Ծիծեռնակաբերդի վերանորոգվող, քարուքանդ տեսքը աչք է ծակում, անընդհատ ստիպում մտածել մի ոճրագործության մասին, որը մինչ օրս մնաց ամբողջապես չդատապարտված աշխարհի կողմից, չնայած 35 երկրների կողմից ընդունմանը, եւ չընդունված հենց իր՝ ոճրագործի կողմից, որի սերունդները կրում ու կրելու են պապենական հանցանքի խարանը, որի ժխտումը նոր արհավիրքների համար լայն դարպասներ է բացել ու ազատ գործելու իրավունք տվել նորօրյա բռնակալներին։ Հայոց ցեղասպանության հարցը նաեւ խեղդապարան է Թուրքիո վզին՝ եվրոպական եւ ոչ միայն այդ երկրների ձեռքին, որը ըստ շահերի բախման ձգվում է եւ թուլանում ըստ հարմարության ու շահերի համընկնման։ Մեզ՝ աշխարհասփյուռ հայերիս մնում է մնալ պահանջատեր ամեն գնով, պահել հիշողությունը, հասնել արդարության, որի համար դեռ բավարար սերունդ ունենք աշխարհով մեկ, ով գիտի իրականությունն ու պատրաստված է հարցը պաշտպանելու եւ անդադար ներկայացնելու։
Ֆրանսաբնակ հայուհի Լիանա Մարգարյանը մեկն է նրանցից, ում համար Հայոց ցեղասպանության հարցը ամենօրյա աշխատանք ու ջանքեր պահանջող բնագավառ է, Լիանան Ֆրանսիայում հայտնի է որպես մեծ լսարան ունեցող հայ բլոգեր, լրագրող եւ քաղաքագետ, ում գործունեության շուրջ մեր զրույցը տեղի ունեցավ Հայաստան–Ֆրանսիա օնլայն կապով։
–Հարգարժան Լիանա, Ձեզ չեն վախեցրել անգամ գորշ գայլերի սպառնալիքները, բազմաթիվ հետապնդումները, որտեղի՞ց այդ կամքի ուժն ու անվախ ոգին, որտեղի՞ց են Ձեր պապերը, արմատները մինչեւ ո՞ւր են տանում։
–Պապերս գաղթել են Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառի Սղունդ գյուղից։ Մեծ պապս Գորգիսն է, ով մազապուրծ էր եղել, կորցրել իր ամբողջ գերդաստանը, ընտանիքը, երեխաներին եւ մի քանի սասունցիների հետ հասել Արեւելյան Հայաստան։ Եկել են մի վայր, որտեղ ջուր է ցայտել, դա տեսնելով ասել են «վժան», հիմնասյուներ են դրել աղբյուրի կողքին։ Մեծ պապս գյուղի առաջին աղբյուրն է հիմնել, որը կոչվում էր «Գորգիսի աղբյուր»։ Նրա գործը շարունակել է պապիկս, այնուհետեւ հայրս… Նրանք գյուղի ջրային տնտեսությունն են ղեկավարել ու ղեկավարում են մինչ այսօր։ Վժան կոչված վայրը ներկայիս Ուջանն է։ Պատմությունները բազմազան են։ Կռվող ու խենթ ժողովուրդ են եղել, Անդրանիկ զորավարի կողքին կանգնել, զինվոր անդամագրվել, պայքարել ու մեծ սխրանքներ են գործել։ Նաեւ պատմում էին, որ մեծ հարստություն ու ոսկիներ են թաքցրել իրենց տներում ու հաճախ պատմում էին, թե որ հատվածներում էին թողել։ Արմատներով ուջանցի-սասունցի եմ, բնավության գծերով նման Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառից գաղթած իմ պապերին. կամային, չհանձնվող, աշխատասեր, սկզբունքային ու մի քիչ էլ ծուռ: Ուջանը Հայաստանի կոլորիտայան գյուղերից մեկն է, որտեղ դաստիարակության հիմնասյունը ազգայինն է: Հայրենասիրական-ազգագրական երգ ու պար, ժողովրդական ծիսակարգեր, բարեկամական ջերմ ու թասիբով հարաբերություններ, ճոխ հյուրասիրություն ու արժեքներ, անսասան արժեհամակարգ: Այս ամենն ինքնըստինքյան դառնում են ինքնաճանաչության, հայաճանաչության, տեսակի ձեւավորման հիմք: Ես իմ ողջ գիտակցական կյանքում իմացել եմ, որ սասունցի-ուջանցիները խիզախ են եղել, անգամ սովետական ռեժիմից չեն վախեցել եւ կանգնեցրել են զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանը, երբ նրա անունն անգամ արգելված էր արտաբերել։ 10 տարի շարունակ զենքով պաշտպանել են արձանը զօր ու գիշեր, որ չքանդեն: Բարձր ինքնագնահատական է ձեւավորում, երբ գիտես ինչ կենսագրության կրող են պապերդ ու դու նրանց շարունակությունն ես:
