«Հայաստանի համար ամենավատ տարբերակը այն է, որ այս պատերազմից հետո Իրանում իշխանափոխություն չլինի, և Իրանը թուլացած լինի։ Իսկ Իրանն արդեն թուլացած է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով փետրվարի 28-ին Իրանում սկսված իրադարձություններին ու Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցությանը։
Քաղաքագետի ներկայացմամբ՝ Իրանում ԱՄՆ-ի ակնկալիքներից մեկն էլ հենց իշխանափոխությունն է, որի համար ավելի շատ ջանքեր են պահանջվում։
«Եթե ԱՄՆ ակնկալիքները չստացվեն, վստահ եղեք, որ 3-րդ պատերազմն է լինելու։ Այդպիսով՝ Իրանում որքան շուտ լինեն փոփոխությունները, այնքան լավ այս երկրի ժողովրդի, տարածաշրջանի ու Հայաստանի համար»,- ասում է նա։
Արա Պապյանը չի հավատում ընդդիմադիրների այն խոսքերին, թե TRIPP ճանապարհով ԱՄՆ-ն ցանկանում է նաև գործակալական որոշ գործունեություն ծավալել Հայաստանում՝ ընդդեմ Իրանի։ Եվ անհիմն է համարում նրանց այն պնդումները, թե լավ է, որ այդ ուղին կառուցված չէ՝ Իրանն այս պատերազմի ժամանակ կհարվածեր նաև դրան։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա քաղաքագետը գտնում է, որ TRIPP-ը նրա համար է, որպեսզի Վրաստանից կախվածությունը թուլացնի։ Վրաստանը միակ ճանապարհն էր Թուրքիայի հետ կապ հաստատելու համար։ TRIPP-ը կլինի երկրորդը։
«Բայց սա էլ ավելի երկար է ու թանկ։ Ավելի կարճ ու հարմար է Ղազախ-Իջևան տարբերակը, բայց դրա համար էլ պետք է նորոգել այդ հատվածի երկաթգիծն ու կառուցել Ֆեոլոտովոյի 22 կմ երկարությամբ երկաթգիծը»,- հավելում է Արա Պապյանը։
Բայց վերջինիս համոզմամբ, դա կարող է իրականություն դառնալ, երբ Իրանում լինի իշխանափոխություն ու երբ Արևմուտքի համար առաջնային ցամաքային ճանապարհը լինի Իրանով՝ Հայաստանի վրայով դեպի Վրաստան։
«Այդ դեպքում Ադրբեջանին կստիպեն բացել Նախիջևանի հատվածը։ Եթե այդպես չեղավ, մենք չենք կարող Ադրբեջանին ստիպել։ Բայց ես այս սցենարը 70-80 տոկոսով հավանական եմ համարում»,- եզրափակել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































