Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Չկա կոնսենսուսային փաստաթուղթ՝ ոչ ռազմավարության, ոչ էլ գործողությունների ծրագրի հետ կապված»․ կրթության փորձագետ

Մարտ 01,2023 14:16

«Ես չգիտեմ՝ ինչքանով է արդյունավետ խոսել կրթության ռազմավարության կամ գործողությունների ծրագրի մասին այն ձեւաչափերով, որ տեղի են ունենում։ Իմ կարծիքով՝ մենք ընկել ենք մի շրջանի մեջ, որտեղ կա մի փաստաթուղթ, որի մասին ուղղակի խոսում ենք։ Մինչդեռ իրականում, եթե մի փոքր կողքից ենք նայում, գուցե այդ փաստաթղթի կարիքն իսկապես չունենք»,- «Մեդիա կենտրոնում» կայացած «Կրթության զարգացման պետական ծրագիր. ի՞նչ արդյունքներ ենք ակնկալում» թեմայով քննարկման ժամանակ նշեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, անկախ փորձագետ Դավիթ Ամիրյանը՝ խոսելով «ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի մասին։

Նրա խոսքով, այդ փաստաթուղթը ոչ մի խնդիր չի լուծում․ «Մեր շեշտադրումներն ու քննարկումները պետք է ուրիշ կողմից անենք՝ թե հարցերը, որոնք պետք է քննարկվեն կրթության հետ կապված, թե ձեւաչափերը, որոնք պետք է լինեն բացարձակապես ուրիշ։ Հավանաբար պետք է մոռանանք այն ամենը, ինչ որ կա, եւ նոր սկսենք խոսել»։

Դավիթ Ամիրյան

Ինչ վերաբերվում է գործողությունների ծրագրի քննարկումներին, այս մասին էլ Դավիթ Ամիրյանը նշեց․ «Դեկտեմբերին՝ ռազմավարությունը ընդունվելու ժամանակ կամ դրան զուգահեռ՝ Ազգային Ժողովում լսումներ եղան։ Այդ ժամանակ ԿԳՄՍ փոխնախարարը խոստացավ, որ կլինեն շատ լուրջ հանրային քննարկումներ՝ գործողությունների ծրագրի հետ կապված։ Ես մասնակցել եմ երկու քննարկումների, որոնք նույն ձեւաչափով էին։ ԿԳՄՍ նախարարությունը համապատասխան ոլորտային փոխնախարարների դեմքով ներկայացնում էր գործողությունների ծրագիրը, հետո բոլորը շատ զբաղված գնում էին տարբեր գործերի, ով էլ որ մնում էր, հարցերի մի մասին կարողանում էր պատասխանել, մյուս մասին՝ ոչ։ Եվ ստացվում էր, որ շատ փոքր հետաքրքրված համայնք կա, այդ համայնքում ամեն մեկն ինչ-որ խնդրի շուրջ մասնագիտացած իր մտահոգությունն էր հայտնում, իսկ ԿԳՄՍ նախարարությունից ստանում էիր պատասխան, որ այս գործողությունների ծրագիրը լուծելու է այդ խնդիրները»։

Դավիթ Ամիրյանի պնդմամբ, խոսքով, քննարկում չի եղել․ «Որպես այդպիսին՝ լսել կարծիքներ, փորձել երկու կողմով լուծում գտնել, չկա․․․Միգուցե դա է պետական կառավարման ձեւը, որ համապատասխան նախարարությունն ամեն ինչ գիտի, գիտի բոլոր խնդիրների պատասխանները, տեսնում է ճանապարհները՝ ուր են տանում։ Բայց կան ակնհայտ խնդիրներ, որոնք որեւէ կերպ արձանագրված չեն, եւ դրանց լուծումը, որ պահանջվում է այսօր, ոչ թե մինչեւ 2030 թվականը, ոչ մի տեղ չկա։ Նաեւ չենք կարող ունենալ հաջողություն, եթե բոլոր կողմերը՝ պատվիրատուն, շահառուն, մասնակիցը, ներգրաված չեն խնդիրների քննարկման եւ լուծումները գտնելու գործընթացում։ Մենք չունենք կոնսենսուսային փաստաթուղթ՝ ոչ ռազմավարության, ոչ էլ գործողություների ծրագրի հետ կապված»։

Արտակ Քյուրումյան

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը նշեց, որ տարիներ շարունակ հետեւել է պետական կառավարման համակարգի կողմից ընդունվող որոշումներին, իրականացվող քաղաքականությանը եւ արդեն կես տարի է՝ դադարեցրել է որեւէ առաջարկ ներկայացնելը։ «Այս փաստաթղթին էլ ծանոթացել եմ այն բանից հետո, երբ զանգել, հրավիրել եք քննարկման։ Ուղղակի անիմաստ է ժամանակ հատկացնել, ուսումնասիրել այս փաստաթղթերը, առաջարկություններ ներկայացնել, որովհետեւ դրանք միեւնույն է՝ չեն ընդունվում։ Սա զգալի չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ գործելաոճը բացարձակապես չի փոխվել։ Գրեթե բոլոր ճյուղային նախարարությունները որդեգրել են նախորդ իշխանությունների գործելաոճը, եւ նույն փաստաթղթերը, նույն ձեւաչափերով, նույն ռազմավարությունները, նույն գործողությունների ծրագրերը, գրեթե նույն բովանդակությամբ, նույն բառապաշարով պատրաստում, հաստատում եւ ընդունում են։ Իհարկե, մի քանի հարցերի կան առանձին անդրադարձեր․․․»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031