Կարդացեք նաև
–Ինչպե՞ս հայտնվեցիք Ֆրանսիայում։ Մասնագիտությամբ ո՞վ եք։
–Առաջին անգամ եվրոպական երկիր՝ Պրահա եղել եմ ուսանողական ծրագրի շնորհիվ, որ ինձ օգնեց ճամփորդել եվրոպական գրեթե բոլոր երկրներում եւ ճանաչել հայկական արմատներն ամենուր: Իսկ մշտական բնակություն հաստատել եմ ճակատագրի բերումով: Երբեւէ չեմ պատկերացրել իմ կյանքը Հայաստանից հեռու, երբ արդեն ունեի բարձրագույն կրթություն, մանկավարժի աշխատանք եւ ուսման ու կարիերայի մեծ հեռանկարներ իմ երկրում, բայց 22 տարեկանից ապրում եմ Փարիզում: Դժվար էր համակերպվել նոր միջավայրին։ Բայց ինձ համար առաջնային էր նոր միջավայրում կրկին բարձրագույն կրթության ձգտել ու փորձել հայկական հետքեր փնտրել: Համայնքը ճանաչել եմ Փարիզի արվարձանային քաղաքից՝ հետագայում ձգտելով փարիզյան հայ համայնքային կյանքին ծանոթանալ: Սկզբից դժվար եմ ընդունվել համայնքի կողմից: Գուցե գիտակցումն այնպիսին էր, որ սեփական ամբիցիաներ ունեցող հայ աղջիկ է, բայց հետագայում նրանց համար էլ պարզ դարձավ, որ ինձ համար ազգային ու պետականամետ սկզբունքները վեր են ցանկացած անձնական ամբիցիայից: Միշտ աներեր սկզբունքով կանգնած եմ եղել համայնքային կարեւոր իրադարձությունների կողքին եւ ձեւավորել եմ հստակ կերպար, դիրք ու դեր, որ կարողանում եմ պետական մակարդակով լսելի դարձնել մեր ձայնը արդեն 7 տարի: Դա տարիների անդուլ աշխատանք է, ինքնակրթություն, սկզբունքներ ու հայաճանաչություն, համարձակություն:
–Որոշումը զբաղվելու Հայոց ցեղասպանություն վերապրածների ներկա սերնդի ներկայացուցիչներին գտնելու եւ ներկայացնելու այդ ձեռնարկը ինչպե՞ս ծնվեց, ո՞րն էր սկիզբը։
–Սփյուռքի մեծ ու կարեւոր գործերը իրականացնում են կամավոր անհատներ, որոնց համար սկզբունքային է հայաճանաչությունը, հայրենիքը եւ նրանց նվիրումը շատ ազնիվ ու անկեղծ է: Իհարկե, կան անձնական ամբիցիաներին հագուրդ տվող կերպարներ, բայց նրանք ժամանակի ընթացքում զտվում են, իսկ սփյուռքի կայուն ու սկզբունքային կորիզն անընդմեջ աշխատում ու արարում է ի նպաստ հայրենիքի։ Ամենից մեծ հայ համայնքներից մեկում եմ, որ բազմաշերտ է, բայց կայուն ու ազդեցիկ: Ֆրանսիական հարթակում այնքան գրագետ ու կիրթ նկարագիր ունի հայ համայնքը, որ քո ազգությունը երբեք չի կարող խոչընդոտ հանդիսանալ քո նկարագիրը ներկայացնելու ժամանակ: Ազնավուրի կերպարը ֆրանսիական հարթակում զուգահեռվում է հայ համայնքի ազնիվ աշխատանքի հետ: Մենք հարգում ենք Ֆրանսիան, ազնիվ աշխատանք ու նվիրում տալիս, բայց նաեւ նրա հզոր լծակները միջազգային հարթակներում փորձում ենք օգտագործել մեր հայրենիքի ձայնը լսելի դարձնելու համար: Այն գիտակցումն ենք ուզում առաջ տանել, որ քաղաքակրթության այս հզորագույն ու հնագույն բնօրրանն իր ստեղծարար ժողովրդի հետ պետք է հավերժություն քայլի եւ սա անհրաժեշտություն է:
–Անշուշտ, հանդիպում եք մարդկանց, որոնք արմատներով եւ արյունով, ազգանվամբ հայ լինելով ծնվել եւ մեծացել են այլ երկրում, հայրենիքի զգացողությունն ինչպիսի՞ն է իրենց մոտ, եթե մեկ բառով նկարագրելու լինեինք՝ ինչպե՞ս կանվանեիք այն։
–Պահանջատիրություն, որ զուգորդվում է ցավին: Գիտակցումն այն է, որ մեր պապերն ուղղակի չեն հայտնվել Ֆրանսիայում, նորից ստեղծել կյանք ու առօրյա, դա Մեծ Եղեռնից փախուստի արդյունք է: Սփյուռքի հայ սերունդն այս պատասխանատվության զգացումն ունի: Սա վրեժ չէ, այլ գիտակցում, որ 20-րդ դարի մեծագույն հանցագործությունը պետք է դատապարտվի: Եվ սփյուռքի դաստիարակության հիմքը սա է բոլոր կրթական օջախներում:
–Անպայմանորեն հայկական գենը տվել է իր հայտնի անունները Ֆրանսիայում, ովքեր հետամուտ են հայկական հարցին, հատկապես ո՞ր քայլերը կառանձնացնեիք։
–Առաջին անունն է Շառլ Ազնավուր: Երբ ներկայանում ենք ու չեն ճանաչում մեր ազգությունն, ասում ենք անմիջապես, ինչպես Շառլ Ազնավուրը, մենք հայ ենք: Մենք շատ ազդեցիկ կերպարներ ունենք: Ֆրանսիական դիմադրության հերոս Միսակ Մանուշյանը, որի աճյունը վերջերս կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունի հետ տեղափոխվեց Պանթեոն, Ֆրանսիայի պատմության հզորագույն կերպարների կողքին: Դա հզոր քայլ էր երկու երկրների դարավոր բարեկանությունը հաստատելու համար: Պետական կառավարման համակարգում մենք մշտապես ունենք կարեւոր ներկայացուցիչներ (նախարարներ, քաղաքապետեր եւ այլն), հզոր կրթական-մշակութային օջախներ: Ֆրանսիայի պատմությունը հարուստ է հայ հզորագույն դեպքերով ու դեմքերով: Թուրքիայի, իսկ արդ նաեւ Ադրբեջանի ժխտողական քաղաքականությունը մշտապես օրակարգային հարց է ե՛ւ Ֆրանսիայի կառավարության ու արտաքին քաղաքականության համար, ե՛ւ համայքնի համար: Հայ համայնքը մշտապես մեծածավալ գործունեություն է ծավալում այս հարցն անընդմեջ օրակարգում պահելու համար: Վերջին տարիների հաջողություններից է, որ արգելվեց թուրքական ծայրահեղականների՝ «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում, դրան զուգահեռ որպես Հայոց ցեղասպանությունն ընդունած եւ դատապարտող պետություն Ֆրանսիան օրենք ընդունեց, որ Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի Ֆրանսիայի ցանկացած քաղաքացի, դա անվիճարկելի հարց է: Այս ամբողջ մթնոլորտում, իհարկե չենք բացառում Ֆրանսիայի պետական շահը, չի կարող այս գործընթացը սպառվել կամ դեռ երկար տարիներ օրակարգում չլինել՝ ներկայությամբ հզոր հայ համայնքի:
–Ի՞նչ եք կարծում՝ մեկ–երկու սերունդ հետո Հայոց ցեղասպանության ու Հայկական հարցի հանդեպ սփյուռքում հայկական զարկերակը նույնչա՞փ զգայուն կլինի, ի՞նչ է պետք, որպեսզի մինչ արդարության ժամը կարողանանք մնալ նույնքան վճռական ու նախանձախնդիր։
–Արցախյան պատերազմի օրերին Ֆրանսիան գրեթե միակ պետությունն էր, որ հավատարիմ մնալով իր մարդասիրական գաղափարներին ու դերին աշխարհում, անընդմեջ փորձում էր զսպանակի դեր կատարել, պետական մակարդակով այցերին զուգահեռվում էին Ազգայի ժողովում ու Սենատում դատապարտող բանաձեւերի ընդունումը, ՄԱԿ-ում ու ԵՄ-ում հարցի քննարկումն ու կոչերը, Հայ համայնքի պահանջատիրությունը: Այժմ էլ Արցախի էթնիկ զտումները, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապատելը դարձել են Ֆրանսիական կարեւոր օղակների համար առանցքային: Հստակ պահանջ է դրված Էթնիկ բնակչության վերադարձի հարցը Արցախ: Պետական տարբեր հարթակներում, որքան էլ քաղաքական հայացքները բազմաբեւեռ են, այս հարցի շուրջ միանշանակ է մոտեցումը եւ արձագանքը։
