17 տարի է՝ Հայաստանում անցկացվում է Ժամանակակից երաժշտության փառատոնը, որը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ հայ դասական եւ արդի կոմպոզիտորական արվեստը հայ ունկնդրին ներկայացնելու եւ հանրահռչակելու նպատակով։ Փառատոնի մեկնարկը տրվել է փետրվարի 21-ին, փառատոնը կտեւի մինչեւ մարտի 30-ը:
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշեց, որ Ժամանակակից երաժշտության փառատոնն այս տարվանից սկսած անցկացվում է նոր ձեւաչափով՝ ներառելով մեր հայ կոմպոզիտորների, 20-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործությունները եւ նրանց կողքին՝ ժամանակակից օտարերկրացի կոմպոզիտորների ստեղծագործությունները, մեծացնելով փառատոնի մասշտաբները:
Մեր հարցին՝ 17 տարի է, փառատոնը գոյություն ունի, ի՞նչ կարեւոր արձանագրումներ են արվել այս ընթացքում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը հետեւյալ կերպ պատասխանեց. «Փառատոնն իր գործունեությունը միայն համերգներով չի ծավալել, այս տարիներին մենք իրականացրել ենք 200-ից ավելի սիմֆոնիկ ստեղծագործությունների թվայնացում, միջազգային մեդիա հարթակներում տեղադրել ենք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հանրահռչակելով օտարերկրացի ունկնդիրների շրջանում, որը փառատոնից դուրս եւ փառատոնին զուգահեռ անընդհատ իրականացվել է Սիմֆոնիկ նվագախմբի կողմից»:
Կարդացեք նաև
Հարցրինք՝ որո՞նք են փառատոնի հետ կապված այս տարվա կարեւոր շեշտադրումները, պատասխանեց. «Այս տարի մեր փառատոնի համար մի քանի կարեւոր հանգամանք կա. առաջին՝ ունենք նոր ռազմավարական գործընկեր՝ GTB Holdings ընկերությունը, որը միացավ մեզ, որպեսզի այն մեծ ծավալով, որը մենք պատկերացնում ենք, կարողանանք իրականացնել միջազգային հանրահռչակումը: Առաջին անգամ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները թողարկվելու են հայտնի մեդիահարթակներում, մասնավորապես Universal Edition հրատարակչական հարթակում: Սա մեծ ձեռքբերում է, քանի որ մեր կոմպոզիտորները կարողանալու են ներկայանալ այս հեղինակավոր հարթակում, որտեղ աշխարհի լավագույն կոմպոզիտորներն են: Այդպիսով լուծվելու է ոչ միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգության պահպանման հարցը, այլեւ դա նպաստելու է նրանց ստեղծագործությունների հանրահռչակմանը՝ միջազգային տիրույթում:
Նշեմ, որ փառատոնի կողքին է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, միության հետ համատեղ է իրականացվում Ժամանակակից երաժշտության փառատոնը, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Ժամանակակից երաժշտության փառատոնի գործընկերներն են նաեւ Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն ու Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան (AMX)։ Նրանց համագործակցության արդյունքում կարողանում ենք հասանելիություն ունենալ մեր կոմպոզիտորների ստեղծագործություններին»:
Հարցրինք՝ կա մտայնություն, որ ժամանակակից կոմպոզիտորների գործերը դժվարամարս են, ընկալելի՝ միայն պատրաստված ունկնդրին, ինչպե՞ս է Սիմֆոնիկը կոտրում այս կարծրատիպը: Ի պատասխան՝ Սարգիս Բալբաբյանը նշեց. «Մեր նվագախմբի 20 տարիների աշխատանքի արդյունքում է, որ երիտասարդները սկսում են գալ նվագախմբի համերգներին: Ինչ վերաբերվում է ժամանակակից երաժշտությանը, այն ստեղծագործությունները, որոնք հնչում են փառատոնի ընթացքում, իսկապես մեծ արժեք ունեցող գործեր են, եւ յուրաքանչյուր ծրագիր այնպես է ընտրված, որ ամեն ունկնդիր միշտ գտնի այն ստեղծագործությունը, որն իր համար հաճելի է լսել»:
Ժամանակակից երաժշտության փառատոնը ներառում է 7 համերգ, որոնց շրջանակում պետք է 20 կոմպոզիտորի ստեղծագործություն ներկայացվի, հարցրինք, թե ինչպես են ընտրվել այդ կոմպոզիտորներն ու ստեղծագործությունները: Սարգիս Բալբաբյանը տեղեկացրեց, որ ընտրությունը կատարվել է Կոմպոզիտորների միության հետ, ընտրվել են այնպիսի ստեղծագործություններ, որոնք երկար տարիներ չեն հնչել, օրինակ` Ջոն Տեր-Թադեւոսյանի 100-ամյակն է այս տարի, եւ այդ առիթով նրա 4-րդ սիմֆոնիան է կատարվել, երիտասարդ կոմպոզիտորներից էլ Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան է կայացել: Նրա խոսքով, մի առանձին համերգ էլ նվիրված է Քշիշտոֆ Պենդերեցկու տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկայի հիշատակին, այդ առիթով Պենդերեցկու ստեղծագործություն էր ներառված փառատոնի ծրագրում, ինչպես նաեւ չեն մոռացել ավագ սերնդի կոմպոզիտորներին՝ Գեղունի Չթչյանին, Ալեքսանդր Աճեմյանին:
Դառնալով հայ կոմպոզիտորների եւ ընդհանրապես մեր կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակման կարեւորությանը՝ Բալբաբյանը փաստեց, որ հայ կոմպոզիտորները միշտ էլ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուշադրության կենտրոնում են. «Մենք մեր բազմաթիվ համերգներում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ենք հնչեցնում, տարածում միջազգային հարթակներում, իսկ ամենակարեւորը մեր կոմպոզիտորներին Հայաստանից դուրս ներկայացնելն է, որպեսզի հայտնի դիրիժորները եւ արտիստները հնարավորություն ունենան նրանց ստեղծագործություններին հասանելիություն ունենալու, հարթակ ստեղծվի, ու նրանց ստեղծագործությունները հնչեն Հայաստանից դուրս»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































