Ադրբեջանը ոչ միայն ոչնչացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը, այլ նաեւ պատմության բռնայուրացում է իրականացնում։ «Առավոտ»-ի հետ զրույցում այս հարցերին անդրադարձել է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը (լուսանկարում)։
Ի՞նչ է կատարվում Արցախի տարածքում, պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը ոչնչացրել կամ վանդալիզմի է ենթարկել հայկական եկեղեցիները, քանդել է ամբողջական բնակավայրեր, Ստեփանակերտի հին թաղամասերը։ Ստույգ տվյալներ չկան, թե ինչ վնասներ են հասցվել Արցախի հայկական ժառանգությանը։
Արմինե Հայրապետյանն ասում է, որ իրենց տեղեկություններն այնքանով են, որքանով Ադրբեջանը դա թույլ է տալիս։ «Ես վստահ եմ, որ ավերածությունները եւ կորուստներն ավելի շատ են, քան մենք տեղյակ ենք։ Այն, ինչը մտնում է Ադրբեջանի քարոզչության մեջ, այդ մասով մենք տեղեկանում ենք իրավիճակի մասին։ Իսկ Ադրբեջանն այսօր նաեւ հոգեբանական պատերազմ է վարում արցախցիների նկատմամբ՝ քանդելով արցախցիների տները, Արցախի բնակավայրերը, թաղամասերը։ Այսինքն՝ ինքը գործում է մեր ժողովրդի հավաքական հիշողության դեմ։ Նաեւ Արցախի տեղանուններն է փոխել։ Այսինքն՝ երբ փորձում ենք քարտեզի միջոցով որեւէ տվյալ իմանալ Արցախի մասին, մենք շատ դժվարությամբ ենք գտնում այս կամ այն բնակավայրը, որովհետեւ լրիվ ուրիշ անուններ են տրվել։ Սա նույնպես պայքարի մաս է կազմում, Արցախի ամբողջ նկարագիրը փոխում են՝ սկսած Արցախի պատմամշակութային ժառանգությունից, արտաքին տեսքից, անվանումներից, իսպառ վերացնում են այն ամենը, ինչ կապված է հայի ու հայկականության հետ։ Զուգահեռ մզկիթներ ու ադրբեջանական հուշարձաններ կառուցելով՝ իսլամացնում են հայկական տարածքը։ Ադրբեջանն այնպիսի բնակավայրերում է մզկիթներ կառուցում, որտեղ որեւէ ժամանակահատվածում մզկիթ չի եղել։ Որպես օրինակ կարող եմ նշել Հադրութը, Քարին տակը, Բերձորը։ Նույնիսկ խորհրդային տարիներին եւ դրանից առաջ այդ տարածքներում մզկիթներ գոյություն չեն ունեցել»,- ասում է Արմինե Հայրապետյանը։
Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ՝ Ադրբեջանը պատմության բռնայուրացում է իրականացնում։ Արցախի հայկական հոգեւոր ժառանգությունը՝ ի դեմս եկեղեցիների, վանքերի եւ խաչքարների, ներկայացվում է որպես «աղվանական»։ Իսկ աշխարհիկ շինությունները, օրինակ՝ մելիքական պալատները, բերդերը ներկայացնում են որպես «ադրբեջանական»։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը շատ ակտիվ կերպով աշխարհում քարոզում եւ արցախյան գորգերը ներկայացնում է որպես «ադրբեջանական»։ Նույնը կարելի է ասել ձիու ղարաբաղյան ցեղատեսակի մասին։ Անգամ արցախյան հայտնի ժենգլյալով հացն են ներկայացնում որպես ադրբեջանական։
Կարդացեք նաև
Եվ այս ամենը տեղի էն ունենում միջազգային հանրության լռության պայմաններում։
