Գործարար Սմբատ Նասիբյանը դժվարանում է ներկայացնել հաշվարկներ, թե որքան է կազմում նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կողմից չկատարված պարտավորության ամբողջական չափը՝ տոկոսներով ու տույժերով։ «Մեծ գումարների մասին է խոսքը»,- Aravot.am-ին ասաց Նասիբյանը։
Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանի և Սմբատ Նասիբյանի միջև կնքված փոխառության պայմանագրով Ս․ Նասիբյանը Տ․ Արզաքանցյանին փոխառությամբ պետք է տար գումար, իսկ վերջինս էլ հետագայում պետք է վերադարձներ։ Փոխառության պայմանագրի հիման վրա 2013 թվականին Ս․ Նասիբյանը Միանձնյա արբիտրաժային տրիբունալ է դիմել ընդդեմ Տ․ Արզաքանցյանի՝ փոխառությամբ ենթադրաբար տրված ամբողջ գումարը ու ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված գումարը բռնագանձելու, գրավադրված գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջներով։
Նասիբյանն ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի, բացի սնանկության պահանջից, մեկ այլ հայց էլ է ներկայացրել զրպարտության մասով. «Հուսով եմ՝ քրեական գործ էլ կհարուցվի, որովհետև զրպարտել է՝ հայտարարելով, թե պարտքը տվել է, նման այլ սուտ բաներ է ասել»։
Պարտքի հնարավոր կարգավորման, հաշտության շուրջ բանակցություններ կամ փորձեր այս տարիների ընթացքում չի էլ եղել. Նասիբյանը անիմաստ է համարել։
Կարդացեք նաև
Սմբատ Նասիբյանից հետաքրքրվեցինք՝ ինչ գույք կամ ակտիվներ է ակնկալում, որ պարտքի մարման համար կօգտագործվեն, եթե դատարանները վերջնական հաստատեն սնանկության գործընթացը։ Ի պատասխան ասաց. «Մի ժամանակ հարկադիրն ասել էր, որ նա ակտիվներ չունի։ Բայց ինքը մի քանի ձեռնարկությունում հաշիվներ ունի։ Մի մեծ ձեռնարկություն էլ կա, որ չգիտեմ՝ ինչ արեց, մեծ ձեռնարկություն էր։ Եթե ինչ-որ տեղերից իր մասնակցությունը իր անունից հանել է, դա խարդախություն է։ Բայց եթե սնանկությունը բավարարվեց, նոր կորոշենք՝ ինչ ենք անելու»։
ՀՀ Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը դեռ 2022 թ. սեպտեմբերին ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին սնանկ էր ճանաչել։ Դրանից հետո գործը, պտտվելով տարբեր ատյաններում, կրկին ուղարկվել է ստորադաս ատյան՝ Սնանկության դատարան։ Թե ինչու է այս գործը կրկին վերադարձվել ստորադաս ատյան, ինչու է տարիներով ձգձգվում, Սմբատ Նասիբյանը պատասխանեց. «Նորմալ գնում էր, կարողացել է իրավական փոքր թուլություններ գտնել, բայց դա ոչ մի ձև չի խանգարում վերջնական գործընթացին հասնելուն»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































