Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի բռնված ու էկոնոմիկայի նախարարի անգործությունից դժգոհած քաղաքացին զարմացած է վարչապետի՝ խոսքը բերանում թողնելուց ու հեռանալուց

Մարտ 10,2026 23:20 Share

2 օր առաջ Արթիկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած ու էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին քննադատած Ազատան գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանը զարմացած է, որ կառավարության անդամները ցանկություն չունեն լսելու քաղաքացիների խնդիրներն ու լուծում տալու։ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած կարճ զրույցի ժամանակ Գևորգ Սիմոնյանը դժգոհել էր էկոնոմիկայի նախարարության անգործությունից, պատմել, որ 2025 թվականին անասունների շրջանում դաբաղ է տարածվել, ինքը 4-5 միլիոն դրամի վնաս է կրել, և որ իր անունից կեղծիք է կատարվել, որի պատճառով էլ թույլ չի տվել իր անասուններին պատվաստելու։

Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ կանչեց իր հետ շրջայցի դուրս եկած էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, սակայն միաժամանակ դժգոհեց, որ քաղաքացին բարդ է խոսում, ու կիսատ թողնելով զրույցը, քաղաքացուն մեղադրելով ու եզրահանգելով, թե «թույլ չեք տվել պատվաստելու կենդանիներին, դրա համար էլ սատկել են», հեռացավ։

Վարչապետի հետ հանդիպումից անմիջապես հետո Գևորգ Սիմոնյանը դիմել էր Aravot.am-ին՝ խնդրելով բարձրաձայնել իր խնդիրը, որը նրա ձևակերպմամբ՝ մինչև վերջ չցանկացան լսել կառավարության անդամները։

Նա մեկ անգամ ևս պնդեց, որ էկոնոմիկայի նախարարությունը բացարձակ անգործության է մատնված․ մատը մատին չի խփում ու պատմեց, թե ինչ կեղծիք է կատարվել իր անունից, որը, սակայն, չտեսնելու են տալիս։

Ազատանի բնակիչն ասաց՝ 2025 թվականին Շիրակի մարզի տարբեր գյուղերում համաճարակ է բռնկվել, որը օգոստոսի կեսերին հասել է Ազատան գյուղ։

Ըստ նրա, մեկ տարվա կտրվածքով կենդանիների համար նախատեսված 8 տարբեր միջոցառումներ պիտի կատարվեն․ սեպտեմբերի 10-ին, իմանալով, որ իրենց գյուղ են եկել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, գնացել է ու հետաքրքրվել, թե ինչու իր կենդանիներին չեն պատվաստել, ինչու բոլոր միջոցառումները չեն կատարվել։

ՍԱՏՄ-ի ներկայացուցիչները, նայելով իրենց մոտ եղած փաստաթղթերը, ասել են, որ կատարել են առաջին կիսամյակի բոլոր 4 միջոցառումները։ Անակնկալի եկած բնակիչը խնդրել է ցույց տալ իր ստորագրությունը, որով ապացուցվում է համապատասխան միջոցառումների կատարված լինելը։

Ցույց են տվել, ու պարզվել է, որ Գևորգ Սիմոնյանի ստորագրությունը չէ, այդ ստորագրությունը իր ընտանիքի անդամներից և ոչ մեկին չի պատկանել։ Նա խնդրել է իր հորեղբոր ընտանիքին պատկանող անասունների համար նախատեսված միջոցառումների մասին ևս տեղեկատվություն տալ։ ՍԱՏՄ-ի մոտ առկա փաստաթղթերում, ըստ մեր զրուցակցի, նշված է եղել, որ 17 կենդանու են պատվաստել, մինչդեռ հորեղբոր ընտանիքը ընդամենը 5 կենդանի ունի։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներին հրավիրեցի հորեղբորս տնտեսություն՝ տեսնելու՝ 17 կենդանի կա՞, թե՞ չկա։ Գնացինք, տեսան, որ փաստացի 5 կենդանի էր։ Ստուգեցին նաև իրենց փաստաթղթերում առկա ստորագրության իսկությունը՝ համեմատելով անձնագրերում եղած ստորագրության հետ, անձնագրերից տվյալներ վերցրեցին ու գնացին։