Արմինե Հայրապետյանի խոսքով՝ մշակույթը միշտ էլ զոհաբերվել է քաղաքական շահին։ «Նախքան Արցախի դեպքերը մենք նույն իրավիճակը տեսել ենք Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանում, նույն Ջուղայի հայկական գերեզմանոցի դեպքը հիշենք։ Նախիջեւանի հարյուրավոր եկեղեցիներից այսօր ոչ մեկը չկա։ Երբ ապրում էինք Արցախի մնացած կտորի վրա եւ փորձում էինք ՅՈւՆԵՍԿՕ-ին նամակներ գրել, ես հատուկ հույս չունեի։ Ադրբեջանի նավթն ու էներգետիկ ռեսուրսներն այսօր շատ ավելի են քրիստոնյա Եվրոպայի համար, քան քրիստոնեական արժեքները։ Ընդհանրապես արդի աշխարհում քաղաքական շահից բացի՝ ուրիշ արժեհամակարգ ես արդեն չեմ տեսնում»,- ասում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ երբ խոսում ենք միջազգային տոտալ լռության մասին, պետք է շեշտել նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործոնը, որոնք մաս են կազմում այդ լռությանը։ Այսօր ոչ արցախցի փախստականների իրավունքների համար կա պետական մակարդակով պայքար, ոչ էլ պատմամշակութային ժառանգության պահպանության մասով։ Արմինե Հայրապետյանի խոսքով՝ սա նշանակում է, որ Հայաստանն օտար երկրների նման կանաչ լույս է վառում Ադրբեջանի առաջ, եւ Ադրբեջանի ձեռքերն ազատ են՝ Արցախում անելու այն, ինչ կարող է։ «Կհաջողի՞ Ադրբեջանը, եթե վերցնենք Նախիջեւանի փորձը, պետք է ասենք՝ կհաջողի։ Բայց քանի դեռ սերունդ չի փոխվել, քանի դեռ մարդկանց հիշողությունը թարմ է, քանի դեռ արցախցիների վերադարձի հույսը մարած չէ, այս հանգրվանում դժվար է։ Բայցի այդ, նաեւ ֆիզիկապես է դժվար, որ Ադրբեջանը կարողանա Արցախի հազարավոր տարիների հայկական հետքը միանգամից ոչնչացնել։ Բայց ՀՀ կառավարության այս լռությունը, անտարբեր վարքագիծը որեւէ խոչընդոտ չի ստեղծում Ադրբեջանի համար, որպեսզի Արցախը հայազերծի եւ իսլամացնի»
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է անել այս պայմաններում, մասնավորապես, ի՞նչ անելիք ունեն արցախցիները, Արմինե Հայրապետյանն ասում է՝ միջազգային դատարաններ պետք է դիմել։ «Հաագայի դատարանը որոշում էր կայացրել Արցախի մասով, որ պետք է պատմամշակութային ժառանգությունը պահպանվի։ Բայց մենք գիտենք, որ ցանկացած որոշում իրականություն է դառնում, եթե այդ որոշման հետեւից գնում ես։ Բայց Հայաստանի իշխանությունների գնում են միջազգային դատարաններում եղած հայցերը հետ վերցնելու ճանապարհով, ինչը լավ մեսիջ է Ադրբեջանի իշխանություններին, որ կարող են հանգիստ շարունակել այն, ինչ այսօր անում են Արցախում»,- ասաց նա։
Իսկ արցախցիների անելիքը, Արմինե Հայրապետյանի խոսքով, այսօր Արցախի սուբյեկտայնությունը պահելն է։ Բոլոր արցախցիների անունից խոսող մի մարմին պետք է ձեւավորվի, նաեւ Արցախի շահերը պետք է ներկայացնի Արցախի իշխանությունը։ «Կան երկրներ, որոնք ինչ-որ հետաքրքրություն են ցուցաբերում Արցախի հարցում, օրինակ՝ Շվեյցարիան, այդ երկրների հետ պետք է սկսենք աշխատել։ Միջազգային կառույցները պետք է կապի դուրս գան արցախցիների կողմից ստեղծված այդ մարմնի հետ։ Այդ ժամանակ արդեն արցախցիները կտեսնեն, թե ինչ դուռ պետք է թակեն, ում հետ պետք է խոսեն։ Հիմա ոնց որ տան մեջ փակված ենք, սպասում ենք, որ հեռու-մոտիկ հարեւանները պետք է ինչ-որ բան անեն մեզ համար, բայց այդ հարեւանները տեղյակ չեն, թե մենք ինչ ենք ուզում»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