–Հայոց ցեղասպանության հարցն ու այդ ոճիրը իրականացրած պետության ժխտողականության իրողությունը վաղուց դուրս է միայն մեր ազգի հարցն ու խնդիրը լինելու իրականությունից, այն համամարդկային թեմա է, նրա ընդունումը քաղաքական շահ լինելուց զատ, նաեւ տարբեր քաղաքակիրթ համարվող երկրների մարդկության դեմ իրականացված ոճիրները կանխարգելելու իրավական ակտ ու գործընթաց։ Ի՞նչ փոփոխություններ են զգացվում, քաղաքական վայրիվերումները իրենց ազդեցությամբ ո՞ր մակարդակի վրա են պահում այդ հարցը հիմա, երբ պատերազմների ու մարդկային զոհերի սարսափելի ժամանակներ է ապրում աշխարհը։
–Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի դեմ իրագործված մեծագույն հանցանքները պետք է դատապարտվեն, համարժեք գնահատականի արժանանան միջազգային հանրության կողմից: Պետք է գիտակցումը լինի, որ եթե նմանաբնույթ հանցագործությունները չդատապարտվեն, ապա դրանք շարունակական բնույթ կկրեն եւ ապագայում վտանգ կդառնան բոլորի համար: Թուրքիայի զավթողական քաղաքականությունը կանգ չի առնելու եւ Արեւմուտքը դա գիտակցելով ոչ միայն զսպանակի դեր կատարելու համար պետք է Հայկական հարցը, Արցախի հարցը առաջ բերի, այլեւ դատապարտի ու համապատասխան գործողություններ իրականացնի: Համայնքն այժմ հստակ առաջ է քաշում եւ աշխատում մի քանի ուղղություններով: Հայ քաղբանտարկյալների ազատ արձակում Բաքվի բանտերից, Արցախի բնիկ բնակչության վերադարձ եւ թուրք-ադրբեջանական տանդեմի դատապարտում: Համայնքային կարեւոր կառույց է CCAF (France-ը), որ ենթակառուցվածքներ ունի Լիոնում, Մարսելում եւ մի շարք խոշոր քաղաքներում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը եւ մի շարք խոշոր կառույցներ, որոնք ակտիվ համագործակցում են ե՛ւ պետական կառույցների հետ, նաեւ խողովակ են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը: Ես հավատում եմ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփյուռքում գործող հայ երիտասարդների ուժին ու կորովին, համոզված եմ, որ մեր գենետիկ ուժն ու համառությունը մեզ կտանի հավերժություն:
–Եղե՞լ են ձեր գործունեությունը խոչընդոտող դրվագներ։
–Մեկ տարի շարունակ եղել եմ հսկողության տակ, քանի որ արցախյան պատերազմի օրերին, երբ իմ միջազգային լսարանը մեծ էր թվիթերյան հարթակում, հրապարակումներս պատերազմի մասին կիսվում եւ տարածում էին շատ հեղինակավոր մարդիկ, այդ օրերին սկսեցի տարաբնույթ սպառնալիքներ ստանալ, անվանազրկման փորձեր, կեղծ հրապարակումներ, տարաբնույթ զանգեր, «Գորշ գայլերի» սպառնալիքները։ Ցանկացած փորձ օդ է ցնդում, երբ կա կայուն բնավորություն, հստակ արժեհամակարգ, հեշտ չէ պայքարել սկզբունքների համար, պետք է մեծ էներգիա եւ կամքի ուժ։