Նոյեմբերի 12-ին անասնաբույժը եկավ պատվաստելու, ես հրաժարվեցի, ասացի՝ բացատրություններ եմ պահանջում կատարված խարդախության վերաբերյալ։ Պատասխանեց՝ ես բացատրություն տվող չեմ, բացատրություն պահանջեք սննդամթերքի անվտանգության տեսչությունից ու այլ գերատեսչություններից։

Նոյեմբերի 13-ին ես դիմեցի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առ այն, որ նոյեմբերի 12-ին եկել են միջոցառում կատարելու, ես հրաժարվել եմ, քանի որ կեղծիքներ են կատարվել ու սպասում եմ բացատրության։ Պատասխանեցին՝ սպասեք, կտեղեկացնենք, դրանից հետո ոչ մի տեղեկություն չեմ ստացել։

Նոյեմբերի 28-ին նամակ եմ ուղղել Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին՝ մասնագետներին հրավիրելու ու քննարկելու համար, թե ինչու անասունները «բիրկավորված» չեն, ինչու են փաստաթղթերի կեղծում կատարվել։ Մինչ օրս ՍԱՏՄ-ից որևէ մեկի հանդիպում չեմ ունեցել»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեսնելով, որ ոչ մի պատասխան չի ստանում, Գևորգ Սիմոնյանը որոշել է դեկտեմբերի 7-ին գալ Գյումրի ու նամակ փոխանցել «Սուրբ Յոթ վերք» եկեղեցում պատարագի մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակը թիկնազորին է հանձնել, որից հետո դեկտեմբերի 17-ին էկոնոմիկայի նախարարությունից, մարզպետարանից ու համայնքապետարանից ներկայացուցիչներ են եկել, հրավիրել են իրեն քննարկման։

«Անասնաբուժասանիտարական ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն ինձ ասաց՝ դուք պետք է պատրաստ լինեիք էսպիսի վնասների։ Ասի՝ ինչպես պատրաստ լինեմ, ես 50 միլիոն տարեկան չեմ աշխատում, որ պատրաստ լինեմ 5 միլիոն վնասի»,- ասում է Գևորգ Սիմոնյանը։

Նա ասում է, որ հենց այս կեղծիքի մասին էր ուզում պատմել վարչապետին, սակայն նա չուզեց մինչև վերջ լսել։ Իսկ էկոնոմիկայի նախարարը, որի հետ հունվար ամսին քաղաքացին առիթ ունեցել էր հանդիպել ու որը խոստացել էր լուծում տալ խնդրին, այդպես էլ ոչինչ չի արել։ Ավելին, ըստ մեր զրուցակցի, նախարարը իրեն զրպարտել է, հայտարարել է, թե անասուններ ունենալը թաքցնելով՝ նպաստառու է դարձել։

«Պարոն Պապոյանը մեղքը իմ վրա է բարդում, ասում էր, թե ես նպաստառու եմ, այսինքն՝ թաքցրել եմ անասուններին, որ կարողանամ նպաստ ստանալ։ Պարոն Պապոյան, ձեզանից պահանջում եմ ստուգել, նոր խոսել, պարոն Թորոսյանը թող նայի՝ ես նպաստառու եմ, թե՞ ոչ, ես նպաստառու լինել չեմ էլ կարող։

Հունվարի 30-ին ես եղել եմ էկոնոմիկայի նախարարի մոտ, մի փոքր զրուցել ենք, ասել է՝ քեզ ուղղորդում եմ փոխնախարար Տաթևիկ Ասատրյանի մոտ։ Վերջինս մի քանի րոպե լսեց, ասաց՝ ես հանդիպումներ ունեմ, պիտի գնամ, պայմանավորվածություններ ունեմ, կկազմակերպեմ ձեր հետ հանդիպում, կզրուցենք, կքննարկենք, դրանից հետո ոչ զանգ եմ ստացել, ոչ էլ որևէ հանդիպում ու քննարկում է եղել իմ հետ։ Տեսնելով, որ ձայն չկա, որոշեցի հանդիպել վարչապետին ու տեղեկացնել՝ տեսնեմ գիտի՞ անարդար գործունեության մասին։

