Սահմանին մոտ կառուցված թաքստոցները
Civilnet. Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը խոսել է նաև Վարդենիսի հատվածում Ադրբեջանի կառուցած «հատուկ թաքստոցների» մասին։ Նրա խոսքով՝ դրանք գտնվում են Հայաստանի սահմանից ընդամենը մի քանի մետր այն կողմ (կոորդինատները՝ 40°10’16.07″N 45°58’22.47″E)։
«Մինչև հուլիսի 31-ը (2025 խմբ.) սրանք գոյություն չեն ունեցել։ Օգոստոսի մինչև 19-ը արդեն արբանյակային լուսանկարներում նրանք կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ»- ասել է Թաթոյանը։
Իրականում Թաթոյանի նշած ամրաշինական կառույցները գոյություն են ունեցել նաև մինչև 2025-ի հուլիսը։ Դրանք հստակ տեսանելի են, օրինակ, 2025-ի հունիսի 19-ի արբանյակային լուսանկարներում։
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմը այս հատվածում դիրք էր կառուցել դեռևս 2022-ին, իսկ Թաթոյանի նշած թաքստոցները կառուցվել են այդ դիրքին կից՝ առանց իրավական սահմանը հատելու։ Միաժամանակ պետք է արձանագրել, որ ավելի վաղ կառուցված այդ դիրքի խրամատների մի մասը հատում է ՀՀ իրավական սահմանը։
Բացի այդ, մեր նախորդ հետաքննությունը ցույց էր տվել, որ Ադրբեջանը այս հատվածում ավելի խոր դիրքեր ունի ՀՀ տարածքում, իսկ նշված թաքստոցները գտնվում են դրանց թիկունքում։
Այսպիսով, #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Թաթոյանի ներկայացրած օրինակների մի մասը իսկապես վերաբերում է Հայաստանի դե յուրե տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերին կամ կառուցվածքներին։ Սակայն դրանց զգալի մասը չի կառուցվել 2025-ի հուլիս–օգոստոս ամիսներին, այլ գոյություն է ունեցել ավելի վաղ։ Այդ պատճառով դրանք կապել ԱՄՆ-ում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի հետ և ներկայացնել որպես այդ ժամանակահատվածում իրականացված գործողություններ մոլորեցնող է։
Միաժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պնդումն էլ, թե Թաթոյանը «ստում է», չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկայացված դեպքերում ադրբեջանական կողմը տվյալ հատվածներում իսկապես իրականացրել է աշխատանքներ, սակայն դրանցից որոշների ժամանակագրությունն է սխալ ներկայացվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:




















