–Աշխարհաքաղաքական փոփոխությունների պարագայում, երբ Հայոց ցեղասպանությունը տարբեր երկրների ձեռքին զուտ Թուրքիան որպես իրենց դաշնակից, կամակատար պահելու մի պարան է, որը պարբերաբար ձգվում է ու սեղմվում, երբ պետք է այդ երկրների արտաքին ու ներքին շահերին, ի՞նչ պետք է անել, որպեսզի չվերածվենք խաղալիքի նման զգայուն հարցով, այլ հասնել կոնկրետ նպատակի։ Հայաստանի ազդակը 44-օրյա պատերազմից հետո գրեթե կենդանության նշույլ չի ցույց տալիս այս հարցի վերաբերյալ, սա ինչպե՞ս է ընկալվում դրսից, նոր վեկտրի գոյության սկի՞զբ հայ–թուրքական բարեկամության, թե՞ պարտություն՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր ասույթի տրամաբանության մեջ։
–Հայոց ցեղասպանության հարցն ու Հայկական հարցը չի կարող երբեք օրակարգից դուրս լինել ՀԱՅ մարդու համար։ Դա մեր գոյության կարեւոր նախադրյալն է։ Իմ աշխատանքի ժամանակ տեսել եմ, թե ինչպես են համաշխարհային քաղաքական գործիչները Հայոց ցեղասպանությունը դարձնում իրենց համար խաղաքարտ, ինչպես են այդ հարցը օգտագործում հայ համայնքից որոշակի օգուտ քաղելու համար, բայց կան սկզբունքային քաղաքական գործիչներ, որոնք այս հարցին տալիս են միջազգային հնչեղություն, առաջ տանում, ստիպում, որ պետությունը հստակ քայլեր իրականացնի հարցին իրավական լուծում տալու համար։ Քանի որ գործունեությունս չի սահմանափակվում ֆրանսիական լսարանով, աշխատում եմ սփյուռքի գրեթե բոլոր խոշոր կառույցների հետ, գիտեմ որքան մոտիվացված է հայ երիտասարդությունը, որքան կամային պայքար ունեն իրենց դաստիարակության խորքում, որքան հստակ պահանջատիրության տեր են։ Արցախյան պատերազմը ավելի հստակեցրեց մեր պատկերացումները, որ ժխտողական քաղաքականության դեմ պայքարելով ու մեր հստակ պահանջներն առաջ տանելով մենք կկարողանանք կայանալ որպես հզոր պետություն ու փորձենք ձգտել խաղաղության, հակառակ դեպքում մեզ կլուծարեն։ Դժվար է պայքարել պետությունների դեմ, որոնք հայատյաց քաղաքականություն են վարում, որի ժողովուրդն ատելություն ունի քո դեմ։ Պետություն, որ միջազգային ցանկացած լծակ գնում է փողով, մեր պայքարն է բացահայտել ու կանխել այդ բոլոր գործողությունները։ Օրինակ, Փարիզի ընտրությունների ժամանակ թեկնածություն ունի Ռախիդա Դաթին, որ ադրբեջանամետ քաղաքական գործիչ է, այժմ Մշակույթի նախարար, բայց անասելի մեծ կաշառքներ է վերցրել Ադրբեջանից հայկական լոբբին տապալելու համար։ Ահա այսպիսի դեպքերի դեմ է նաեւ սփյուռքի պայքարը։
–Ապրիլի 24-ին ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Ֆրանսիայում։
–Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Փարիզի քաղաքապետը ընդունելություն է կազմակերպում քաղաքապետարանում, համայնքի կարեւոր ներկայացուցիչների համար, Կոմիտասի արձանի մոտ, Երեւանի պուրակում Ֆրանսիայի նախագահը, կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղի է ունենում քայլերթ։ Տարբեր քաղաքներում համայնքային կառույցները հարգանքի տուրք են մատուցում՝ գլխավորությամբ տեղական պաշտոնյաների։ Ոճիրը դատապարտող հայտարարություններով են հանդես գալիս ղեկավար, մշակութային եւ հասարակական կերպարներ։
Հարցազրույցը՝ արվեստաբան Արմինե ՄԵԼԻՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
10.03.2026























































