Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա էլ իմ հերթական պատմությունն է, որն ուզում եմ այս ձեւով պատմած լինել». գրականությամբ զբաղվելու Արտյոմ Երկանյանի երկրորդ փորձը

Մարտ 10,2026 17:44 Share

Երիտասարդ միլիոնատերը բնակություն է հաստատում փոքրիկ կղզում, որը կլիմայական փոփոխությունների հետեւանքով շուտով ջրի տակ է անցնելու: Իր կասկածելի, արկածախնդիր ծրագրերի շնորհիվ այդ մարդը մի քանի տարի անց դառնում է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Սակայն ամեն ինչի համար պետք է վճարել… Այս ամենը ներկայացված է լրագրող, վավերագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի նոր՝ «Закон Bра» նոր գրքում:

Արտյոմ Երկանյանը Հայաստանում հայտնի է իր հեղինակային հեռուստանախագծերով, հետաքննական ֆիլմերով եւ տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող մեկնաբանություններով։ Իսկ նրա այս գիրքը պատմություն է արկածախնդիր քաղաքական գործիչների եւ միամիտ, ռոմանտիկ հայրենասերների մասին:

Aravot.am-ը «Закон Bра» քաղաքական դրամայի մասին զրուցել է հեղինակի՝ Արտյոմ Երկանյանի հետ: «Սա գրականությամբ զբաղվելու իմ երկրորդ փորձն է, առաջինը տապալվեց Արցախյան երկրորդ պատերազմից հետո, որովհետեւ գրված գիրքը հենց այդ թեմայով էր, եւ անմիջապես կորցրեց իր արդիականությունը, որովհետև ես այն ավարտել էի օգոստոսին, ու բնական է, այլեւս տպագրելու տրամադրություն ու ցանկություն չունեի: Դրանից հետո ես մի քանի կինոսցենարներ եմ գրել, մի քանի տեղ առաջարկեցի այդ դրանք, այդ թվում՝ Ռուսաստանում ազգությամբ հայ կինոպրոդյուսերների: Հայտնի կինոպրոդյուսերներից մի քանիսը նայեցին, ասացին՝ շատ լավ պատմություններ են, բայց դրանց հիման վրա կինո նկարելու համար առնվազն մի քանի տասնյակ միլիոն դոլար անհրաժեշտ կլինի, ցանկալի է անգամ մի քանի հարյուր միլիոն դոլար: Եվ հասկացա, որ դա իրենց մասշտաբը չէ, ես էլ Հոլիվուդ դուրս գալու որեւէ հնարավորություն չունեմ, ու որպեսզի չկորի կոնկրետ այս պատմությունը՝ որոշեցի վերածել վեպի:

Ես հավակնություններ չունեմ, հասկանում եմ, որ լուրջ գրական ստեղծագործություն չէ, այլ պատմություն է, որը ինքնուրույն շարադրել եմ իմ ունեցած հնարավորություններով: Իմ նպատակը պատմությունը ներկայացնելն է: Այդպես նաեւ ֆիլմեր եմ նկարում, բայց դրանք որպես կինո չեմ ներկայացնում, դրանք իմ ֆիլմերն են այն ձեւով, որով ես եմ պատկերացնում: Նույնն էլ այս վեպն է, ուստի խնդրում եմ շատ խիստ չդատել, որովհետեւ ես ինձ գրողի տեղ չեմ դնում, գրողական հավակնություններ չունեմ, ես ինձ պատմություն պատմողի տեղ եմ դնում: Սա էլ իմ հերթական պատմությունն է, որն ուզում եմ այս ձեւով պատմած լինել»,-ասաց Արտյոմ Երկանյանը:

«Գրքի հերոսները մեր ժամանակակիցներն են, գործողությունները տեղի են ունենում Խաղաղ օվկիանոսում մի հեռավոր կղզում, որը կլիմայական փոփոխությունների արդյունքում անհետանալու է: Խելոք ընթերցողը կհասկանա, որ այնուամենայնիվ զուգահեռները տեղին են, քանի որ մեզ էլ են լուրջ սպառնալիքներ սպասվում: Այնպես որ՝ ով ինչպես ուզում է, թող հասկանա այդ զուգահեռները…Մենք էլ ենք նման մի փոքրիկ կղզու» ,-հավելում է Արտյոմը:

Ինչ վերաբերվում է գրքի «Закон Bра» վերնագրին՝ նշում է. «Գիրքը քաղաքական դրամա է ՝ քաղաքական դետեկտիվի տարրերով, իսկ Վրան հեթանոսական աստվածն է՝ կղզու բնակիչների ու պահպանողականության խորհրդանիշ, որից հրաժարվելը կարող է նույնպես վտանգավոր ողբերգությունների բերել: Զուգահեռները երեւի կհուշեն, որ եթե մի բան հազարամյակների ընթացքում պահպանել ես, ուրեմն պետք է պաշտպանես մինչեւ վերջ: Հույսս այն է, որ մտածող ընթերցողը կհասկանա, որ եթե սա տեղի է ունենում հեռավոր մի կղզում, ապա նույն խնդիրը մեզ մոտ եւս կարող է ծագել, եւ ինչ է անհրաժեշտ, որ այդ խնդրից խուսափենք»:

Արտյոմ Երկանյանը տեղեկացրեց նաեւ, որ այսուհետ այլ պատմություններ էլ է պատմելու՝ ֆիլմի, հոդվածի, գրական ստեղծագործության ձեւաչափով, հատկապես որ ունի պատրաստի մի քանի կինոսցենարներ, որոնք ֆիլմ չեն դարձել: Նա նշեց, որ տարվա վերջին այս գիրքը հնարավոր է հասու լինի նաեւ հայերենով: Նաեւ մի փոքր «փակագիծ» բացեց՝ «Закон Bра» գրքում ազգությամբ հայ հերոս եւս կա:

Հավելենք, որ գրքի շնորհանդեսը նախատեսված է մարտի 15-ին՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում, շնորհանդեսից հետո էլ նախատեսված է «Կանգուն» ռոք խմբի համերգը: Վերջինս Արտյոմ Երկանյանի որդու նվերն է՝ ցուցահանդեսի հյուրերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031