Հանդիպեցի, արտաքուստ երևում էր, որ ջերմ է, բայց հենց խոսում էի, մի բան էր ասում՝ «եղբայր, բարդ ես բացատրում, բարդ ես բացատրում»։

Եղբայրը, պարոն վարչապետ, ամեն օր հանդիպում չի ունենում պաշտոնատար անձանց հետ լրագրողների կամ այլ անձանց ներկայությամբ։ Կողքից ծիծաղում էին, փորձում այնպես անել, որ չլսի ինձ, էկոնոմիկայի նախարարն էլ հայտարարեց, թե դուք չեք թողել, ձեր անասուններին չեն պատվաստել։ Վարչապետն էլ եկավ այն եզրահանգման, որ չենք թողելու պատվաստելու, դրա համար էլ կենդանիները սատկել են։

Գիտեք ինչ, պարոն վարչապետ, թեկուզև բարդ էի բացատրում, բայց լսեիք իմ բարդ բացատրածը, ոչ թե թողնեիք, գնայիք։ Այո, ես կաշկանդված էի, բայց դուք եկել եք իշխանության, որ բարդ բացատրողին էլ լսեք, ես կեղծիքի մասին էի ահազանգում, դուք չեք ուզում լսել։ Ես չեմ թողել իմ կենդանիներին պատվաստեն, որովհետև կեղծիք է կատարվել, իմ փոխարեն ստորագրել են, դա կեղծիք չէ՞։ Ես չեմ դիմել իրավապահներին, չեմ էլ դիմելու, դա իրենց գործունեության շրջանակում է, թող իրենք դիմեն ու պարզեն»։

Նա պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի էկոնոմիկայի նախարար, բացարձակ անգործության է մատնված․ համաճարակ է բռնկվում, ոչինչ չեն անում․ իրենց անգործության հետևանքով տարածվում է ողջ հանրապետությունում, կանխարգելիչ միջոցառումներ չկան․ հետագայում էլ կարանտին չեն հայտարարում։

Ավելին, ըստ մեր զրուցակցի, ՀՀ-ի տարածքում անասունների գլխաքանակը զգալիորեն նվազել է՝ 260 հազար գլխաքանակից դառնալով 200-205 հազար։ Գյուղացիները, ըստ նրա, հրաժարվում են կենդանիներ պահելուց։

«Կոնկրետ էկոնոմիկայի նախարարությունն այսօրվա դրությամբ անգործության է մատնված, ասել եմ ու կասեմ՝ Շիրակի մարզում անասնապահությունը կաթվածահար վիճակում է։ Ես պիտի շեշտեմ, որ ոչ մի կուսակցության հետևից գնացող չեմ, ինձ չի հետաքրքրում ոչ մի ուժ, ինձ չեն հետաքրքրում իրենց ընտրությունները, իրենց քարոզարշավը, ես գնացել եմ ինձ հետաքրքրող հարցն ուղղելու երկրի վարչապետին։ Երկրի ղեկավարը թիվ մեկ ամբիոնից ասում է՝ աշխատեք, ապրեք, ես ձեր փոխարեն չպետք է աշխատեմ։ Ես աշխատում եմ, պարոն վարչապետ, հնարավորություն տալի՞ս եք ապրելու»,- հարցնում է Գևորգ Սիմոնյանը։

Նա ցույց տվեց նաև պետական պաշտոնյաներին, այդ թվում վարչապետին հասցեագրված նամակները։ Դրանցից մի քանիսը հրապարակում ենք (տես փաստաթղթերում)։

«Իմ բարձրաձայնած հարցերի պատասխանները մինչև օրս չեմ ստացել»,- դժգոհում է մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031