երկերի ստեղծմանը, առաջին կատարումներին, նախորդ ակնառու հրատարակություններին և այլ հետաքրքրական պատմական մանրամասներին վերաբերող ծավալուն ակնարկներով, ինչպես նաև բնագրերի պատրաստման համար օգտագործված աղբյուրների համադրության արդյունքում հայտնաբերված տարընթերցվածների նկարագրմամբ։ Բոլոր հատորների տպագրությունը ստանձնել է մոսկովյան «Կնիժնի միր» հրատարակչությունը։
Հավելեմ, որ հատորները միավորված են չորս ժանրային-թեմատիկ շարքի մեջ՝ ներառյալ հավելվածը, բազմաթիվ անտիպ և նորահայտ ստեղծագործություններով։ Գործիքային երկերը (այդ թվում՝ կոնցերտները) ամփոփող առաջին շարքի հատորներն ավարտի կհասցվեն և կհրատարակվեն մինչև տարեվերջ, իսկ ողջ ժողովածուն՝ առավելագույնը հինգ տարվա ընթացքում»։
Հետաքրքրվեցինք՝ Հայաստանում ծրագրվա՞ծ են անցկացնել շնորհանդեսներ։ Արտյոմ Անդրեասյանն ասաց. «Ներկայումս ծրագրվում են Բաբաջանյանի երկերի ժողովածուին նվիրված շնորհանդես-միջոցառումներ Երևանում և Վանաձորում»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Շնորհանդեսի լուսանկարները տրամադրել է Արտյոմ Անդրեասյանը։
























































