Factor. 300 դպրոց և 500 մանկապարտեզ․ սա կրթության ոլորտում կառավարության, թերևս, ամենագովազդված ծրագիրն է։
Խոստացված 300 դպրոցից հիմնանորոգվել կամ վերանորոգվել է ավելի քան 100-ը, 500 մանկապարտեզից ու նախակրթարանից՝ 280-ը: Տվյալները մեզ տրամադրել է ԿԳՄՍ նախարարությունը։ Սա այն դեպքում, երբ ծրագիրը նախատեսվում էր ավարտել 2026 թվականի ընթացքում։
Նախատեսվում էր մինչև 2026 թվականը 3-5 տարեկան երեխաների առնվազն 85 տոկոսին ընգրկել նախադպրոցական հաստատություններում։ Այս ցուցանիշը ևս դեռևս չի ապահովվել։ 2025 թվականի ավարտի դրությամբ ընդգրկվածությունը կազմել է 81 տոկոս։
«Դպրոցի շենքը, դպրոցի ներսի հարդարանք, լսարանների ժամանակակից լինելը, դասասենյակների, լաբորատորիաների հագեցվածությունը, փորձեր անելու հնարավորությունը, շատ, շատ կարևոր է։ Դա իրականում ավելի հեշտ է իրականացնել, քան բարեվարքության հարցը լուծելը, քան կրթության որակի հարցը լուծելը»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ԵՊՀ դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Դավիթ Ամիրյանը։
Կարդացեք նաև
Շեշտը դրվում է ոչ թե բովանդակության, այլ ձևի վրա, նշում է կրթության փորձագետը։ Ասում է՝ արվում է այն, ինչը տեսանելի է, ինչը հնարավորություն է տալիս ընտրությունից ընտրություն ազդել հանրային կարծիքի վրա։ Փորձագետը կրթության ոլորտի հետ կապված ավելի վճռական քայլեր է ակնկալում։
«Եթե ուսուցիչը վիրավորում է, սպառնում է, նեղացնում է, մենք չենք կարող խոսել բարեվարքության մասին։ Տվյալ ուսուցիչը չի կարող որակյալ կրթություն ապահովել։ Սա շատ դժվար է անել։ Սրա համար պետք են հեղափոխական, վիրաբուժական միջամտություններ։ Ոչ մի իշխանություն չի ուզում դա անի, որովհետև դա իր ընտրության, ուրեմն, գնահատականի վրա, իր ռեյտինգի վրա թողնելու է բացասական ազդեցություն»,- նշեց փորձագետը։
Դավիթ Ամիրյանի խոսքով՝ կրթության համակարգը մինչև 2018-ի հեղափոխությունն ընկալվում էր որպես իշխանության կողմից զավթված և ստորադասված ինստիտուտ։ Փորձագետի կարծիքով համակարգային խնդիրներից չի հաջողվել ձերբազատվել:
Եվգենյա Համբարձումյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































